Սևանի էկոհամակարգի առողջացման պայքարին միանում են մարզի բնակիչները
Սևանի էկոհամակարգի առողջացում
Հայաստանի ամենամեծ լճի էկոհամակարգը վերջին տասնամյակներում զգալիորեն տուժել է ռեսուրսների ոչ գրագետ կառավարման և սպառողական անբարեխիղճ գործունեության արդյունքում: Մինչդեռ Սևանը մեծ կարևորություն ունի շրջակա միջավայրի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի համար։
Վերջին շրջանում Սևանա լճի անվտանգային խնդիրները մտահոգում են ոչ միայն բնապահպաններին ու պետական մարմիններին, այլև մարզի բնակիչներին:
Հայաստանի ջրային ավազանում այս լճի դերը բացառիկ է։ Առաջացած խնդիրներին գործնական լուծումներ տալու համար գործադիրը հաստատել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ. ռազմավարությունը»:
Եթե փորձենք պարզ ներկայացնել, ապա պետությունն իր ռեսուրսներով և միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ցանկանում է առողջացնել Սևանի էկոհամակարգը:
Այն ենթադրում է միջոցառումներ ջրի մակարդակի կառավարման և դրա որակի բարելավման ուղղությամբ, լճին շրջապատող բնական ռեսուրսների մտածված օգտագործում:

- Էկոպարեկային ծառայություն Հայաստանում. բնության պահպանություն 24/7 ռեժիմով
- Էկոտուրիզմ Սյունիքում․ հաճույք զբոսաշրջիկների և աշխատանք տեղացիների համար
- Ծառեր և ֆլամինգոներ՝ որպես իշխանության խորհրդանիշ։ Ի՞նչ է ստացվել վրացի օլիգարխի «քմահաճույքից»
Սևանին օգնել վարքագծի փոփոխությամբ
Սիրանուշ Կարապետյանը աշխարհագրության ուսուցիչ է։ Ասում է, որ իր աշակերտներին հաճախ է տարել Սևանի ավազան ճանաչողական այցով.
«Սկզբում երեխաներին տանում էի ուղղակի հիանալու Սևանով, եկեղեցի բարձրանալու, տպավորությունները գեղանկարի միջոցով ցույց տալու։ Հետո, երբ նկատեցի, որ մարդկանց վերաբերմունքը լճի հանդեպ ագրեսիվ է դարձել, այդ այցերի տրամաբանությունը փոխեցի։ Ստիպված եղա երեխաների հետ անկեղծ զրուցել Սևանի խնդիրների շուրջ՝ աղտոտվածություն, ջրի վատ որակ, թափոնների կառավարում և այլն»:

Արդյունքում՝ տարբեր դասարանների աշակերտներից ձևավորվել է 18 հոգանոց խումբ, որն ամեն ամսվա վերջին շաբաթ օրը Սևանի ավազանի տարբեր հատվածներում իրականացնում է աղբի հավաքում։
«Սա կամավորական աշխատանք է, երեխաների նախաձեռնությունը, որին աջակցում են նաև ծնողները: Նրանք հասկացան, որ ուզում են այս փոքր գործողությամբ օգնել լճին: Շատերն ընթացքում որոշեցին, որ պետք է ոչ միայն աղբ հավաքել, այլ զբաղվել մարդկանց իրազեկումով: Խմբից մի քանի հոգի առանձնացան և սկսեցին այլ ուղղությամբ գործել։ Մոտենում են տարածքում հանգստացողներին, ձկնորսներին և այլ մարդկանց, խնդրում աղբն իրենց հետ վերցնել և թափել այդ նպատակով նախատեսված հատուկ վայրերում և աղբամաններում»,- պատմում է ուսուցիչը:
Նրա խոսքով՝ երեխաների ոգևորությունը կոտրել հնարավոր չէ, գալիս են հատուկ ձեռնոցներով, աղբի հավաքման գործիքներով, պարկերով: Հավաքելուց հետո աղբով պարկերը տանում են դեպի մայրուղի, որպեսզի նկատվեն և հատուկ մեքենաներով տեղափոխվեն աղբավայրեր:
Քանի որ շատ են լինում լճի հարակից տարածքներում, հաճախ են իրենց նման կամավորների հանդիպում՝ հիմնականում կրթական հաստատություններից, նաև օտարերկրացի հանգստացողներ:

Սիրանուշի կարծիքով՝ լճին ամենաշատը վնաս են հասցնում ռեստորաններն ու հյուրանոցները.
«Դրանք աղտոտում են ջուրը ինչպես կենցաղային աղբով, այնպես էլ կոյուղաջրերով։ Որևէ օբյեկտից ճշտում անել պետք չէ։ Մենք ինքներս մեր աչքով տեսնում ենք, թե ինչ անմարդկային վերաբերունք ունեն։ Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է օգտվել լճի բարիքներից և այդքան վնաս հասցնել: Չեմ համաձայնի, եթե ասեք՝ չեն գիտակցում, թե ինչ են անում»:
Մյուս կարևոր խնդիրը, որ նկատել են լճի ավազանը պարբերաբար մաքրողները, դա անբարեխիղճ անասնապահությունն է․
«Շատ ենք նկատում անասնապահների։ Հիմնականում կովեր են արածեցնում: Անասնապահները տարածքում թափում են իրենց աղբը։ Իսկ կովերը գարնանը մինչև ամառվա սկիզբ արածում են ամբողջ խոտածածկ տարածքը, հետո անցնում կարճ ճյուղավորում ունեցող ծառերին: Որոշ տեղանքներում ստվեր չես գտնի, որ մի քանի րոպե հանգիստ առնես»:
Լճի պաշտպանության ծրագրեր
Սևանա լճի էկոհամակարգի վերականգման համար այժմ իրականացնում են մի քանի ծրագրեր, որոնք տարբեր խնդիրներ են լուծում։ Որոշներն էլ, ի դեպ, մշակման փուլում են։ Գործող ծրագրերից ամենախոշորը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրն է։ Դրա հիմնական նպատակը ջրի մակարդակի կայուն կառավարմումն ու ջրի որակի բարելավումն է:
«Սևանա լճի բնապահպանական դիմադրողականության ամրապնդում և կայուն տնտեսության խթանում» ծրագիրը նպատակ ունի օգնել լճին վերականգնել բնական էկոհամակարգը, այդ նպատակով գործի են դրվելու կեղտաջրերի մաքրման հատուկ կայաններ:
Հաջորդը «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ծրագիրն է։ Այն նպատակ ունի լճի ավազանում պահպանել կենսաբազմազանությունը՝ անտառների, արոտավայրերի, մշակահողերի, ցամաքային և ջրային ռեսուրսների կայուն կառավարման ու օգտագործման միջոցով:
Մարտունիում մարդիկ պայքարում են լճի ու իրենց ապագայի համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում» ծրագիր շահառուն է: Այն իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Ծրագիրն օգնելու է համայնքին ոչ միայն պահպանել լճի էկոհամակարգը, այլև դրանից օգուտներ ստանալ:
Համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանն ասում է, որ ծրագիրն աջակցելու է ֆերմերներին, պետական և մասնավոր ծառայություններին արոտավայրերի, մշակահողերի, անտառների, ջրային ռեսուրսների կառավարման գործում․
«Այս ամենն իրականացվելու է՝ օգտագործելով կայուն գյուղատնտեսության և հողերի կառավարման ժամանակակից մեթոդներ։ Ծրագրի շրջանակում համապատասխան մասնագետներն արդեն այցելել են Մարտունի համայնք և համայնքապետարանի մասնագետների հետ համեմատել և համատեղել են իրենց ունեցած քարտեզները համայնքայինի հետ։ Եվ դրանից հետո հավաստիորեն ամրագրվել են թիրախային կետերը։ Նպատակն է կրճատել կենսաբազմազանության կորուստները և պաշտպանել գլոբալ նշանակության կենսավայրերն ու տեսակները»։
Ծրագիրն օգնելու է այս համայնքին կատարել կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի կոնվենցիաների ներքո ստանձնած միջազգային պարտավորությունները։
Պաշտոնյայի խոսքով, համայնքի Վարդենիկ բնակավայրում ծրագրի շրջանակներում կառուցվելու է ջրխմոց։ Եվ արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների կատարման մրցույթ։ 2026թ-ի սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է կառուցել և վերանորոգել ոռոգման ջրատարեր։
Արմեն Շահինյանը կարևորում է այս ծրագրի սոցիալական ազդեցությանը, քանի որ էկոհամակարգերի պահպանությունը արտահայտվում է բնակչության կյանքի որակի փոփոխությամբ․
«Մաքուր օդն ու ջուրը նվազեցնում են հիվանդությունների առաջացումը, կանաչ տարածքների առկայությունը նպաստում է հոգեկան հանգստին։ Ծրագրի շահառունները շատ են և ընդգրկում են տարբեր մակարդակներ: Դա գյուղացիական տնտեսություններն են, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Մի խոսքով, ողջ տեղական համայնքն է, որն օգտվում է մաքուր ջրից, անտառային ռեսուրսներից, բժշկության համար օգտագործվող բույսերից և այլ բարիքներից»։
Ծրագրի օգուտներից նա կարևորում է հատկապես հողերի գրագետ կառավարումը։ Այն կնպաստի այնպիսի բնական միջավայրի պահպանմանը, որտեղ առկա է բնական ֆիլտր, որն ուղղորդում է տեղումներն ու մակերևույթային հոսքերը, զտում տոքսիներն ու վնասակար նյութերը:
«Հողերը՝ հատկապես հումուսով հարուստ, կլանում են ածխաթթու գազը՝ դրանով նպաստում գլոբալ տաքացման մեղմացմանը։ Բուսածածկ հողերը կանխում են հողային էռոզիան՝ պաշտպանելով գետերը և լճերը նստվածքներից։ Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում են նաև սեմինարներ, որոնց ժամանակ խրախուսվում է հրաժարվել վնասաբեր գյուղատնտեսական պրակտիկաներից, շեշտադրվում է հողերի կայուն կառավարման պրակտիկան»,- պատմում է Արմեն Շահինյանը։
Ծրագրի հաջող իրականացման համար կարևոր է համարում տեղաբնակների ներգրավվածությունը։ Չէ՞ որ նրանց համար Սևանա լիճը ոչ թե տեսարան կամ հանգստավայր է, այլ բնակավայր։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սևանի էկոհամակարգի առողջացում