Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն ամերիկյան Frontera ընկերությանն առաջարկում է վեճը լուծել բանակցություններով
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ամերիկյան «Frontera» ընկերությանն առաջարկում է վեճը փոխզիջմամբ լուծել․ խոսքը հանդիպման և որոշակի պայմաններով աշխատանքը վերսկսելու իրավունքի տրամադրման մասին է։
Նախարարությունն ընկերությանն առաջարկել է բանակցություններ անցկացնել և շարունակել համագործակցությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ սենատորներն ու կոնգրեսականները նամակ են գրել պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ անհանգստություն արտահայտելով Վրաստանում արևմտյան բիզնեսի հետապնդման առթիվ։ Ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր, որ վրացական պետության և Frontera–ի միջև վեճն արբիտրաժային դատարանը լուծել է հօգուտ Վրաստանի, և ընկերության հետ այլևս պայմանավորվելու բան չկա։
Ի՞նչ է նշանակում էկոնոմիկայի նախարարության առաջարկը
Փոխնախարար Դավիթ Տվալաբեիշվիլին հայտարարել է, որ պետության և ամերիկյան ընկերության միջև վեճը միջազգային արբիտրաժային դատարանում լուծվել է երկու ամիս առաջ հօգուտ վրացական կողմի։
«Մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել ընկերության հետ և ջանալ փոխզիջում գտնել, որպեսզի հնարավոր լինի շարունակել աշխատանքը Frontera–ին պատկանող հանքերում որոշակի պայմաններով՝ իհարկե, համապատասխան երաշխիք ստանալով։ Այդ առնչությամբ կոչ ենք անում Frontera ընկերությանը հանդիպում անցկացնել այս հարցերի քննարկման համար», — ասել է Տվալաբեիշվիլին։
Ի՞նչ է հայտնի Frontera ընկերության և պետության հետ նրա վեճի մասին
Frontera–ն ամերիկյան նավթա– և գազաարդյունահանող ընկերություն է, որը Վրաստանում աշխատում է 1997 թ–ից։ Այդ ընթացքում ընկերությունը բազմիցս հայտարարել է գազի արժեքավոր հանքերի հայտնաբերման մասին։
- Վրաստանը երես է թեքում Արևմուտքից և դառնում ռուսամե՞տ։ Ամերիկացի սենատորների նամակն ԱՄՆ պետքարտուղարին
- Ամերիկյան Frontera ընկերությունը Վրաստանին մեղադրում է համաամերիկյան տրամադրությունների համար
Սակայն ընկերության և պետության միջև վեճ էր առաջացել ընկերության կողմից պայմանագրի կատարման շուրջ։
Ըստ Վրաստանի նավթի և գազի պետական գործակալության տվյալների՝ արբիտրաժային դատարանը Frontera–ի կողմից պայմանագրի զգալի խախտում էր արձանագրել և ընկերությանը պարտավորեցրել 6 մլն դոլար վճարել վրացական կողմին։
Իր կողմից Frontera–ն պնդում է, որ կառավարությունը ստում է, և արբիտրաժայի վեճը լուծվել է հօգուտ ընկերության։ Սակայն կողմերից ոչ ոք չի հրապարակում վեճի էությունը և արբիտրաժի վճիռը։
Frontera–ն հիշատակվում է մայիսի 15–ին ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների՝ ԱՄՆ պետքարտուղարին և ֆինանսների նախարարին հասցեագրված նամակում, որում խոսվում է խնդիրների մասին, որոնց բախվում են ամերիկյան ներդրողները Վրաստանում։
Հունիսի 2–ին ընկերության ղեկավարները նամակ էին հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, որում ասվում է, որ Վրաստանի գործարար միջավայրը վատթարացել է, երկրի իշխանությունները չեն ճանաչում օրենքի գերակայությունն ու դատարանը որպես զենք են օգտագործում։
Նամակում նրանք կոչ էին արել վարչապետին շարունակել համագործակցությունն ընկերության հետ, ինչը «հուսադրող ազդակ կարող է լինել ամերիկյան ընկերությունների համար»։