«Վարչապե՛տ, հեռացիր»․ Վրաստանում չորս հեռուստաընկերություն մեկ օրով դադարեցրել է հեռարձակումը
«Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հրաժարական տա։ Պատժե՛լ բոլոր մեղսագործներին»․ այսպիսի պահանջով Վրաստանի չորս հեռուստաալիքներ դադարեցրել են հեռարձակումը 24 ժամով։
Այսօր Վրաստանում մարել են առաջատար հեռուստաընկերությունների՝ «Պիրվելիի», «Մտավարիի», «Ֆորմուլայի» և «Կավկասիայի» էկրանները։
Հեռարձակման ժամանակավոր դադարեցումը Վրաստանում բողոքի մասշտաբային ակցիայի մի մասն է, որը գլխավորել են լրագրողները՝ օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվանից հետո։ Լեքսոն դաժան ծեծի էր ենթարկվել հուլիսի 5-ի անկարգությունների ժամանակ։
Չորս հեռուստաալիքների մարած էկրաններին առավոտից միայն մեկ հաղորդագրություն է՝ լրագրողների անունները, որոնք տուժել են հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ։
Բողոքի ակցիային մասնակցում են շրջանների հեռուստաալիքները․ նրանք հեռարձակումը կասեցրել են տասը րոպեով՝ հուլիսի 13-ին և ուղիղ 15 ժամով՝ Լեքսո Լաշկարավայի թաղման ժամանակ։
-
Հուլիսի 5-ի իրադարձությունների և Լեքսո Լաշկարավայի մահվան մասին՝ հակիրճ
Հուլիսի 5-ին Թբիլիսիում պետք է Արժանապատվության երթ անցկացվեր Փրայդ-շաբաթվա շրջանակում։ Երթը պլանավորված էր ժամը 18:00-ին։
Պատրիարքարանը շուտով այդ երթի դեմ ակցիա էր հայտարարել՝ իր կողմնակիցներին կոչ անելով փողոց դուրս գալ և երկիրը պաշտպանել «այլասերված կենսակերպից»։
Հուլիսի 5-ի առավոտյան հոմոֆոբների խումբը երթով հասել էր խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք սկզբից ավերել էին ընդդիմության վրանները, որոնք ամիսներով տեղադրված էին խորհրդարանի շենքի մոտ, այնուհետև՝ հարձակվել կատարվածը լուսաբանող լրագրողների վրա։
Նպատակաուղղված մեդիագրոհի հետևանքով հուլիսի 5-ին Թբիլիսիում տուժել է 53 լրագրող։
Հոգևորականությունը հավաքված խմբերին բացահայտ կերպով բռնության կոչ էր արել։ «Դուք պարզապես պարտավոր եք բռնության դիմել՝ հանուն մաքրության», — մասնավորապես ամբոխին էր դիմել արքեպիսկոպոս Սպիրիդոնը։
Դիտորդների կարծիքով՝ արմատականների գործողությունները սադրել է վարչապետ Ղարիբաշվիլիի հուլիսի 5-ի հայտարարությունը։ Նա իրավիճակի հնարավոր բարդացման համար նախապես մեղադրել էր ոչ թե բռնի հանրահավաքի մասնակիցներին, այլ՝ «Արժանապատվության երթի» կազմակերպիչներին, և նրանց կոչ էր արել երթեր չանել Ռուսթավելու պողոտայում։ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ պլանավորված «Արժանապատվության երթը» «տեղին չէ» և վտանգավոր է։ Նա ասել էր նաև, որ արժանապատվության երթի հետևում ընդդիմությունն է կանգնած։
«Արժանապատվության երթը» չեղարկվել էր, սակայն Ռուսթավելու պողոտայում անկարգությունները դեռ շարունակվել էին մի քանի ժամ։
Լրագրողների խոսքով՝ օրվա ընթացքում հանրահավաքի վայրում ոստիկանության աշխատակիցների թիվը բավարար չէր։ Սակայն ներքին գործերի նախարարն ասել է, որ այնքան ուժային է մոբիլիզացվել, որքան «հնարավոր է եղել»։
Ինչպես նշում են ԶԼՄ ներկայացուցիչները, հոմոֆոբները նրանց նպատակաուղղված են հետապնդել։ Որոշ լրագրողների վիրահատություն է պահանջվել և լուրջ բժշկական միջամտություն։
Նրանց թվում էր Լեքսո Լաշկարավան՝ «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատորը։ Նրա ու նրա գործընկեր Միրանդա Բագատուրիայի՝ TV Pirveli-ի լրագրողի վրա էին հարձակվել «Ամոթ» քաղաքական կազմակերպության գրասենյակում։ Բագատուրիայի խոսքով՝ Լաշկարավային ծեծել է 20 մարդ։ Ականատեսների խոսքով՝ հանցագործների թվում էին նաև հոգևորականներ։
Լաշկարավային հիվանդանոց էին տեղափոխել դիմային ոսկրերի կոտրվածքով և վիրահատել էին, այնուհետև երեք օր անց նա լքել էր կլինիկան։ Մահվանից մեկ օր առաջ՝ հուլիսի 10-ին, նա հյուրընկալվել էր «Պիրվելի» հեռուստաալիքի ցերեկային ծրագրին, որում պատմել էր հուլիսի 5-ի իրադարձությունների մասին։
Հուլիսի 11-ին Լաշկարավային մահացած էր հայտնաբերել մայրը։
Ընտանիքի անդամներն ասում են, որ Լաշկարավայի քթից արյուն էր գալիս։ Հարազատների վարկածով՝ ստացած վնասվածքների հետևանքով նա մահացել է թրոմբոէմբոլիայից։
Երիտասարդի մարմինն առանց ընտանիքի համաձայնության դատաբժշկական փորձաքննության էին տարել։ Պոլիէթիլենով փաթաթված տղամարդու մարմինն առանց անվասայլակի դուրս էին բերել տնից և տարել դեպի մեքենա։ Հանգուցյալի նկատմամբ նման վերաբերմունքը հանրության շրջանում դժգոհության ևս մեկ առիթ և սոցցանցերում քննարկման թեմա էր դարձել։
ՆԳՆ-ն միջադեպի հետաքննություն էր սկսել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Լաշկարավայի մահվանից հետո իշխանամետ կայքերը սկսել էին տեղեկություններ տարածել այն մասին, որ Լաշկարավան թմրանյութեր էր օգտագործում, և մահվան պատճառը կարող է գերդոզավորումը լինել։
Նույն օրվա՝ հուլիսի 11-ի երեկոյան ՆԳՆ-ն ճեպազրույց էր անցկացրել, որի ժամանակ կրկին տարածել էր Լաշկարավայի «ոչ սթափ լինելու» վարկածը։
Լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն հավատում կառավարության վարկածին։