Ղարաբաղի բարբառը` բրենդ
Եկ քեզ պենդ խտիմ/արի ամուր գրկեմ քեզ/, եկ պատառ դինջաց /արի մի քիչ հանգստացիր/, լոխ լավ ա,/ամեն ինչ լավ է/… այսօր ղարաբաղյան բարբառը շահութաբեր է դարձել։
Բարբառային գրվածքներով իրերը դարձել են պահանջարկ ունեցող առարկաներ, հատկապես հայախոս զբոսաշրջիկների շրջանում։
1980 ականների վերջին հայերի եւ ադրբեջանցիների միջև ծագած ղարաբաղյան հակամարտությունն առ այսօր խաղաղ կարգավորման չի հանգել: Միջազգային ճանաչում չունեցող Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղացիները խոսում են յուրահատուկ բարբառով։
Ղարաբաղյան հայտնի արտահայտություները տպագրվում են շապիկների ու բաժակների վրա, օգտագործվում անգամ երգերում, սրճարանների ճաշացանկերում։
Բարբառը բրենդ դարձնողներն ասում են, որ այս կերպ շահույթ ստանալու գաղափարը պահանջարկից է ծնվել։
Ղարաբաղյան բարբառում կան մի շարք բառեր, որոնք ունեն պարսկական, թուրքական ծագում։ Տեղացիները նաև հաճախ օգտագործում են ռուսական բառեր՝ դրանք համեմելով իրենց հատուկ շեշտադրությամբ։
Ստեղծագործողներն ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ բարբառն օգնում է իրենց, հետաքրքիր ու յուրօրինակ դարձնում բիզնեսը:
«Ալո, ալո» երգը 2011 թվականին երկար ժամանակ հիթ էր հայալեզու լսարանի շրջանում։
«Ես ավելի շատ բարբառով պոեզիա, քան երգ կկոչեի « Ալո-ալո»-ն: Տեքստը մշակել եմ շատ երկար, որպեսզի որևէ քննադատության տեղիք չտա: Չի օգտագործվել մի բառ, որը ոչ հայկական արմատներ ունի»,-ասում է , երգի հեղինակ Արտեմ Վալտերը /այն ժամանակ Tim De Beatz-հեղ/։
Երգը սիրվեց և տարածվեց համացանցում: Youtube-ում երգի մի քանի տարբերակներ ստեղծվեցին, որոնք բոլորն էլ մեծ թվով դիտումներ ապահովեցին: Երգը տարածում էին անգամ բարբառը քիչ կամ կիսով չափ հասկացողները:
Բարբառային բում առաջացրած տեսահոլովակն այսօր էլ ակտիվորեն պտտվում է համացանցում:
Արտեմին, սակայն, դուր չեկավ երգը հումորային համարելու մարդկանց մոտեցումը:
Tim De Beatz-ը գրեց բարբառով երեք երգ եւ ինչպես ասում է՝ փակեց բարբառով ստեղծագործելու այդ էջը: Արտեմը նշում է, որ հիմա իր ասելիքը շատ ավելի վեր է կենցաղային մակարդակից, իսկ միայն բարբառով ստեղծագործելով հնարավոր չէ դա հասցնել լսարանին։
Արտեմն ասում է, որ երբևէ բարբառային բառերի ծագումնաբանության թեմայով վեճի մեջ չի մտնում։
«Ասենք՝ ես ապացուցեցի որ բառը մերն է, ի՞նչ կտա ինձ»:
Բարբառը սպասարկման ոլորտում
Խորհրդային տարիներից ռուսերենը Ղարաբաղում կարևոր տեղ էր գրավում, և անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո Ղարաբաղում շարունակում են հաղորդակցվելիս օգտագործել ռուսերենը: Ոմանց համար ռուսերեն բառերը խոսակցական մակարդակում այնքան են արմատավորվել, որ երբեմն դժվարանում են գտնել բառի հայերեն տարբերակը:
Մի պարկ սոխ ու կարտոֆիլից ծնվեց «Բարդակը»:
«Ընկերներով երեկոյան հավաքվում էինք` հատկապես ցուրտ օրերին, վառարանի վրա կարտոֆիլ ու սոխ խորովում: Որոշ ժամանակ անց հասկացա, որ սենյակում ոչ միայն իմ ընկերներն են, այլև նրանց ընկերների ընկերները և մարդիկ, որոնց ես չեմ ճանաչում: Այդպես որոշեցի ստեղծել մի անկյուն, ուր մարդիկ կկտրվեն առօրյայից»,- պատմում է Ազատը`՝ Ստեփանակերտում գործող միակ փաբի՝ «Բարդակ»-ի սեփականատերը:
Ազատ Գրիգորյանն ասում է, որ փաբի անունն ընտրել էր պատահաբար և հետո հասկացել, որ ռուսերեն է, բայց ինչպես ինքն է հումորով նշում, ռուսերենն արդեն բարբառի մի մասն է կազմում:
Խմիչքների նախնական ցանկում 4 շիշ ալկոհոլ կար` 2-ը տնից էր բերել, 2-ը`գնել:
Շուրջ մեկ տարեկան «Բարդակ» -ում այսօր խմիչքները շատ են, ինքնատիպ գրությունները՝ եւս:
Պատերին նայելով կարելի է հասկանալ, թե Ղարաբաղի որ շրջանից է այցելուներ ունեցել Ազատը /Ղարաբաղի շրջանները տարբերվում են բարբառի յուրահատկությամբ` հնչերանգով եւ շեշտադրությամբ-հեղ/, ինչպես ինքն է ասում, խորհելու, նկարելու եւ մի մասնիկ իրենցից թողնելու լավագույն վայրն էլ լվացարանն է:
Մի քանի ամիս առաջ Ազատը սկսեց զբաղվել նաեւ շապիկների արտադրությամբ՝ փոխելով հայտնի բրենդների անվանումները, ավելացնելով ղարաբաղյան հնչերանգ:
Այսպես` New Yorkery-ը դարձավ New Yerkir /նշանակում է Նոր երկիր/, Levi’s—ը ԼավԸս՞ /նշանակում է Լա՞վ ես/, Dont Դիլխոր/անտրամադիր/ be ուրախ /don’t worry be happy-ի նմանակումը:
Ազատը տեղյակ է, որ դիլխոր / տխուր/ բառը նաև օգտագործում են Ադրբեջանում։
Բարբառը կիրառական արվեստում
«Եկ խտիմ քեզ» /արի քեզ գրկեմ/ վերտառությամբ բացիկը դարձավ Լիլիթի բիզնեսի սկիզբը: Կարճ ժամանակ անց նա սկսեց նկարել ոչ միայն բացիկների,այլեւ թերմոսների եւ բաժակների վրա:
«Սկզբնական շրջանում փորձում էի հասկանալ, թե մարդկանց ամենաշատը ինչն է ձգում: Պատվիրատուներին հարցնում էի, իսկ անգլերե՞ն, ռուսերե՞ն, թե՞ հայերեն եք ուզում գրությունը լինի, ու ստանում պատասխանս` բոլորը բարբառով էին ուզում գրությունները, ասում, որ հենց դրա համար են ինձ դիմել»:
Լիլիթ Մայիլյանն ասում է, որ վերջին մի քանի ամիսներին այդպիսի օր չկար, որ պատվեր չստանա, հիմա իր ստեղծած բաժակների թիվը անցնում է 100-ից:
«Ամենաշատ պատվերները ստանում եմ նախատոնական օրերին, մարդիկ օրիգինալ, տարբերվող ու բարբառի առկայությամբ նվեր են ուզում անել»,-ասում է նա:
MaYilyan Handmade արտադրանքը հասնում է Բելգիա,Կիեւ, ԱՄՆ, պատվերներ է ունեցել նաեւ Կապանից, Վանաձորից, Երեւանից:
Լիլիթի խոսքով՝ ամենահաճախ «եկ քեզ խտիմ»/արի քեզ գրկեմ/ արտահայտությունն են պատվիրում: Զարմանում էր`ինչո՞ւ հենց դա. «Հետո հասկացա, որ դա ջերմ արտահայտություն է, որ ամեն մի հոգեվիճակում ասում են, նույնիսկ ներողություն խնդրելիս: Ընդհանրապես կողմ եմ, որ մարդիկ միշտ արտահայտվեն, որպեսզի հետո փոշմանելու առիթներ չունենան»:
Ղարաբաղի բարբառն ակտուալ է նաեւ սոցիալական ցանցերում
Տաթեւիկ Խաչատրյանի հրապարակումների մեծ մասը բարբառով է, ինչպես ինքն է ասում, բարբառը միանշանակ չի ընդունվում, հաճախ նկատողություններ է ստանում մտավորականներից, ովքեր պնդում են, որ սոցիալական հարթակում անհրաժեշտ է հաղորդակցվել գրական մայրենիով:
Տաթեւիկի կարծիքով՝ բարբառները եւս գլոբալիզացիայի վտանգի առջեւ են կանգնած, եւ հնարավոր է, որ ապագայում անհետանան, ուստի հիմա որքան հնարավոր է պետք է օգտագործել: