Սև կատու
Թուրքական չորաբեռների նավն աշխատելիս: Լուսանկարն արված է Սուխումի ափամերձ հատվածում:
Աբխազիայում հետևում են Մոսկվայի ու Անկարայի միջև թափ հավաքող հակամարտությանը, որի պատճառը ռուսական ռմբակոծիչի խոցումն էր թուրք-սիրիական սահմանին, և չգիտեն՝ ինչ անեն: Մոսկվան միակ ռազմավարական գործընկերն է ամբողջական փաթեթով ու դրանից բխող դիվիդենդներով՝ սոցիալ-տնտեսական օգնությունից մինչև ռազամականը: Թուրքիան մի երկիր է, որտեղ ապրում են աշխարհում գոյություն ունեցող էթնիկ աբխազների 80 տոկոսը: Նրանց թիվը Թուրքիայում հասնում է 500 հազարի, սփյուռքը կազմավորվել է 150 տարի առաջ Կովկասյան պատերազմից հետո:
Ենթադրվում է, որ հենց այդ պատճառով է Անկարան Աբխազիայի հանդեպ մեղմ քաղաքականություն վարում վրաց-աբխազական պատերազմից հետո: Թուրքիան չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, սակայն ոչ միայն չի խոչընդոտում առևտրային հարաբերություններին ու Թուրքիայում առկա սփյուռքի հետ Սուխումի պաշտոնական շփումներին, այլ նաև ոչ բացահայտ կերպով խրախուսում է համագործակցույթունը:
90-ականներին, երբ ելցինյան Ռուսաստանի հետ շփման աստիճանը գրեթե զրոյական էր, և Մոսկվան Աբխազիային խիստ տնտեսական շրջափակման մեջ էր պահում, Թուրքիայի հետ առևտուրն էր ինչ-որ կերպ նպաստում աբխազական տնտեսությանը: Այն տարիներին Աբխազիայի արտաքին առևտրաշրջանառության գրեթե 90 տոկոսը Թուրքիային էր բաժին ընկնում:
Նույնիսկ այն բանից հետո, երբ 2000թ. Ելցինին փոխարինեց Վլադիմիր Պուտինը, և Ռուսաստան-Աբխազիա հարաբերությունները կտրուկ փոխվեցին, Թուրքիայի հետ համագործակցությունը (համենայնդեպս առևտրատնտեսական) նախկինի պես աբխազական տնտեսության կարևոր սեգմենտ էր կազմում: Այս պահի դրությամբ երկրի արտաքին առևտրաշրջանառության 20 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային:
Ռուսաստանում Թուրքիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցներն այժմ ուղղակիորեն հարվածում են Աբխազիա-Թուրքիա տնտեսական հարաբերություններին: Ձևացնել, թե Մոսկվայի ու Անկարայի միջև անցած «սև կատուն» չի վերաբերում Աբխազիային, հազիվ թե ստացվի: Աբխազիան, որի համար Ռուսաստանը միակ ռազմավարական գործընկերն է, ստիպված պետք է լռելյայն համաձայնությամբ Մոսկվայի կողմը պահի:
Եվ եթե ոչինչ չփոխվի, պատժամիջոցներն, անկասկած, կհարվածեն միանգամից մի քանի ուղղությամբ:
Ամենացավոտ հարվածը կլինի ձկնաբուծական արդյունաբերությանն ու ածխային հանքարդյունաբերությանը: Աբխազիայի տնտեսական ջրերի ողջ ձուկը թուրքական ձկնորսանավերով է դուրս բերվում: Հետո այն մշակվում է հենց տեղում վերջերս կառուցված 4 գործարաններում, և պատրաստի ապրանքն արդեն ձկան փոշու տեսքով ուղարկվում է Թուրքիա: Հաշվի առնելով, որ սեզոնը դեկտեմբերին է սկսում, թուրքական ձկնորսանավերին փոխարինող գրեթե անհնար է գտնել:
Ավելի դրամատիկ է ածխահանության հետ կապված իրավիճակը: Թուրքական «Թասմաշ» ընկերությունն արդեն 10 տարի է զբաղվում է Տկվարչալի ածխի արդյունաբերությամբ և բյուջե ձևավորող ընկերություն է Աբխազիայի առանց այդ էլ դեպրեսիվ Տկվարչալի շրջանի համար: Ածխի արդյունահանման դադարեցումը փաստացի այս շրջանը կզրկի սեփական վաստակից ու կբերի բնակչության արտագաղթին:
Թուրքական ‘Թամսաշ’ ածխային ընկերության գրասենյակը Տկվարչալում
Եթե ոչինչ չփոխվի, թուրքական առաջին անհրաժեշտության ապրանքի վաճառքով զբաղվող փոքր ու միջին բիզնեսին սնանկության շղթա է սպասվում: Խաղի նոր կանոներից կտուժեն Թուրքիայից շինանյութ ներկրող ու շուկայի բացարձակ առաջատար ընկերություննրը:
Բայց գոյություն ունի մեդալի հակառակ կողմը՝ տուրիստական բիզնեսը կատարվող իրադարձություններին այնքան էլ վատատեսական չէ տրամադրված: 5 մլն ռուս տուրիստներ այժմ չեն կարողանա հանգստանալ Թուրքիայում (հաշվի առնենք նաև Եգիպտոսի փակ հանգստավայրերը), և այդ քանակի զգալի մասը հայացքը կուղղի դեպի Աբխազիա: Նույնիսկ եթե նրանք նախընտրեն Կրասնոդարի հանգստավայրերը, դեպի Ռիցա լիճ կամ Նոր Աֆոնի քարանձավ ավանդական էքսկուրսիային պետք է մասնակցեն:
Բացի այդ, Աբխազիայի գյուղատնտեսները նույնպես թեթևացած շունչ կքաշեն. նրանք արդեն շահել են արդեն մի տարի գործող ներմուծումը փոխարինող ռուսական ծրագրի հաշվին, որը արդյունք էր եվրոպական ապրանքի հանդեպ կիրառած պատժամիջոցների:
Գործընթացները սկսվել են, և հետ գնալ հնարավոր կլինի միայն, եթե Մոսկվան ու Անկարան հաշտվելու ճանապարհներ գտնեն: