Վրաստանը (կրկին) առանց կուսակցությունների է
«Ազգային շարժումը» բաժանվեց աղմուկով և սկանդալով: Դա ընտանիքի քայքայում էր հիշեցնում, երբ դրա անդամները հարևաններին ինչ-որ բան ցույց տալու համար, միմյանց վիրավորելով, իրար վրա թավաներ ու կաթսաներ են նետում: Սակայն ժամանակն է այդ աղմուկը մոռանալու: Այսպիսի հարցադրում անենք. ի՞նչ է փոխվել վրացական քաղաքական լանդշաֆտում այդ պառակտումից հետո:
Հենց միանգամից էլ պատասխանենք այն հարցին, թե ինչպիսին է այդ լանդշաֆտը: Ինչո՞վ է այն նման կամ տարբերվում զարգացած ժողովրդավարական լանդշաֆտներից: Զարգացվածության կարևորագույն ցուցանիշներից մեկը քաղաքական կուսակցությունների համակարգն է:
Կայացած ժողովրդավարությունները հենվում են ուժեղ և կայուն կուսակցությունների վրա (չնայած որ վերջերս նրանք էլ բավականաչափ խնդիրներ ունեն այս հարցի հետ կապված, ինչը խոսակցություններ է ծնում ժողովրդավարության ճգնաժամի մասին). մենք չունենք կուսակցություններ և երբեք էլ չենք ունեցել:
«Ազգային շարժման» հետ կապված սկանդալն իրերի նման դասավորության հերթական ապացույցը դարձավ: Այն կարելի է ներառել հոկտեմբերյան ընտրություններից հետո կուսակցությունների զանգվածային ինքնասպանության համատեքստ: Արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո փլուզվեցին «Ազգային դեմոկրատներ» և «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունները, որոնք հստակ հավատում էին, որ կարող են հաղթահարել 5 տոկոս շեմը, և չի կարելի ասել, որ շատ էին հեռու այդ նպատակից:
Փլուզվեցին նաև «հանրապետականները», որոնք երբեք շանսեր չունեին, սակայն ոմանք նրանց այնուամենայնիվ վերաբերվում էին որպես մի ուժի, որի հետ պետք է հաշվի նստել: Ահա այսպիսի խոցելի և նեվրոտիկ կուսակցություններ ունենք. պարտության շոկը չեն կարողանում հաղթահարել:
«Ազգային շարժումն» այնուամենայնիվ մի փոքր այլ բան է. այն միշտ հույս էր ներշնչում, որ իսկական կուսակցություն է: Այն առաջինն է կարողացել 3 քաղաքական ցիկլ անցնել. կազմավորվել է որպես ընդդիմադիր շարժում, դարձել է իշխող կուսակցություն և վերջում կարողացել է իշխանության կորուստ վերապրել, չնայած որ նոր կառավարությունն իր գլխավոր նպատակը կուսակցության ամբողջական փլուզումն էր համարում: Այդպիսի ձեռբերմամբ ոչ ոք չի կարող գլուխ գովել:
Վերջին խորհրդարանական ընտրություններին կրած պարտությունը բնականաբար հիասթափեցրեց, սակայն արդյունքն օբյեկտիվորեն այնքան էլ վատը չէր. կուսակցությունը գրեթե միակն ընդդիմադիրն էր և ապագայի լավ հեռանկարներ էր պահպանել:
Սակայն պետք էր հանձնել ամենաբարդ և ցավոտ քննությունն՝ առաջնորդի հարցը: Իրական քաղաքական կշիռ ունեցող ցանկացած վրացական կուսակցություն ստեղծվում է մեկ ուժեղ առաջնորդի անձի շուրջ և նրանից կախված կազմակերպություն է: Ընտրողների մեծ մասն, «Ազգային շարժում» ասելով, Սահակաշվիլիին էր պատկերացնում: Նա կուսակցության ուժը (քանի որ Միշան բազմաթիվ կողմնակիցներ ունի) ու միաժամանակ թուլությունն էր համարվում: Թուլությունը ոչ թե այն պատճառով, որ շատերին Միշան նյարդայնացնում էր, այլ քանի որ մի մարդուց կախված կուսակցությունն ինքնին թույլ է, իսկ խիստ հաշվարկով՝ ընդհանրապես կուսակցություն չէ:
Եթե առաջնորդի հետ ինչ-որ բան է տեղի ունենում, դա անհապաղ արտացոլվում էր կուսակցության վրա (ինչպես Էդուարդ Շևարդնաձեի կամ Ասլան Աբաշիձեի կազմակերպությունների դեպքում, երբ նրանք հեռացան) կամ այն միմյանց դիմակայող և տանել չկարողացող մասերի է բաժանվում (ինչպես առանց Զվիադ Գամսախուրդիայի մնացած «զվիադականները»):
Վերջին տարիներին «Ազգային շարժման» ամենախոցելի տեղն առաջնորդի խնդիրը դարձավ: Վրացական քաղաքացիությունը կորցնելուց և ուկրաինական քաղաքականություն մտնելուց հետո Սահակաշվիլին պաշտոնապես իրավունք չուներ ղեկավարելու կուսակցությունը, իսկ փաստացի այդ գործառույթը նրան դժվարությամբ էր տրվում: Ո՞վ պետք է իր վրա վերցներ այդ դերը:
Թբիլիսյան ղեկավարությունը (որոնց հիմա պառակտիչներ են անվանում) մտածում էր, թե ինչպես կուսակցությունը վերածել եվրոպական տեսակի կազմակերպության, որի առաջնահերթությունները սկբունքն ու ընթացակարգերն են, այլ ոչ թե մեկ (թեկուզ վաստակավոր և հայտնի) անձի կամքը: Նրանց կարծիքով, դա կուսակցությունից Սահակաշվիլիին հեռացնել չէր նշանակելու. նա պահպանելու էր խորհրդանշական առաջնորդի դիրքը, սակայն ոչ իրական կառավարումը:
Պարադոքսն այն է, որ մեկ մարդուց կուսակցության կախվածության ելքը կախված էր հենց այդ մարդու՝ Միխայիլ Սահակաշվիլիի բարի կամքից: Դա հենց սկզբում նախանշեց «պառակտիչների» դիրքորոշման հիմնարար թուլությունը, իսկ այսօրվա դիրքերից ցուցադրում է նրանց մտածողության միամտությունը. իսկ ինչո՞ւ պետք է Սահակաշվիլին հրաժարվեր սեփական կուսակցության վերահսկողությունից: Իրականում այդ տարբերակը նրա անձնական շահերի տեսանկյունից այնքան էլ պարտվողական չէր:
Իրականում նա դժվարանում էր ղեկավարել կուսակցությունը, և դա խանգարում էր Ուկրաինայում նրա գործունեությանը: 2016թ-ի ընտրություններին հաղթելու շանսը չնչին էր (Սահակաշվիլին ինքը դրան չէր հավատում), այդ պատճառով էլ կուսակցական գործունեության համար պատասխանատվությունն օբյեկտիվորեն նրա շահերից չէր բխում:
Մարտավարական տեսանկյունից շահեկան էր թվում հետևյալ տարբերակը. թույլ տալ, որ վրացի ժողովուրդը լիովին զգա «Վրացական երազանքի» քղաքականությանը պտուղները, այդ ժամանակ մարդիկ կսկսեին կարոտել Միշայի ղեկավարման ոսկե ժամանակները: Եթե այդպիսի ժամանակներ գային, «Ազգային շարժումը» որպես ամենահամոզիչ քաղաքական ուժ մեծամասնության համար կշարունակեր ասոցացվել հենց Սահակաշվիլիի հետ:
Սակայն Սահակաշվիլիի հաշվարկներն այլ էին: Պառակտման պատճառը ոչ միայն անձնական նկրտումներն էին (չնայած առանց դրա քաղաքականություն երբեք էլ գոյություն չի ունեցել), ավելացան նաև ռազմավարական հայացքներում առկա տարբերությունները. հավանաբար Սահակաշվիլին չի հավատում, որ Իվանիշվիլին ընտրությունների միջոցով կհեռանա (ինչպես իր մասին էր մտածում ընդդիմությունը), այդ պատճառով էլ «Ազգային շարժումը» պետք է փոխակերպվեր զանգվածային բողոքի կուսակցության և մոտեցներ «Վրացական երազանքի» անխուսափելի անկումը, և հեղափոխական սցենարով տիրեր իշխանությանը: Առանց դրա անհասկանալի է դառնում 2016թ-ի արդյունքերը չընդունելու պատճառն ու խորհրդարանի աշխատանքին չմասնակցելու առաջարկը:
«Պառակտիչները» տեսականորեն չեն հերքում, որ այդպիսի սցենար մի օր կարելի է կիրառել, սակայն այս փուլում վրացական հասարակությունում հեղափոխոկան տրամադրություններ չեն նկատվում: Ավելին, նրանց կարծիքով, չափազանց արմատական հռետորաբանությունն ու մարտավարությունն օգնեց Իվանիշվիլիի կառավարությանը վախեցնել ընտրողներին ապակայունացմամբ, որը սադրում է «Ազգային շարժումը»:
Հենց դրան էր ուղղված «Վրացական երազանքի» իրական ընտրական ուղերձը. «Հնարավոր է, մենք առանձնահատուկ ձեռքբերումներ չունենք, սակայն եթե կոնֆլիկտներ և քաոս չեք ուզում, կրկին պետք է մեր օգտին քվեարկեք»: «Պառակտիչների» կարծիքով, Սահակաշվիլիի արմատական նախընտրական հռետորաբանությունը ջուր էր լցնում Իվանիշվիլիի ջրաղացին: Կարծես թե այս մեղադրանքը վերջին կաթիլն էր, որը նա իր նախկին «ակումբակիցներին» չներեց: Կաբինետային էլիտայի և «շարքային ակտիվիստների» կամ «հասարակ ժողովրդի» միջև կոնֆլիկտի մասին տեղեկությունը քաղաքական տեխնոլոգիա է, որը Սահակաշվիլին բացարձակ ճշգրիտ ընտրեց:
Մարտավարական առումով Սահակաշվիլին լիակատար հաղթանակ տարավ. նա պահպանեց «Ազգային շարժում» անվանումը, համախոհների և ակտիվ կողմնակիցների մեծ մասին: Սակայն մարտավարական առումով ի՞նչ ստացանք: Եթե նրա մոտեցումը չի փոխվել, ապա կուսակցությունը «Վրացական երազանքի» իշխանությունը տապալելու համար պետք է հույսը դնի ժողովրդական դժգոհության ալիքի վրա, այսինքն անի այն, ինչը 2007-2009թթ-ին «հակամիշայական կոալիցիային» ամբողջական մարգինալացման հասցրեց:
«Վրացական երազանքի» իշխանությունը դժվար է հաջող անվանել, սակայն 4 տարվա ընթացքում այն աղետալի սխալներ էլ չի գործել. որտեղի՞ց է այդ վստահությունը, որ շուտով կգործի: Եվ որքանո՞վ է քաղաքական տեսանկյունից շահեկան այդպիսի աղետի սպասելը: Որքա՞ն երկար կարող է արտասահմանում գտնվող առաջնորդը պահպանել իր անհամբեր կողմնակիցների ոգևորությունը, եթե Իվանիշվիլիի ռեժիմի դեմ ոչ մի գործողություն չձեռնարկվի:
«Պառակտիչների» առջև էլ է բարդ խնդիր դրված. նրանք կրկին պետք է իրենց կողմնակիցների համերաշխության հիմք կառուցեն, ինչն առանց հայտնի և խարիզմատիկ առաջնորդի կարող է բավականին բարդ լինել: Սակայն քաղաքական փորձը, խորհրդարանական տրիբունայի առկայությունն ու «հակամիշայական» ընդդիմության ոլորտում փաստացի մոնոպոլիան նրանց մեկնարկային դիրքը թույլ չեն տալիս անհույս համարել:
Ապագան կանխատեսելը միշտ անշնորհակալ գործ է. տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Իսկ այժմ երկու հանգամանք է հայտնի: Տվյալ փուլում «Ազգային շարժման» պառակտումը ձեռնտու էր միայն «Վրացական երազանքին» կամ Բիձինա Իվանիշվիլիին: Եվ երկրորդը՝ իսկական քաղաքական կուսակցություններ Վրաստանում նախկինի պես չկան, դրանց ձևավորման նախանշաններ՝ նույնպես: