Սպանության տարելից
Մեհդիաբադի գերեզմանոցը քաղաքից բավականին հեռու է: Այդ պատճառով էլ մեկ տարի առաջ սպանված լրագրող Ռասիմ Ալիևին հիշելու համար ստիպված էին ավտոբուս վարձել:
Ռասիմի շիրիմը գերեզմանոցի ծայրին է՝ նրա ընտանիքին պատկանող ցանկապատած հատվածում: Շուրջը ցածր եղևնիներ են և դեղին ապշերոնյան ավազ: Աննկարագրելի շոգ է, տղամարդիկ դեմքները սրբում են թաշկինակներով:
Լրագրողի սպանություն՝ շոկային է հնչում: Հաշվի առնելով ադրբեջանական մամուլի հանդեպ ցուցաբերվող պատիվը՝ ինքնըստինքյան պատկեր է ստեղծվում. լրագրողի՝ պատվերով սպանությունը, անարդարացի քննությունն ու անպատիժ հանցագործը: Մեկ տարի առաջ այդ նորությունը մեդիաաշխատակիցների և իրավապաշտպանների վրդովմունքն առաջացրեց. Ռասիմին մահու չափ ծեծել էին Ջավիդ Հուսեյնովի ընկերներն ու բարեկամներն, ում նա քննադատել է սոցցանցերում: Փաստացի սպանեցին ֆեյսբուքյան գրառման համար:
Ռասիմը մահացավ մեկ օր անց Սեմաշկոյի անվան հիվանդանոցում, այդ պատճառով էլ և՛ նրա ընտանիքը, և՛ մեղադրյալների ընտանիքը դատարանում պահանջում էին պատասխանատվության ենթարկել բժիշկներին, սակայն դա անել չհաջողվեց, ինչպես նշեց Ալիևների ընտանիքի փաստաբան Ֆարիզ Նամազլին:
Այդ գործով մեղավոր էին ճանաչվել Էլշան Իսմայիլովը, Ջամալ Մամեդովն ու 3 այլ անձինք: Նրանք բոլորը 9-13 տարի ազատազրկման դատապարտվեցին: Ինքը Ջավիդ Հուսեյնովը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման:
Քանի դեռ քննություն էր ընթանում, լրագրողներն ուշադիր հետևում էին գործընթացին: Ամենամանրամասն նորությունները հաղորդում էր ANN.Az տեղեկատվական պորտալը, որտեղ աշխատում էր Ռասիմը, նա գլխավորում էր ANN TV-ի տեսախումբը:
Բնականաբար Ռասիմի գործընկերները գերեզմանատանն էին օգոստոսի 9-ին այլ լրատվամիջոցների լրագրողների, քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների և նույնիսկ քաղաքական գործիչների հետ:
Օրինակ, այնտեղ էր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդ Իսա Գամբարն, ով հայտարարեց. «փաստացի մենք գործ ունենք քաղաքական սպանության հետ, քանի որ ազատ մամուլն ու խոսքի ազատությունն Ադրբեջանում իշխանության կողմից մշտական ճնշման տակ է»:
«Ռասիմ Ալիևի պես լրագրողի ու պրոֆեսիոնալի մահը մեծ կորուստ է անկախ ազգային մամուլի համար, որից առանց այդ էլ բան չի մնացել», — ասում է «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը: Նրա խոսքով, պետությունն ինքն է պայմաններ ստեղծել, որի դեպքում մարզիկներն էլիտա են, իսկ անկախ մամուլն, ընդհակառակը, մարգինալացվել է: Որպես մամուլի հանդեպ պետության վերաբերմունքի օրինակ նա նշեց «Մամուլի խորհրդի» և իշխող կուսակցության ներկայացուցիչների բացակայությունն այդ միջոցառմանը:
«Մամուլի խորհրդի»՝ Ադրբեջանում լրագրողների իրավունքների պաշտպանությամբ պաշտոնապես զբաղվող միակ կազմակերպության ներկայացուցիչներն անցյալ տարի նույնպես ներկա չէին հրաժեշտի արարողությանը:
Տատյանա Կրյուչկինա, լրագրող, Թղթակիցների ազատության ու անվտանգության ինստիտուտի աշխատակից. «Անցյալ տարի սպանվեց մեր կազմակերպության նախկին նախագահ և լրագրող Ռասիմ Ալիևը: Նրա մահն, ինչպես նաև սպանված այլ լրագրողների մահը մինչև վերջ չի հետաքննվել: Վերջերս հարցազրույցի պատճառով փակեցին ANS հեռուստաալիքը: Երկրում անկախ հեռուստաալիքներ չկան և բացակայում են այլ անկախ լրատվամիջոցներ»:
Թղթակիցների ազատության ու անվտանգության ինստիտուտը, որը տարբեր ժամանակներում գլխավորել են Էմին Հուսեյնովը (ներկայում քաղաքական էմիգրանտ) և Ռասուլ Ջաֆարովը, զբաղվում էր լրագրողների, ինչպես նաև օգնության խնդրանքով դիմող այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: Երկու տարի առաջ ամռանը ոստիկանական խուզարկությունից հետո կազմակերպության գրասենյակը փակվեց: Ինքը Ռասիմ Ալիևը դրանից հետո մի քանի անգամ Ֆեյսբուքում գրել էր, որ իրեն սպառնում են:
Չնայած որ Ռասիմի մահն ինքնին ուղղակիորեն կապված չէ նրա գործունեության հետ, նրա գործընկերներից շատերի կարծիքով քաղաքական իրավիճակն ու անկախ դատարանների բացակայություննը հանգեցրին նրան, որ լրագրողի կյանքը թանկ չէ: Այսինքն, ինչ-որ «մասնագիտությունների պայմանական վարկանիշի» համաձայն, լրագրողներն այն մարդիկ չեն, ովքեր կարող են հույսը դնել պետության պաշտպանության վրա: Ի տարբերություն մարզիկների: Համենայնդեպս սա տարածված կարծիքներից մեկն է:
Այնուամենայնիվ, տխուր առիթով ann.az կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ գործի քննությունը երկրի նախագահի անձնական վերահսկողության տակ է:
Հրապարակվել է 13.08.2016