Վերելակների երգը
Աստիճաններո՞վ բարձրանալ, թե՞ իր դարն ապրած վերելակով: Ստեփանակերտի 22 բարձրահարկ շենքերի բնակիչները ստիպված են այս հարցին պատասխանել ամեն օր:
32 վայրկյան
Երկու տարի առաջ ծնողներս նոր բնակարան գնեցին 9-րդ հարկում: Վերելակը գիտեմ, ինչպես սեփական ձեռքիս հինգ մատը: Եթե կոճակը սեղմելուց հետո ծանոթ ձայնը չի լսվում, ուրեմն վերելակը փչացել է կամ, ինչպես ասում է տարեց հարևանս, «ոչ այսկողմ, ոչ այնկողմ, տնային կալանք»:
Դռները բացվեցին: Չնայած որ կոճակների վրա թվերի հետքեր էլ չեն մնացել, փակ աչքերով կարող եմ անհրաժեշտ հարկի կոճակը գտնել: Եթե մատդ մինչև կեսը խրվում է կոճակի մեջ, դա առաջին հարկի կոճակն է: Այնուհետև պետք է մատդ բարձրացնես մինչև ամենավերևի կոճակը, իսկ հետո՝ մի քիչ աջ, և ահա 9-րդ հարկի կոճակը:
Սակայն աչքերն այլևս պետք չէ փակել: Վերելակում արդեն երկու ամիս է՝ լույս չկա: Լավ է, որ հեռախոսի վրա լապտեր կա: Կոճակը սեղմելուց հետո ուղիղ 32 վայրկյան է պետք, որ այն հասնի իմ ուզած վերջին՝ 9-րդ հարկ:
Ջազի 15 րոպե
Առավոտ է, վերելակում սովորականի պես մութ է, ահա ես արդեն ներսում եմ: Ականջակալների միջոցով լսում եմ Մայլզ Դևիսի Kind of Blue ստուդիական ալբոմը: Ակորդների բարդ համադրություններն ու իմպրովիզացիաները երբեմն խլացնում են առանցքակալների ճռճռոցը: Վերելակում անցկացրած 32 վայրկյանը ջազինն է:
Սակայն թե շարժիչի կոճին փոխանցվող լարումը թույլատրված սահմանը գերազանցեց, թե երկարատև շահագործումից առանցքակալը ճաքեց, կոնտակտների միջև կայծ անցավ, և վերելակի դռները չբացվեցին 33-րդ վայրկյանին, ինչպես դա լինում էր այս երկու տարվա ընթացքում:
Վերելակը 15 րոպեով կանգ առավ: Դա ջազի ժամանակ էր, ջազի 15 րոպե: Որից հետո փրկարարները բացեցին լռված դռներն ու ես կարողացա այդ արանքով դուրս գալ:
Երաժշտական վերելակ
Այսօր շատերն են բարձրահարկ շենքերում ապրում և վերելակից օգտվում: Իհարկե հերոսներ էլ կան, որոնք չեն ալարում տասներորդ հարկ ոտքով բարձրանալ, սակայն այդպիսի մարզկիներ հատուկենտ են լինում: Հատկապես եթե ինչ-որ մեկը հարսանիքից հարբած տուն է վերադառնում: Հենց այդպիսի մի իրավիճակ ստեղծվեց մեզ մոտ վերջերս:
Երեկոյան ժամը տասն էր, երբ Ստեփանակերտի մեր շենքի բնակիչներն իմացան, որ վերելակը հերթական անգամ փչացել է: Քանի որ ուշ ժամ էր, մասնագետի չզանգահարեցին: Միևնույնն է, նա միայն առավոտյան էր գալու: Սակայն…
Մեկուկես ժամից՝ 23:20, 7-րդ հարկի բնակիչ Գալինան, որին հոգնեցրեց անդադար երգեցողությունը, դուրս թռավ աստիճանավանդակ: Հարբած ձայները վերելակից էին գալիս:
Հինգ րոպե անց բոլոր հարևանները հավաքվեցին: Նրանք օգնության սպասեցին 20-30 րոպե, հետո Գալինայի բջջայինին զանգահարեցին և ասացին, որ մասնագետը շուտով կգա:
Եվ իրոք, մի փոքր անց փրկարարը եկավ, նա հաղորդեց, որ վերելակն ուղիղ 7-րդ հարկում է և արագ բացեց դռները:
Պարզվեց, որ ողջ այս ընթացքում վերելակում անդադար երգում էր հարբած Հրանտը, որը բարեկամի հարսանիքից էր վերադարձել:
Այդ օրվանից Տիգրան Մեծի փողոցի բնակելի շենքի վերելակը հանրահայտ դարձավ, այն «երաժշտական» են անվանում:
Անփոխարինելիները
Ստեփանակերտի ամենաերիտասարդ վերելակը 30 տարեկան է: Դեպքեր, երբ վերելակները հրաժարվում են աշխատել, գրանցվում են եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը մի քանի անգամ հաստատ: Սակայն վերջին մի քանի տարվա ընթացքում դժբախտ պատահարներ չեն եղել:
«Գ. Դոլուխանյան» մասնավոր ձեռնարկատերը մասնավոր վերանորոգումներով փորձում է բնակիչների անվտանգությունն ապահովել: Վերելակները ժամանակային առումով ավելի շատ վերանորոգման մեջ են լինում, քան աշխատում են: Եվ դրանց ամբարձիչ ուժի ցուցիչն օրեցօր պակասում է:
Վերելակները փոխարինելու ֆինանսավորումն իրականցվում է պետբյուջեի հաշվին: Մեկ վերելակը փոխելու համար 15 մլն դրամ [մոտ $31,000] է անհրաժեշտ: Բնակարանային կոմունալ տնտեսության տվյալներով՝ 2017թ-ից պլանավորվում է տարին մեկ փոխել մեկ վերելակ: Մեր վերելակի հերթը ե՞րբ կհասնի:
Ստեփանակերտում ընդհանուր առմամբ 22 բարձրահարկ շենք կա: Բնակիչները դեռ երկար տիպված կլինեն ամենօրյա հարցին պատասխանել՝ բարձրանալ աստիճաններո՞վ, թե՞ իր դարն ապրած վերելակով:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ խմբագրության կարծիքն արտահայտեն
Հրապարակվել է 24.11.2016