Վրաստանը կարող է կորցնել միջազգային աջակցությունը․ նոր քննադատական նամակ Վաշինգտոնից
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հունվարի 30–ին Վաշինգտոնից ևս մեկ նամակ է ստացել։
Նախորդ նամակը ստացվել էր հունվարի 22–ին, դրանում ասվում էր, որ Վրաստանի կառավարությունը ձախողել է խոստացված ժողովրդավարական բարեփոխումները, հետապնդում է քաղաքական ընդդիմադիրներին, ներդրումային մթնոլորտն էլ երկրում վատթարանում է։
•Ամերիկյան կոնգրեսականները նամակ են գրել Վրաստանի վարչապետին․ Վրաստանի ութ գլխավոր խնդիրները
Այս անգամ վրացական իշխանությունների հասցեին քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջեյմս Ռիշն ու այդ կոմիտեի անդամ Ջին Շահինը։
Եվ այս նոր նամակը շատ ավելի քննադատական է, քան նախորդը։ Դրանում, մասնավորապես, ասվում է․
«Վրաստանը շեղվել է ժողովրդավարական ճանապարհից և կասեցրել առաջընթացն ու բարեփոխումները։ Կառավարությունը ճնշում է խաղաղ ցույցերը, պայքարում քաղաքական ընդդիմադիրների հետ ոչ ֆորմալ խմբերի և դատական իշխանության օգնությամբ։
Դատարաններում աշխատում են ոչ թե անաչառ դատավորներ, այլ կառավարության քաղաքական դաշնակիցները։
Երկիրը կառավարում է ոչ ֆորմալ առաջնորդը, որի տարբեր հայտարարություններից է կախված իշխանության հակառակորդների ճակատագիրը։
Այդ ամենից հետո Վրաստանը կարող է կորցնել միջազգային աջակցությունն ու վերադառնալ ռուսական ուղեծիր»։
Իշխանությունների գլխավոր ձախողումները․ պայքար քաղաքական ընդդիմադիրների դեմ և անհավասար նախընտրական պայմաններ
Ինչպես և նախորդ նամակում, սենատորներն ընդգծում են առաջընթացը, որը Վրաստանն ունեցել է Խորհրդային Միության փլուզումից հետո։
«Ժողովրդավարությունն ամրապնդվել է, տնտեսությունն աճել է, իսկ քաղաքական հասարակությունը՝ բարգավաճել», – գրում են նրանք։
«Վրաստանը տարածաշրջանում տպավորիչ օրինակ է դարձել։ Մենք հետևում էինք 2012-ի խորհրդարանական ընտրություններին և տպավորված էինք նրանով, թե ինչպես է Վրաստանը պահպանում ժողովրդավարության հիմնական սկզբունքներն», – ասված է նամակում։
•Թե ինչպես է Վրաստանի գլխավոր օլիգարխը կապված նոր վարչապետի հետ․ բոլոր մանրամասները
Սակայն, ըստ սենատորների, այդ բոլոր հաջողություններն այժմ հարցականի տակ են դրվել։
Սենատորները երկու հիմնական ձախողում են նշել․
• խորհրդարանը չի կատարել ընտրական բարեփոխում անցկացնելու իր պարտավորությունը,
• կառավարությունը ճնշել է խաղաղ ցույցերը, որոնք Վրաստանում սկսվել են խորհրդարանում ընտրական բարեփոխման տապալումից հետո։
Սենատորներն ուղղակիորեն գրում են․
«Այդ փոփոխություններին խանգարելու ձեր կառավարության որոշումը մատնանշում է ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման իր պարտավորությունները կատարելու Վրաստանի անընդունակությունը»։
Նամակում ասվում է, որ ընդդիմության առաջնորդների վրա հարձակումներ են գործում «իշխող կուսակցության հետ կապված մարդիկ»։
Սենատորները նաև կասկածելի են համարում այն փաստը, որ տարիներ առաջ ընդդիմության առաջնորդների դեմ փակ գործերով հետաքննությունները վերսկսվել են։ Սենատորները կասկածում են, որ իշխանությունն օգտագործում է դատարանն իր հակառակորդներին լռեցնել ստիպելու համար։
«Շատերը պետք է պատիժ կրեն», – իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը
Նոր նամակում հերթական անգամ անհանգստություն է արտահայտվել նոյեմբերի 28–ի եթերում ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունների առնչությամբ, երբ նա կանխատեսել է, որ իր հակառակորդները բանտ են ընկնելու։
Մեջբերում․
«Սա ողբերգական իրավիճակ է։ Ինձ դուր չի գալիս, որ նրանք գլուխը պատին են խփում, նրանք շանսեր չունեն։ Գիշերները չեն քնում, խաբում են միմյանց, թե «այսօր–վաղը մենք ենք լինելու»։ Նրանք շանսեր չունեն։ Այս պահին նրանք վա-բանկ են գնում։ Մեծ քանակությամբ էներգիա են ծախսում։ Ոմանք երկու օրով բանտ են նստում, որոշները՝ մեկ շաբաթով։ Որոշների մոտ վնասվածքն աննշան է, մյուսների մոտ՝ ավելի վատ է։ Ոմանք նստել են երկար տարիներ, շատերն էլ ստիպված կլինեն, սակայն նրանք ինքնազոհողության են գնում»։
Ընդդիմությունն այս հայտարարությունն ընկալել է որպես սպառնալիք։
Դատավորները՝ որպես քաղաքական դաշնակիցներ
Ամենածանր եզրակացությունները սենատորներն արել են դատավորների վերաբերյալ, որոնք գերագույն դատարանում ցմահ նշանակվել են խորհրդարանի կողմից։
Մեջբերում նամակից․
«Մենք առանձնահատուկ կերպով անհանգստացած ենք այն փաստով, որ Գերագույն դատարանի 14 դատավորների ցմահ նշանակումն իրականացվել է առանց նրանց որակավորման լիարժեք գնահատման։ Դա խաթարում է Վրաստանի դատական համակարգը»։
Ի՞նչ է սա նշանակում։ Վրաստանը կարող է կորցնել միջազգային աջակցությունը
Ըստ սենատորների՝ Վրաստանը շատ ընկերներ և դաշնակիցներ ունի, սակայն այդ աջակցությունն անվերապահ չէ և կարող է տրամադրվել միայն «անկախ, ժողովրդավարական Վրաստանին»։
Սենատորները կարծում են նաև, որ բարեփոխումների արգելակումն ու մշտական լարվածությունը լավ հող են «երկրում և տարածաշրջանում ռուսական միջամտության ուժեղացման համար»։
Սենատորները հույս են հայտնում, որ Վրաստանի իշխանությունները կբարելավեն իրավիճակն, ու նրանցից ակնկալում են «արագ գործողություններ»։