Վրաստանը երես է թեքում Արևմոտքից և դառնում ռուսամե՞տ։ Ամերիկացի սենատորների նամակն ԱՄՆ պետքարտուղարին
Սենատորներ Թեդ Քրուզը, Ջոն Քորին ու կոնգրեսականներ Ջոդի Արինգթոնն ու Մարքվեյն Մելինը Վրաստանի վերաբերյալ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին և ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին։
Սենատորներն անհանգստացած են Վրաստանի պետական կառավարման ոճի վատթարացմամբ։ Մասնավորապես, նրանք խոսում են արևմտյան բիզնեսի շահերի ոտնահարման, Վրաստանում, ի հեճուկս պատժամիջոցների, իրանական բիզնեսի ակտիվացման, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության հետ Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդի հնարավոր կապի մասին։
Նամակում խոսվում է նաև այն մասին, որ արտասահմանյան ուղիղ ներդրումները վրացական տնտեսությունում վերջին մեկ տարում կրճատվել են գրեթե կրկնակի։ Միաժամանակ զգալիորեն ավելացել են արևմտյան բիզնեսի համար հարկերն ու բյուրոկրատական խոչընդոտները։
Նամակում հատուկ շեշտված է ամերիկյան Frontera Resources նավթա– և գազաորոնողական ընկերության պատմությունը, որի հետ պայմանագիրը վրացական կողմը խզել է՝ դիմելով արբիտրաժային դատարան։ Այն էլ, իր հերթին, խախտումներ է գտել ամերիկյան ընկերության գործունեությունում և իրավաչափ համարել պայմանագիրը խզելու ուղղությամբ վրացական կառավարության գործողությունները։
Նամակում նաև խոսվում է Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարության թեմայի շուրջ։ Դրան պետք է մասնակցեր ամերիկյան Conti Group ընկերությունը, որը, սակայն, վրացական իշխանությունների կողմից նախագծի վերանայման և դրա փաստացի կասեցման առնչությամբ դուրս է մնացել նախագծից։
- Վրաստանը ԵՄ–ից 500 մլն եվրո կստանա։ Այդ օգնությունը կախված է վրացական կողմի պարտավորությունների կատարումից
Նամակում ասվում է, որ ամեն ինչի հիմքում աշխարհաքաղաքական շահեր են ընկած․ Frontera Resources–ի նպատակը Վրաստանի էներգետիկ անկախությունն ու ընդհանուր կայունությունն ապահովելն էր, իսկ Անակլիայի նավահանգստի շինարարության նախագծի նպատակը ռուսական նավահանգիստների ենթակառուցվածքից Վրաստանի կախվածության նվազեցումն էր։
Նամակի հեղինակներն ընդգծում են, որ տարիներ շարունակ վրացական բիզնեսն ու Վրաստանի ֆինանսական համակարգը լիովին թափանցիկ և հասկանալի էր ամերիկյան պաշտոնատար անձանց համար, սակայն այժմ օրինական բիզնեսի տեղը սկսում է զբաղեցնել ապօրինի առևտուրը։
Իրավիճակն, ըստ նրանց հիշեցնում է 2013 թվականը, երբ ԱՄՆ իշխանություններն անսպասելիորեն իմացան, որ իրանցի երեք գործարար, շրջանցելով պատժամիջոցները, Թբիլիսիում վերահսկողություն են սահմանել միկրովարկավորման բանկերի նկատմամբ։ Իսկ այժմ Թեհրանի ապօրինի ակտիվություն է բացահայտվել Բաթումի նավահանգստի նավթային ոլորտում։
Սենատորների դիմումի մեջ ասվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին կապի մեջ է Ռուսաստանի կառավարության հետ, և կան դրա փաստացի ապացույցները։
Սենատորներն ու կոնգրեսականներն անհրաժեշտ են համարում ճեպազրույց անցկացնել հետևյալ հարցերով․
● Վրաստանի կառավարությունն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներգրավված են օրինական ամերիկյան բիզնեսի շահերի ոտնահարման գործընթացում, որը Վրաստանի տնտեսությունում և դրա ապագայի մեջ զգալի ներդրումներ է կատարել։
● Ցանկացած նման գործողություն պայմանավորված է աշխարհաքաղաքական շահերով, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարության հետ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կապերով։
● Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ կապված գործունեությունը սպառնալիքներ է ստեղծում ԱՄՆ ազգային շահերին, այդ թվում․
— նավահանգիստների շինարարության նախագծերից ամերիկյան ընկերություններին դուրս թողնելը, որոնք կարող էին վերջ դնել Ռուսաստանից Վրաստանի կախվածությանը;
— Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների փաստացի մեղմումը, հատկապես՝ Վրաստանի հիշյալ նավահանգիստների գործունեության համատեքստում։
«ԱՄՆ և Վրաստանի գործընկերությունն անհրաժեշտ է տարածաշրջանում ամերիկյան շահերի իրականացման համար, ինչն, իր հերթին, պահանջում է Վրաստանի վերադարձ դեպի նորմալ պետական կառավարում։ Աշխարհաքաղաքական և բիզնես–շահերն ԱՄՆ դաշնային կառավարությունից պատասխան են պահանջում, և մենք պատրաստ ենք ռեսուրսներ տրամադրել, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության և ամրապնդման համար», — ասված է սենատորների և կոնգրեսականների նամակում։