Սրբավիրուս։ Ռուսաստանում պանդեմիայից պաշտպանվում են՝ բոլորով միասին համբուրելով սուրբ մասունքները
Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի Կազանի տաճարում, արդեն մի քանի օր է, ինչ հազարավոր մարդիկ են հավաքվում։ Այստեղ Երուսաղեմից բերվել են Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքները․և մարդիկ գնում են ոչ միայն դրանց խոնարհվելու, այլև համբուրելու և հաղորդություն ստանալու, բոլորը՝ մեկ գդալով։
Եկեղեցու սպասավորները վստահեցնում են, որ վարակման ոչ մի վտանգ չկա։ Ընդհակառակը, հավատքը պաշտպանում է մարդկանց։ Ընթացքին հետևել է ռուսական Նովայա գազետայի թղթակիցը։
Հաղորդության առաջին օրը՝ մարտի 10–ին, Կազանի տաճարը լի էր հավատացյալներով, որոնք տենչում էին շուրթերով հպվել փոքր արկղի վրա դրված ապակուն, որում գտնվում էին մասունքները։
Տղամարդիկ և կանայք՝ երեխաների ձեռքը բռնած կամ մանկասայլակներով, ավելի շատ տարեցներ, քան երիտասարդներ։
«Մենք հավատք ունենք, հասկանո՞ւմ եք, – հասկացնում էր ինձ ձեռագործ բերետով տարեց կինը։ – Կարծում եք՝ վտանգավո՞ր է։ Իսկ աստված մի՞թե թույլ կտա, որ վարակվենք։ Թույլ չի տա։ Հանգիստ կանգնեք։
Մենք բոլորս էլ նույն գդալով ենք հաղորդություն ստանում։ Իսկ այստեղ կարող են տուբերկուլյոզով և անգամ ՁԻԱՀ–ով հիվանդներ լինել։
Սակայն եթե հավատում եք, որ Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին, ձեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու»։
«Ոչ մի վարակ էլ չկա, – միանում է նրա կողքը կանգնած երիտասարդ կինը։ – Մեզ՝ հավատացյալներիս, համար։ Դուք՝ ինչպես գիտեք։ Եթե վախենում եք, միգուցե պետք չէ այստեղ կանգնել»։
•Կորոնավիրուսը Ռուսաստանում․ թոքաբորբի դեպքերի կասկածելի աճ
•Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր՝ տարածաշրջանի վերաբերյալ
Մասունքների արկղը պետք է համբուրել և խաչակնքվելով արագ մի կողմ քաշվել, որպեսզի նույն բանը կարողանա անել հերթում կանգնած հաջորդ հավատացյալը։
Դրա կողքն այդ ողջ ընթացքում կամավոր է կանգնած։ Նա կտորով երբեմն մաքրում է ապակին, որը համբուրում են։
Նման աննախադեպ միջոցառումների Կազանի տաճարը դիմել է կորոնավիրուսի պատճառով։
Այնտեղ էլ հենց սեղան կա, վրան՝ ցուցատախտակ․ «Կրոնական հարցերով խորհրդատու»։
«Ի՞նչ կորոնավիրուս, — զարմացավ խորհրդատուն իմ հարցից։ – Դե լավ, դա պարզապես հիմարություն է»։
Ըստ խորհրդատուի՝ Հովհաննես Մկրտչի մասունքները հավատացյալների համար բերվել են ոչ թե ի հեճուկս կորոնավիրուսի, այլ հենց դրա պատճառով։
«Որովհետև համաճարակ է, այդ պատճառով էլ կարևոր է այստեղ գալը, – պարզաբանում է նա։ — Չէ՞ որ համաճարակը կապված է նաև հոգևոր հիվանդությունների հետ։ Մեզ մոտ ամենից շատ մարդիկ կորոնավիրուսից չեն մահանում։ Ինքնասպանություն են գործում։ Հիվանդություններից նույնպես մահանում են, այո։ Սակայն նախկինում էլ էին մահանում»։
Թեմը, վստահեցրեց ինձ խորհրդատուն, ոչ մի կասկած չուներ, թե արդյոք հավատացյալները պետք է համբուրեն մասունքները կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ։
Ընդհանուր առմամբ, հերթը, որում ես մոտ 600 մարդ հաշվեցի, անցավ պակաս քան կես ժամում։ Մասունքները հասանելի են հավատացյալներին մարտի 10-ից, նրանց կարելի է խոնարհվելմինչև մարտի 17–ը առավոտյան 8–ից մինչև երեկոյան 11–ը։
Ոչ բարդ մաթեմատիկական հաշվարկները կարող են հուշել, թե որքան հավատացյալ այդ ընթացքում կարող է լաթով մաքրվող ապակու վրա թողնել իր կենսաբանական հետքերը։
Միաժամանակ տաճարում ևս մեկ հերթ կա, այն ավելի կարճ է․ այնտեղ համբուրում են Կազանի Աստվածամոր սրբապատկերը։
Մարտի 16–ին Ռուսաստանում վտանգավոր թիվ է գրանցվել․ կորոնավիրուսով վարակման միանգամից 30 նոր դեպք։ Այսպիսով, հիվանդների թիվը հասել է 93–ի։ Ռուսաստանում հսկողության տակ է շուրջ 15 հազար մարդ։ Մահացության դեպքեր չեն գրանցվել։
Մարտի 16–ին Ռուսաստանի կառավարությունը կորոնավիրուսի պանդեմիայի հայտարարումից ի վեր առաջին անգամ է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։ Դպրոցներում երեք շաբաթով արձակուրդ է հայտարարվել և սահմանափակումներ են հրահանգվել․ մեկ տարածքում չպետք է հավաքվի ավելի քան 50 մարդ։ Հայտարարվել են նաև տնտեսության աջակցության միջոցներ։ Ստեղծվել է 300 մլրդ ռուբլու [մոտ $3,5 մլրդ] հակաճգնաժամային ֆոնդ և կորոնավիրուսային կարանտինում հայտնվածների համար հիվանդանոցային օրերի դիմաց հատուկ վճար։
.