Վրաստանը պատերազմ է հայտարարում ՃՏՊ-ին
Վրաստանի ՆԳՆ նախաձեռնությամբ, վրացական օրենսդրությունը պետք է մի շարք փոփոխություններ կրի, որոնք բավականին ցավոտ կլինեն տեղի վարորդների համար, սակայն վտանգը էականորեն կկրճատեն: Ահա հիմնական ծրագրվող նորամուծություններն ու դրանց անհրաժեշտության բացատրությունը:
Աջ ղեկով մեքենա
Սահմանափակվում է դրանց ներմուծումը: Այս սահմանափակումը սկսելու է գործել 2016թ. մարտին և այն ոչ թե նշանակում է բոլոր աջակողմյան ղեկով մեքենաների արգելք, այլ դրանք գրանցելու արգելք: Այսինքն, այսուհետ դռները փակվում են այն մարդկանց համար, ովքեր ծրագրում էին աջ ղեկով էժան ավտոմեքենա գնել հաջորդ տարի, այլ ոչ թե նրանց, ովքեր դա հասցրել են անել արդեն այս տարի:
Աջ ղեկով մեքենաները մինչ այժմ Վրաստանում մեծ պահանջարկ էին վայելում, դրանք տեղական ավտոշուկայի ողջ տեսականու կեսն են զբաղեցնում: Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը չի գերազանցում 10%-ը: Փոփոխությունների նախաձեռնողները կարծում են, որ ձախակողմյան երթևեկություն ունեցող երկրում մեծ քանակությամբ աջ ղեկով մեքենաների առկայությունը բավականին վտանգավոր է:
Գաղտնի վերահսկողություն
Նախաձեռնությունն այդքան էլ միանշանակ չէ. երթևեկությանը հետևելու են հատուկ ոստիկանական մեքենաներ առանց տարբերակիչ նշանների: Այսինքն, ոստիկանությունը վերահսկելու է երթևեկությունը բեռնատարի, հացատարի կամ դպրոցական ավտոբուսի միջոցով՝ նկարահանող սարքերի միջոցով արձանագրելով բոլոր խախտումները հետագայում փոստով խախտում կատարած վարորդին տուգանք ու խախտման մանրամասն նկարագրություն ուղերկելու համար:
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին JAMnews-ին մեկնաբանեց՝ ինչու են այդ միջոցներն անհրաժեշտ: «Օրինակ, վարորդներն արդեն վաղուց գիտեն բոլոր արագաչափերի տեղն ու իջեցնում են մեքենայի արագությունը [անխղճորեն խախտելով այդ օրենքը մնացած դեպքերում]: Ի դեպ, մենք այդ արագաչափերը նույնպես ուզում ենք շարժական դարձնել: Այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի վարորդն իմանա, որ իրեն կարող են վերահսկել ոչ միայն այն ժամանակ, երբ նա անցնում է արագաչափի կամ ոստիկանական մեքենայի կողքով: Նրանց իրոք կարող են վերահսկել ամբողջ ժամանակ»:
Վարորդական իրավունքներ ստանալն այժմ շատ ավելի դժվար կլինի
Ամենագլխավոր բարդությունը համարվում է ոչ թե նախատեսված հրապարակում, այլ քաղաքում քննություն հանձնելը: Այսինքն, 5-10 դասաժամերի ընթացքում մեքենան կայանել, բարձրանալ-իջնել, ավտոտնակ մուտք գործել սովորելու փոխարեն ապագա վարորդը պետք է կարողանա ապացուցել, որ կարող է մեքենա վարել քաղաքում իրական երթևկության մեջ:
Վրաստանում նորաթուխ վարորդի համար դա բարդ խնդիր է, այդ պատճառով էլ պատասխանատու վարորդներն, ովքեր հեշտությամբ վարորդական իրավունք են ստացել, սովորաբար շարունակում են մասնագետից դասեր վերցնել՝ քաղաքում վարել սովորելու համար: Ի դեպ, ոչ բոլորն են հետագայում կարողանում այն վարել: Ամենատպավորվողները, տեսնելով, թե ինչ է կատարվում ճանապարհներին, ընդհանրապես հրաժարվում են ղեկին նստել:
“Ես այժմ ոչ մի կոնկրետ ամսաթվեր չեմ նշի, սակայն այդ նորամուծությունն անպայման կիրառվելու է. դա Եվրամիության հանդեպ Վրաստանի ստանձնած պարտավորությունն է ասոցացման համաձայնագրի շրջանակում, — ասաց փոխնախարարը:
Վարորդական վկայականի վավերականության ժամկետը կախված կլինի այն բանից, թե ինչպիսի վարորդ եք դուք
Հունվարի 1-ից ՆԳՆ նոր համակարգ է ներմուծում, համաձայն որի, բոլոր վարորդները 100-բալանոց սանդղակով գնահատվում են: Համակարգն այսպես է գործելու. ենթադրենք, վարորդը խախտում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները: Պետավտոտեսուչը ոչ միայն տուգանք է դուրս գրում, այլ նաև որոշակի բալեր է հանում: Որքան հաճախ ու լուրջ է խախտումը, այնքան շուտ են ծախսվում բալերը: Հենց դրանք հավասարվում են զրոյի, վկայականը անվավեր է դառնում: Հետևաբար, վարորդը կրկին պետք է քննություն հանձնի:
Արդյո՞ք այդ փոփոխություններն անհրաժեշտ են
Անկասկած: Եվ եթե նայենք Վրաստանում երթևեկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, պարզ է դառնում, որ կանոնները պետք է ավելի խիստ լինեն: Վրացական “Միություն հանուն անվտանգ ճանապարհների վիճակագրական կազմակերպության տվյալներով, նախորդ տարի Վրաստանում ավտովթարից 500-ից ավել մարդ է մահացել: Այստեղ 100 հազ. մարդուց նվազագույնը վեց հոգի մահանում է ավտովթարի արդյունքում: Սա գերազանցում է եվրոպական ցուցանիշները գրեթե կրկնակի:
Վրացի վարորդները չեն հետևում այնպիսի տարրական կանոնների, ինչպիսին է հետիոտնին անցումներում զիջելը. հարցված վարորդների 76 տոկոսը խոստովանել են, որ չեն զիջում:
58 տոկոսը խոստովանել են, որ պարբերաբար խախտում են երթևեկության կանոնները, 60 տոկոսը թույլատրվածից արագ են վարում մեքենան, ընդ որում հարցվածների ընդամենը 28 տոկոսն է տուգանվել արագություն գերազանցելու համար:
Սակայն հետիոտնները նույնպես չեն զիջում վարորդներին. հարցված հետիոտնների 53 տոկոսը ճանապարհն անցնում է չնախատեսված վայրով: