Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում
2025 թվականից սկսած Վրաստանում կբարձրանան վարչապետի, բոլոր նախարարների և նախագահի աշխատավարձերը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն խորհրդարան է ներկայացրել օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելու մասին նախագիծ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն դա բացատրել է նրանով, որ «քաղաքացիական ծառայության համակարգում կոռուպցիան կանխարգելելու համար պետք է լինեն ռացիոնալ աշխատավարձեր»:
«Վրացական երազանքի» նախագիծն առաջարկում է պաշտոնյաների խրախուսման կոնկրետ գործակիցներ, որոնց արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան։
Ամենաբարձր գործակիցը սահմանվել է նախագահի և վարչապետի համար։
● Նրանց աշխատավարձը լինելու է նույնը՝ տարեկան 160 հազար լարի [մոտ 28 հազար դոլար]։
● Նախագահի աշխատավարձը կավելանա կրկնակի՝ 75 հազար լարիով [մոտ 28 հազար դոլար]։
● Վարչապետի աշխատավարձը կավելանա գրեթե 73 տոկոսով՝ տարեկան աշխատավարձին կգումարվի 118 հազար լարի [մոտ 45 հազար դոլար]։
● Նախարարների աշխատավարձերը կբարձրանան միջինում երկու անգամ՝ 50-70 հազար լարիով [մոտ 20-26 հազար դոլար] և կկազմեն միջինում 136 հազար լարի [մոտ 50 հազար դոլար]։
Այս փոփոխությունը չի տարածվի գործող նախագահ Զուրաբիշվիլիի վրա, քանի որ որոշումն ուժի մեջ է մտնելու ընտրություններից հետո։
«Որպեսզի մարդն ավելի քիչ գայթակղություններ ունենա, պետք է նվազեցնել դրանց հավանականությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ռացիոնալ աշխատավարձեր տրամադրել, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նման թեմաների շուրջ միշտ շահարկումներ են լինում, բայց գլխավորն այն է, որ պետությունը կոռուպցիայի կանխարգելման համար ճիշտ չափանիշներ սահմանի»,- ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։