Վաճառված մանկություն
Թբիլիսիի մետրոյում մուրացիկ երեխաները շատ են: Սակայն այս երեխան տպավորվել է հիշողությանս մեջ, նա փոքր սրբապատկերներ էր վաճառում: Հազիվ ինը տարեկան լինի, բայց երբ տեսնում ես, թե ինչպես է ծխում, ավելի շատ էլ կտաս:
— Էլ սրբապատկերներ չե՞ս վաճառում, — հայացքս ուղղում եմ դատարկ բաժակին, որի մեջ ողորմություն է հավաքում:
— Ո՛չ, հիմա երգում եմ, — ժպտում է նա, — դրա համար ավելի շատ փող են տալիս: Առավոտից արդեն 35 լարի եմ աշխատել:
Գնացքը ժամանում է, դռները բացվում են: Տղան մտնում է վագոն ու սկսում երգել:
Մեկ րոպե անց նրա կողքին է հայտնվում մեկ ուրիշ մուրացկան: Նա բաժակի պարունակությունը լցնում է ափը և սկսում հաշվել: Գրկի երեխան ձեռքը մեկնում է դեպի մանրադրամը:
— Քանի՞ տարեկան է, — հարցնում եմ նրան, երբ վերջացնում է հաշվել, իսկ գնացքը դեռ չկա:
Կինը պատասխանում է թեթևությամբ, գրեթե սիրալիր և մանրամասն. մեկ տարեկան չորս ամսական, ամենփոքրն է: Տանը ևս երեքն են սպասում, մեծը՝ հինգ տարեկան է, միջնեկը՝ երեք, փոքրը երկու:
Կինը պետությունից նպաստ է ստանում, սակայն նրա խոսքով, դա չնչին գումար է, այդ պատճառով էլ դուրս է գալիս «աշխատանքի»: Ես զարմանալի մանրամասներ գիտեմ այդ «աշխատանքի» մասին. գրաֆիկը նորմային չի համապատասխանում՝ առավոտյան 8-ից մինչև կեսգիշեր: Ստիպված է դայակ վարձել, որի վրա օրական 10 լարի է ծախսում: Դա օրվա վաստակի գրեթե մեկ երրորդ մասն է: Եթե միայնակ «աշխատես» շատ ավելի քիչ գումար կվաստակես: Այդ պատճառով էլ երեխա չունեցողները հաճախ երեխաներին «վարձակալում են» օրական 15-20 լարիով:
Մուրացկանությունը Վրաստանում ի հայտ է եկել 90-ականներին: Աստիճանաբար ողորմություն խնդրողները երիտասարդացան. այժմ դրանով հիմնականում երեխաներն են զբաղվում: Պետությունն առաջին անգամ խնդրի մասշտաբները գիտակցեց, երբ մուրացկանությունը մոտ 20 տարի հետո արդեն զանգվածային էր դարձել: Փողոցում ապրող և աշխատող երեխաներին օգնություն ցուցաբերելու առաջին լուրջ ծրագիրը մեկնարկել է միայն 2009-ին: Շնորհիվ այդ ծրագրի, Թբիլիսիում շարժական խմբեր հայտնվեցին, որոնց կազմում էին սոցիալական ծառայության աշխատակիցներ, հոգեբաններ, վարչական աշխատակիցներ և ուսուցիչներ: Նրանք կապ էին հաստատում երեխաների հետ, փորձում էին նրանց վստահությունը ձեռք բերել և համոզել, որ այցելեն ցերեկային կենտրոններ, որոնք Թբիլիսիում բացվել էին նույնպես այդ ծրագրի շրջանակում:
Ցերեկային կենտրոնում փողոցային երեխաները կարող են ուտել, քնել ու լոգանք ընդունել: Սակայն այդ համակարգի մեծագուն թերությունն այն է, որ երեխաները չեն կարող օգտվել ցերեկային կենտրոնների բոլոր ծառայություններից, եթե պաշտոնապես գրանցված չեն: Իսկ դա հաճախ հնարավոր չի լինում անել, քանի որ ոչ բոլորն են փաստաթուղթ ունենում: Ըստ օրենքի, անչափահասին գրանցելու համար նրա ծնողները կամ խնամակալները պետք է դիմեն Վրաստանի արդարադատության նախարարության կառույցներին: Սոցիալական ծառայությունների աշխատակիցները ստիպված են եղել կապ հաստատել ընտանիքների հետ, օգնել ծննդյան վկայականների կամ անձը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման հարցում: Դա շատ ժամանակ է խլում, և միշտ չէ, որ ստացվում է: 2013-ին արդեն նոր ծրագիր մեկնարկեց, այդուհանդերձ փաստաթղթերի հետ կապված խնդիրը կրկին չլուծեց:
Սակայն պետական կառույցները լավատեսորեն են տրամադրված: Վրաստանի արդարադատության նախարարությունը համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակել: Օրինագծի համաձայն, փողոցում ապրող և աշխատող երեխաներին «անտունի կարգավիճակ» է շնորհվում, իսկ սոցծառայողներին իրավունք է վերապահվելու դիմել նախարարություն այս կամ այն երեխային փաստաթուղթ տրամադրելու համար: Բայց արդյո՞ք այդ նորարարությունն իրոք երեխաների վիճակը կփոխի: Չէ՞ որ երեխաները սեփական կամքով չեն փողոց դուրս գալիս, այլ ծնողների, բարեկամների, ծանոթների դրդման կամ ճնշման արդյունքում: Իրավապաշտպանները կարծում են, որ այս օրինագիծը չի լուծում խնդիրը, այդ պատճառով էլ այն պետք է դիտարկել ոչ թե սոցիալ-տնտեսական, այլ իրավաբանական տեսանկյունից՝ որպես հանցագործություն:
— Այն փոփոխությունները, որոնք դիտարկում է խորհրդարանը, չեն լուծում գլխավոր խնդիրը, — կարծում է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Աննա Աբաշիձեն, — ենթադրենք, ես ընտանեկան բռնության զոհ եմ, և պետությունն ինձ մանկատուն է տեղափոխում, խոստանում կերակրել, սակայն իմ հանդեպ բռնություն գործադրողին ոչինչ չի անում: Չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է այդքան ռոմանտիկ տրամադրված լինենք բռնություն գործադրող ծնողների հանդեպ, ովքեր իրենց երեխաներին փողոց են նետում և ստիպում մուրացկանություն անել: Դա հավասարազոր է մարդասպանության:
Աբաշիձեն կարծում է, որ փաստաթղթերի հարցը կարգավորելու համար երկու տարի ժամանակ ծախսելու փոխարեն կառավարությունը պետք է մոբիլիզացնի իրավապահներին, ովքեր պետք է նպատակային զբաղվեն երեխաների դեմ կատարվող հանցագործություններով:
«Մի քանի հաջողությամբ բացահայտված գործեր, և իրավիճակը միանգամից կփոխվի դեպի լավը, ես համոզված եմ»:
Արդյո՞ք ընտանիքն իրոք փողի կարիք ունի, և այդ պատճառով է մայրը երեխայի հետ փողոց դուրս գալիս ու ողորմություն խնդրում, թե երեխայի հանդեպ բռնություն է դա և նրան ստիպում են գնալ փողոց աշխատելու, որոշում է սոցծառայության աշխատակիցը: Իսկ օրենսդրական փոփոխություններն ընդունելուց հետո սոցաշխատողը բռնության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել երեխային անմիջապես հեռացնել ագրեսորից: Ընդ որում, իրավապաշտպանների մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ սոցծառայողի վրա լրացուցիչ պարտավորություններ դնել, որի պատականություններն առանց այդ էլ շատ են, այն դեպքում, երբ երեխաների շահագործման փաստն ակնհայտ է: Ինչո՞ւ իրավապահները ոչինչ չեն ձեռնարկում: Եվ ինչո՞ւ ծնողական իրավունքներից չեն զրկվում նրանք, ովքեր բոլոր մարդկային օրենքներով արժանի են ամենախիստ պատժի: Այս հարցը դեռ պատասխան չունի, քանի որ պետությունը կամք չի դրսևորում մշակելու արդյունավետ մի համակարգ նրանց համար, ովքեր իրոք այդ օգնության կարիքն ունեն:
Հրապարակվել է 21.03.2016