Վրաստանը բացում է սահմանները Եվրամիության հինգ երկրների համար։ Սակայն թռիչքներ չկան
Վրաստանը, որն իր սահմանները փակել է գրեթե հինգ ամիս առաջ կորոնավիրուսի համավարկի պատճառով, բացում է դրանք, բայց միայն Եվրամիության հինգ երկրների համար։
Մասնավորապես՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։ Այդ հինգ երկրների քաղաքացիները կարող են Վրաստան գալ միայն ինքնաթիռով, սակայն կանոնավոր չվերթներն ադպես էլ չեն վերականգնվել։
Այս պահի դրությամբ երկրի սահմանները փակ են։ Վրացական սահմանը հատելուց առաջ այդ երկրների քաղաքացիները պետք է հատուկ էլեկտրոնային ձևաթուղթ լրացնեն և իրենց կոնտակտային տվյալները, վերջին 14 օրում կատարած ուղևորությունների պատմությունը և այն վայրը նշեն, որտեղ գտնվելու են Վրաստան այցելության ընթացքում։
- Կարծիք․ լոուքոսթերների վրացական հակահեղափոխությունը
- Դիմակներ, պատնեշներ, բարձր գներ։ Ի՞նչ տեսք է ունենալու զբոսաշրջությունը Վրաստանում կորոնավիրուսից հետո
Սահմանին նրանք ջերմային սքրինինգ կանցնեն։ 37 աստիճանից բարձր ջերմության դեպքում հենց օդանավակայանում կորոնավիրուսի PCR թեստ կարվի։
Այդ հինգ երկրների քաղաքացիները պարտադիր կարանտինի մեջ չեն ներառվի։ Սակայն, եթե մինչ այդ նրանք այցելել են ԵՄ սահմաններից դուրս գտնվող կամ վարակման բարձր ռիսկով երկիր, երկշաբաթյա կարանտինը նրանց համար պարտադիր կդառնա։ Հատուկ ստեղծված զանգերի կենտրոնն ակտիվ կապ է ապահովելու Վրաստան այցելած յուրաքանչյուր մարդու հետ։
Ինչո՞ւ այդ հինգ երկրները
Որովհետև հենց այդ երկրներն են սահմանները բացել Վրաստանի քաղաքացիների համար նույն պայմաններով՝ առանց կարանտինի կիրառման։
Այս փուլում ԵՄ հետևյալ երկրները չեն բացում սահմանները Վրաստանի համար՝ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Նորվեգիան, Մալթան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան։
Իտալիան, Կիպրոսն, Իսլանդիան և Սլովենիան պատրաստակամություն են հայտնել Վրաստանի հետ իրենց սահմանները բացելու, սակայն Վրաստանի՝ այդ երկրներ այցելած քաղաքացիները պետք է 14-օրյա պարտադիր կարանտին անցնեն։
Վրաստանը չի բացում սահմանները Եվրամիության այն երկրների քաղաքացիների համար, որոնք իրենց սահմանները չեն բացել Վրաստանի համար։ Իսկ այն երկրների քաղաքացիների համար, որոնք Վրաստանը ներառել են այսպես կոչված կանաչ ցուցակում, բայց սահմանափակումներ են դրել, Վրաստանը նույնպիսի սահմանափակումներ է կիրառում․ երկիր մտնելիս նրանց պետք է 14-օրյա պարտադիր կարանտին անցնեն և իրենք էլ վճարեն դրա համար։
Արդյո՞ք այս կանոնները վերաբերում են Վրաստանի՝ արտասահմանում գտնվող քաղաքացիներին
Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրներից հայրենիք վերադառնալիս 14-օրյա պարտադիր կարանտին են անցնելու։ Այն չի տարածվի միայն Գերմանիայից, Ֆրանսիայից, Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից ժամանողների վրա։ Ի տարբերություն օտարերկրյա քաղաքացիների՝ պետությունը հոգալու է Վրաստանի քաղաքացիների կարանտինի ծախսերը, որոնք հայրենիք են վերադառնում։
Ինչպե՞ս Վրաստան գալ
Կանոնավոր միջազգային չվերթներ դեպի Վրաստան այժմ չկան, և հազիվ թե դրանք վերականգնվեն մինչև օգոստոս։
Ինքնաթիռները չեն թռչում նաև ԵՄ այն հինգ երկրներ, որոնց հետ Վրաստանը բացել է սահմաններն առանց նախապայմանների։ Ներկա պահին բանակցություններ են տարվում մի քանի ավիաընկերությունների՝ Lufthansa–ի, AirBaltic–ի և AirFrance–ի հետ դեպի այդ հինգ երկրներ կանոնավոր չվերթների վերականգնման համար։
Lufthansa–ի հետ արդեն համաձայնագիր կա․ օգոստոսից այդ ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ է իրականացնելու Թբիլիսիից դեպի Մյունխեն։ Վրաստանի հազարավոր քաղաքացիներ նախկինի պես չեն կարողանում երկիր վերադառնալ կանոնավոր չվերթների բացակայության պատճառով։
Wizzair–ն ու Myway Airlines–ը հուլիսին չարտերային չվերթներ են իրականացնելու Լեհաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից և Ֆրանսիայից։ Վրաստանի քաղաքացիների համար այդ չվերթների գինը չի գերազանցելու 200 եվրոն։ Մնացած ծախսերը հոգալու է պետությունը։
Բացի այդ, վրացական Airzena Georgian Airways ավիաընկերությունն առևտրային չարտերային չվերթներ է իրականացնում Վիեննայից, Ամստերդամից և Թել Ավիվից։ Սակայն արտասահմանում բնակվող քաղաքացիները շատ են բողոքում վրացական այդ ընկերությունից։
Facebook–ը լի է բացասական մեկնաբանություններով այն մասին, որ այդ չվերթների տոմսերի գները շատ ավելի բարձր են, քան հայտարարված 200 եվրոն, և դրանք գրեթե հնարավոր չէ գնել։ Մինչև այս պահը դեպի Վրաստան չվերթներ իրականացնում էր միայն Airzena Georgian Airways–ը։
Սակայն բազում բողոքներից հետո իշխանությունները բանակցություններ են սկսել արտասահմանյան ընկերությունների հետ, արդյունքում՝ չարտերային չվերթներ են իրականացնելու նաև Wizzair–ն ու Myway Airlines–ը։ Qatar Airways–ը հուլիսին մեկ չվերթ կիրականացնի, որի շնորհիվ 105 մարդ Վրաստան կվերադառնա Դոհայից։ Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ կորոնավիրուսի պատճառով իրավիճակն անընդհատ փոխվում է, և ԵՄ այլ երկրների հետ հաղորդակցության վերականգնման մասին բանակցություններ են ընթանում, այդ պատճառով էլ երկիր մուտք գործելու կանոնները վերանայվելու են երկու շաբաթը մեկ։