Ո՞վ է Եվրոպայում սպանում չեչեններին, որոնք քննադատում են Չեչնիայի ղեկավար Կադիրովին
Մեկ տարում՝ 2019 թ–ի ամառվանից մինչև 2020 թ–ի ամառ արդեն չարրորդ անգամ Եվրոպայում մահափորձ կամ սպանություն է իրականացվում չեչենի նկատմամբ, որը բացահայտ քննադատում է Չեչնիայի ղեկավարին։
Այս անգամ գլխին արձակած կրակոցից Վիեննայի կենտրոնում մահացել է բլոգեր Մամիխան Ումարովը, որը 2020 թ–ի ապրիլին վիրավորական տեսաուղերձ է հղել Կադիրովին։
Հիմնական աղբյուրներ՝ ВВС, Radio Liberty/Radio Freedom
Ո՞վ է Մամիխան Ումարովը
43-ամյա Մամիխան Ումարովը հուլիսի 4–ի երեկոյան սպանվել է Վիեննայի Հերասդորֆե արվարձանի առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում։ Մի քանի ժամից Լինց քաղաքում ձերբակակլվել է կասկածյալը, նա նույնպես չեչեն է։
Էթնիկ պատկանելիության հիշատակումն այս դեպքում կարևոր դեր է խաղում։
Մամիխան Ումարովը, որն իրեն Անզոր էր անվանում, ավստրիական անձնագիր ուներ Բեք Մարտինի անունով։ Նա Ավստրիա էր տեղափոխվել 2005 թ–ին։ Մինչ այդ քննիչ էր Չեչնիայի շարիաթական պետանվտանգության նախարարությունում։
2020 –ի ապրիլին նա համացանցում տեսանյութ էր տեղադրել, որում կանգնած էր Վիեննայում կամրջի վրա և հայհոյում էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին և նրա հորը։ Նա նաև նշում էր իր հեռախոսահամրն ու ասում․
«Դեմքս չեմ թաքցնում, դու տեսնում ես այն։ Ուղարկիր նրան, ում տղամարդ ես համարում»։
• Չեչնիայի նախագահը՝ վրացի լրագրողի մասին․ նա պետք է ծնկի գա և ներողություն խնդրի
Բի–Բի–Սիի աղբյուրը պատմել է, որ տեսել է այդ տեսանյութը։ Սակայն այժմ այն համացանցում հասանելի չէ։
Ումարովը Չեչնիայում աշխատել է երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ, այդ թվում՝ անջատողականության գաղափարների շրջանակում։ 2020 թ–ի փետրվարին ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում նա պատմել էր, որ Չեչնիայից մեկնել է այն բանից հետո, երբ նոր իշխանությունները սկսել են սերտորեն համագործակցել Մոսկվայի հետ, ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կապ ունեին «անկախ Իչկերիայի» գաղափարի հետ։
2010 թ–ից, պատմել է Ումարովն, ինքը համագործակցել է Ուկրաինայի և Ավստրիայի հատուկ ծառայությունների հետ, մասնավորապես, ավելի քան տասը պատվիրված սպանությունների գծով, քանի որ այդ «պատվերներն» անձամբ իրեն են արվել։
Չեչենական հետք Ուկրաինայի սպանություններում և մահափորձերում
2014 թ–ի դեկտեմբերին Ուկրաինայի Գերագույն ռադայի Արմատական կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկը տեսախցիկի առջև կրակել էր Ռամզան Կադիրովի դիմանկարի վրա և խոստացել նրա հետևից Չեչնիա գնալ։
Ռամզան Կադիրովն այն ժամանակ ասել էր․ «Կարծես թե Մոսիյչուկը բոլորին զզվեցրել է, և նրան ուզում են ոչնչացնել։ Իրենք էլ կսպանեն, հետո կասեն, թե Կադիրովն է արել»։
2020 թ–ի փետրվարին Ումարովն ուկրաինացի լրագրողներին պատմել է, որ իր հետ «մարդիկ են կապվել Չեչնիայից» և առաջարկել կազմակերպել այդ պատգամավորի սպանությունը։ Իսկ նրա հետ միասին սպանել նաև երկու չեչեն դաշտային հրամանատարների, որոնք Ուկրաինայի արևելքում Կիևի կողմից մասնակցել են ռազմական գործողությունների՝ Ադամ Օսմաևին և նրա կնոջն՝ Ամինա Օկուևային։
Այդ երեք սպանությունների համար մեկ ու կես միլիոն եվրո է առաջարկվել, ասել է Ումարովն ու որպես ապացույց ներկայացրել «պատվիրատուի» հետ զրույցի աուդիոձայնագրությունը։
Ումարովը պատմել է, որ ողջ տեղեկությունը փոխանցել է Մոսիյչուկին և Ադամ Օսմաևին։ Պատգամավորը դա հաստատել է Բի–Բի–Սիի հետ զրույցում։
Ումարովի հիշատակած մահափորձը չեչեն դաշտային հրամանատարների նկատմամբ, արդյունքում, կատարվել է, Ամինա Օկուևան սպանվել է։
Պատգամավոր Մոսիյչուկի նկատմամբ մահափորձ նույնպես եղել է, սակայն նա կենդանի է մնացել։
Կադիրովի և Պուտինի քննադատները, որոնց սպանել են կամ փորձել են սպանել 2019-20 թթ–ին
Ումարովի սպանությունը Եվրոպայում բնակվող չեչենների արդեն չորրորդ սպանությունն է միայն վերջին մեկ տարում։
2019 թ–ի օգոստոսին Բեռլինում գնդակահարվել էր Վրաստանի՝ չեչեն քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին։ Նա, ինչպես Ումարովը, մասնակցում էր երկրորդ չեչենական անջատողական արշավին, ապրում էր Գերմանիայում և ապաստան էր խնդրել։
2020 թ–ի մայիսին Գերմանիայի դաշնային դատախազությունը հայտարարել էր, որ Խանգոշվիլին սպանվել է «Ռուսաստանի Դաշնության կենտրոնական կառավարության պետական ծառայությունների» հրահանգով։
2020 –ի փետրվարի 1–ին ֆրանսիական Լիլ քաղաքի հյուրանոցային համարում հայտնաբերվել էր չեչեն Իմրան Ալիևի դին։ Նա հայտնի էր Չեչնիայի ղեկավարի հասցեին արված վիրավորական արտահայտություններով։
2020 թ–ի փետրվարի 26–ին Շվեդիայում մահափորձ էր իրականացվել հայտնի չեչեն բլոգեր Տումսո Աբդուրախմանովի նկատմամբ, որը հայտնի էր Ռամզան Կադիրովի հասցեին մշտական քննադատությամբ։ Մահափորձի գործով ձերբակալվել էին ռուսական քաղաքացիությամբ մի կին ու տղամարդ։
Սպառնալիքներ և Կադիրովի ու Պուտինի այլ քննադատների սպանություններ
Սա Վիեննայում չեչենների աղմկահարույց երկրորդ սպանության է։ 2009 թ–ին այնտեղ սպանվել էր Կադիրովի նախկին թիկնապահ Ումար Իսրայիլովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի քննադատներից մեկը՝ Բորիս Նեմցովը, սպանվել էր Մոսկվայում 2015 թ–ի փետրվարին Չեչնիայի մի խումբ բնակիչների պլանավորած գործողության հետևանքով։ Նրանք կալանավորվել և դատապարտվել են։ Սակայն Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատի անձինք, որոնք կասկածվում էին այդ հանցանքի իրականացման համար, խուսափել են անգամ հարցաքննություննից։
2020 թ–ի հունիսին Թբիլիսիում կանխվել է հեռուստահաղորդավար Գիորգի Գաբունիայի նկատմամբ մահափորձը, որը դրանից մեկ տարի առաջ ուղիղ եթերում հայհոյել էր Ռուսաստանի նախագահ Պուտինին։
Նրան չեզոքացնելու համար առիթ էր դարձել այն հաղորդումը, որում Գաբունիան հայհոյել էր Վլադիմիր Պուտինին․ «Մտավարի արխիի» տնօրեն
Չեչենական համայնքը սարսափած է
Ումարովի սպանությունն իրարանցում է առաջացրել Վիեննայի չեչենական համայնքում, Բի–Բի–Սիին պատմել է դրա ներկայացուցիչներից մեկն՝ իր անանը չհրապարակելու պայմանով։
Մարդիկ միմյանց հաղորդագրություններ են ուղարկում և կատարվածը քննարկում որպես մահապատիժ։
«Մարդիկ իրենց անվտանգ չեն զգում։ Զայրույթ, վրդովմունք և, իհարկե, վախ։ Սակայն որքան շատ մարդ սպանեն այս ձևով, այդքան մարդիկ ավելի շատ կբողոքեն և բացահայտ կասեն՝ ինչ մտածում են», — ասել է Բի–Բի–Սիի զրուցակիցը։