«Որոշել ենք մինչև 2028 թվականի ավարտը չբարձրացնել Եվրամիության հետ բանակցությունների մեկնարկի հարցը, որպեսզի ոչ ոք չկարողանա այն դարձնել վրաց ժողովրդի դեմ շանտաժի գործիք»: Խորհրդարանական մեծամասնության և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո՝ կուսակցության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի դիտարկմամբ՝ ներկայումս Եվրամիության հետ բանակցություններն օգտագործվում են որպես շանտաժի գործիք և վրացական հասարակությունը բաժանելու միջոց:
«Մենք որոշում ենք կայացրել մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չներառել Եվրոպական միության հետ բանակցությունների մեկնարկի հարցը: Բացի այդ, մինչև 2028 թվականը հրաժարվում ենք ԵՄ-ի կողմից տրամադրվող բոլոր բյուջետային դրամաշնորհներից»,- հայտարարել է վարչապետը:
Կոբախիձեն նաև նշել է, որ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցն օգտագործվում է որպես երկրի դեմ շանտաժի գործիք՝ այնպես, ինչպես դա տեղի էր ունենում նախկինում՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցի հետ կապված:
«Բացարձակապես անընդունելի է Եվրոպական միության հետ ինտեգրումը որպես բարեգործություն դիտարկելը»,— հայտարարել է Կոբախիձեն, ով նաև քննադատության է ենթարկել Եվրախորհրդարանին նոյեմբերի 28-ին Վրաստանի մասին բանաձև ընդունելու համար: Բանաձևում խորհրդարանը փաստացի չի ճանաչել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է արել անցկացնել նոր ընտրություններ՝ միջազգային դիտորդների ներկայությամբ:
Կոբախիձեի խոսքով՝ «մենք մեծ պատմություն ունեցող հպարտ ու ինքնաբավ ազգ ենք: Համապատասխանաբար, մեզ համար բացարձակապես անընդունելի է Եվրոպական միության հետ ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն, որը ԵՄ-ն պետք է մեզ տա»:
«Մենք տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները հատկացված դրամաշնորհներն ու վարկերը օգտագործում են որպես Վրաստանի դեմ շանտաժի գործիք»,— հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Նա ընդգծել է, որ 2028 թվականի ավարտը կլինի մի ժամանակահատված, երբ Վրաստանը տնտեսապես պատրաստ կլինի 2030 թվականին ԵՄ անդամ դառնալու հետ կապված բանակցությունների մեկնարկին:
«Մենք պլանավորում ենք Եվրոպական միություն մտնել ոչ թե մուրալով և մի ոտքի վրա կանգնած, այլ արժանապատիվ ձևով՝ զարգացած ժողովրդավարական համակարգով և ուժեղ տնտեսությամբ»,- ասել է Վրաստանի վարչապետը: