Վտարվածների ընտրությունը
Սամեգրելոն այն շրջանն է, որտեղ Թբիլիսիից հետո փախստականներն ամենաշատն են: Նրանց թիվը հասնում է 85 հազարի: Բացարձակ մեծամասնությունն Աբխազիայից է: Վրաց-աբխազական հակամարտության ակտիվ ֆազայի ավարտից հետո 2 տասնյակ տարիներն են անցել, սակայն բնակարանային հարցը նրանց համար մինչ այսօր առաջնահերթություն է:
90-ականներին, երբ հազարավոր մարդիկ լքեցին իրենք հարազատ տները, պետությունը չկարողացավ հոգալ նրանց վերաբնակեցման հարցը: Փախստականների մի մասը տարերայնորեն զբաղեցրեց հիվանդանոցները, մանկապարտեզները, հյուրանոցները, ուսումնական հաստատությունները, գործարաններն ու այլ պետական շենքերը: Մյուս մասը տեղավորվեց բարեկամների տաներում: Սամեգրելոյում այսօր Աբխազիայից վտարվածների մի քանի բնակավայր կա: Նրանք ապրում են անտանելի պայմաններում, և պետությունից բնակարանային պայմանների բարելավման օգնություն են սպասում հարյուրավոր ընտանիքներ:
Սոցիալական օգնության հույսով
Փախստականներն արդեն 22 տարի է՝ ապրում են Զուգդիդիի շրջանային հիվանդանոցի կիսավեր շենքում: Նրանց մեծ մասը սոցիալապես անպաշտպանի կարգավիճակ ուներ, չնայած որ վերջին երկու տարիներին շատերի այդ կարգավիճակը դադարեցվել է:
Նրանց թվում է Գալից վտարված Դալի Ջալագոնիան:
Դալին միայնակ կին է, որն ապրում է նախկին հիվանդանոցի սենյակներից մեկում: Այս սենյակը և՛ խոհանոց է, և՛ ննջարան, և՛ նախասրահ:
Այն, որ իրեն հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցվել է, Դալին իմացել է պատահական, առանց նախապես զգուշացվելու:
«Ոչ մի ուրիշ եկամուտ չունեմ: Այդ նպաստով էլ գոյատևում էի: Վճարում էի էլեկտրաէներգիայի համար, հաց ու կարտոֆիլ էի գնում: Դժվարությամբ ամսեամիս վճարում էի խանութների պարտքերը: Մեկ ամիս է՝ լույս չունեմ, անջատել են չվճարելու համար: Առողջությունս այն չէ: Ինչպե՞ս եմ ձմեռն այս պայմաններում անցկացնելու» — ասում է նա:
Վրաստանում հազարավոր ընտանիքներ որպես սոցիալապես անպաշտպան ֆինանսական օգնություն են ստանում, որը կազմում է 30-60 լարի:
Նպաստի հավակնորդ ընտանիքների թիվն ավելի շատ է, սակայն տարբեր պատճառներով նրանցից որոշներն այդպես էլ չստացան նպաստ, իսկ ոմանց նպաստը կտրեցին:
Հասնում է օգնություն, թե՝ ոչ, որոշում են սոցիալական գործակալներն, ովքեր կարիքավորներին վարկանիշային միավորներ են տալիս:
Դալին ասում է, որ զրկվել է սոցիալական օգնությունից, երբ գործակալներն իր բնակարանում իրեն նվիրած խորհրդային արտադրության փոքր սառնարան են հայտնաբերել. «Որոշեցին, որ ես միլիոնատեր եմ, եթե սառնարան ունեմ: Ոչ ու փուչ լինեն դրանք»:
Շենքը, որտեղ ապրում է Դալին ու իր հարևանները, ամորտիզացված է: Վատ եղանակին ջուրը փտած տանիքից ներս է լցվում, պատերից աղյուսներն ու ամրաններն են դուրս ցցվել: Պատուհանները դեֆորմացված են, որոշներն ապակի չունեն, ցելոֆան է քաշած: Սակայն ամենանյարդայնացնողը չաշխատող կոյուղին է: Բոլոր ընտանիքների համար մեկ ընդհանուր զուգարան կա, որը հակասանիտարական վիճակ է ստեղծում:
Հիվանդանոցի քանդվող շենքի բնակիչների մեծ մասը գործազուրկ է: Նրանք հողակտոր անգամ չունեն, որի վրա հնարավոր կլիներ ինչ-որ բան աճեցնել: Նրանք աղքատության մեջ են ապրում: Եկամտի հիմնական աղբյուրը սոցիալական օգնությունն է: Ոմանք ապրում են՝ տարբեր մանր բաներ վաճառելով:
Փախստականների մեծ մասը հացի փողի համար է հենց դրանով զբաղվում: Այդ պատճառով էլ Զուգդիդիում փողոցային առևտուր գրեթե ամեն քայլափոխի կարելի է տեսնել:
Շուկային հարող տարածքում շատ են հացի, մրգի, բանջարեղենի և այլ մթերքի վաճառասեղանները: Առևտրականների մեծ մասը փախստականներ են: Տեղի իշխանություններն արգելում են շուկայի տարածքից դուրս աշխատել, չնայած որ նրանք ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիա են կազմակերպում և շարունակում առևտուր անել, քանի որ շուկայում պետք է նաև տեղի փող վճարեն:
Նոր տուն նոր թաղամասում
Զուգդիդիի շրջանը 207 օբյեկտ ունի, որոնք բնակեցված են փախստականների 4273 ընտանիքներով: Ամեն ամիս նրանք ստանում են 45 լարի:
Կառավարությունը փորձում է փախստականների բնակարանային հարցին փուլային լուծում տալ, սակայն գործընթացն այնքան դանդաղ է ընթանում, իսկ բնակարանի սպսասողներն այնքան շատ են, որ ընդհանուր ֆոնը դեռևս չի փոխվում:
Վերջին 4 տարիներին Սամեգրելոյում ապրող փախստականներին մինչև 800 պետական բնակարան է տրամադրվել: Բացի այդ, Զուգդիդիի մարզպետարանում ապրող 14 ընտանիքների բնակարանային ապահովման նախագծի շրջանակում տներ են կառուցվել, միաժամանակ աշխատատեղերով նրանց ապահովելու համար փոքր գրանտներ են տրվել:
Տվյալ փուլում Զուգդիդիում 4 12-հարկանի շենք է կառուցվում փախստականների համար, որտեղ 288 ընտանիք կապրի:
Ընդհանուր առմամբ, Զուգդիդիում այժմ ընթացող և պլանավորվող շինարարական աշխատանքների ավարտից հետո 26 12-հարկանի շենքեր կհայտնվեն, որտեղ փասխտականների 2016 ընտանիքներ կապրեն:
Այնուամենայնիվ պետությունից շարունակում են նպաստ պահանջել նաև նրանք, ում իշխանությունները բնակարանով են ապահովել, քանի որ գոյատևման աղբյուր պարզապես չկա: Գործազրկությունը ողջ Վրաստանի գլոբալ խնդիրն է, որը նույնքան սուր է փախստականների համար, որքան և տեղի բնակչության:
Գալից վտարված Ցիալա Կոբալիան մեկն է այն մարդկանցից, ովքեր նոր շենքում բնակարան են ստացել:
«Քիչ էր մնում՝ գժվեի ուրախությունից, երբ ինձ բնակարանիս բանալիները հանձնեցին: Բնակարանային պայմաներս այժմ իհարկե բարելավվել են: Սակայն ամեն օր գլուխ եմ կոտրում, թե ինչպես հիվանդ երեխայիս կերակրեմ, որի նպաստով ամբողջ ընտանիքն է ապրում: Մեր գլխավոր պահանջն աշխատատեղերն են», — ասում է Ցիալա Կոբալիլան:
Նախընտրական մարաթոն և վտարվածների հույսերը
Շատ շուտով Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, իսկ Զուգդիդին նախընտրական տենդի գրեթե էպիկենտրոնն է դարձել:
Բանն այն է, որ ընտրություններին Զուգդիդիի 67-րդ ընտրատարածքում «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը, որը իշխանության ներկայացրած թեկնածուի լուրջ մրցակիցն է:
Քաղաքը ծփում է նախընտրական պաստառներով:
Կենտրոնական այգում, բազմամարդ վայրերում, փախստականների փողոցներում ու բնակավայրերում կարելի է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների տեսնել, որոնք Զուգդիդիով ոտքով են տեղաշարժվում, հանդիպում են մարդկանց հետ և տարբեր խոստումներ տալիս:
Փախստականներն, ավանդույթի համաձայն, դառնում են նախընտրական քարոզարշավների ամենահայտնի թիրախներից մկեը:
Որպես կանոն, բոլոր կուսակցությունները նույն խոստումներն են տալիս՝ սկսած «Մենք անպայման Աբխազիա կվերադառնանք» կարգախոսից, ավարտած արդիական խնդիրների լուծմամբ:
Իշխող «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Մերաբ Կվարայան վտարվածներին խոստանում է առաջիկա 4 տարիներին 10 հազար բնակարան կառուցել և 1500 ընտանիքների նոր բնակարաններով ապահովել:
Այդ խոստումներին ընդդիմությունը չի հավատում՝ մեղադրելով իշխանություններին փախստականների համար կորպուսներ կառուցելու համար նախատեսված բյուջետային միջոցների վատնման համար, ինչպես նաև բնակարանների բաշխման հարցում կոռուպցիայի և հովանավորչության համար:
Փախստականների մի մասը փոփոխությունների է սպասում ընտրություններից հետո: Մի մասն էլ կարծում է, որ ընտրություններից հետո էլ են իրենց դժվարություններ ու զրկանքներ սպասում:
«Երբ մեզ պետք է, ոչ մի քաղաքական գործչի չես գտնի, իսկ հիմա իրենք են տուն ներխուժում: Արդեն սկսել են իրենց հանդիպումները, արդեն մեզ ոսկե պալատներ են խոստանում, միայն թե մեր ձայները ստանան: Անձամբ ես ոչ մի կուսակցության չեմ հավատում: Ի՞նչը կարող է օգնել այն երկրին, որտեղ քաղաքական գործիչների գլխավոր խոստումը սոցիալական օգնությունն է», — ասում է Աբխազիայից վտարված Ալիկ Կոբալիան:
Հրապարակվել է 22.09.2016