Սուխումն այնպիսին, ինչպիսին այն կարող է դառնալ
Երեք բեռլինցի ճարտարապետ-ուրբանիստներ աբխազ ակտիվիստների և հասարակ բնակիչների հետ միասին ապագա Սուխումն են գծագրել:
Դա Սուխումի «ՍԿԼԱԴ» մշակութային հարթակի և «Ռաումլաբոր» գերմանական անկախ կազմակերպության համատեղ նախագիծն էր: Այն 2 փուլ էր ներառում՝ հետազոտական և գործնական:
Սկիզբը. Ծանոթություն քաղաքի հետ
Սկզբում նախագծի հեղինակները՝ գերմանացի ճարտարապետ Մարիուս Բուշն ու երիտասարդ աբխազ ճարտարապետները, թափառում էին քաղաքում և հետազոտում այն:
«Նախանշվում է քաղաքային մթնոլորտը, տեղի է ունենում ծանոթություն բնակիչների հետ: Կարելի է որոշել, թե ինչն է համապատասխանում քաղաքին և ինչ տեսք այն պետք է ունենա: Ինչպես նաև, երբ հետազոտում ես քաղաքը, դրա հանդեպ սեփական վերաբերմունքն ես ունենում», — պատմում է «ՍԿԼԱԴ»-ի համադրող Տատյանա Երգունովան:
«Ռաումլաբորի» ճարտարապետներին «ՍԿԼԱԴ» մշակութային հարթակի հետ առաջարկել է աշխատել շվեյցարական «Արտսոֆֆոնդեյշն» հիմնադրամը:
Մարիուս Բուշն այսպես ասած հետախուզության էր եկել և աբխազական մայրաքաղաքն ակամա համեմատում էր հարազատ Բեռլինի հետ: Քաղաքները, նրա խոսքով, բացարձակապես տարբեր են:
«Հենց եկա Սուխում, հանգստության զգացում ունեցա: Մարդիկ այստեղ հանգիստ են և բարեհամբույր և՛ միմյանց, և՛ իմ հանդեպ: Բացի այդ, Սուխումը շատ հետաքրքիր է ճարտարապետական տեսանկյունից: Այստեղ կարելի է հստակ տեսնել ճարտարապետական պատմության տարբեր շերտեր: 20-րդ դարի շենքերի առատություն, այնուհետև՝ խորհրդային ճարտարապետության շերտ, բացի այդ, պատերազմից հետո այստեղ շատ քանդված շենքեր են մնացել, և դրանում մեծ ներուժ կա», — ասում է Մարիուս Բուշը:
Երկրորդ քայլ. առափնյա հատվածի պլանավորում
Միջազգային ստեղծագործական խումբն իր աշխատանքը սկսեց Մուջահիրների առափնյա հատվածում բաց աշխատանքով. մեծ պաստառի վրա աբխազ և գերմանացի ճարտարապետները գծում էին ապագա Սուխումի քարտեզը: Քաղաքի բարեկարգման իր գաղափարը կարող էր արտահայտել յորանքանչյուր ոք:
Սուխումին խորհուրդ տալու նպատակով մի ամբողջ հերթ գոյացավ: Շատ բան առաջարկվեց՝ աներևակայելիից մինչև անհրաժեշտը. Դմիտրի Գուլիայի լեզվի կենտրոն, միջազգային գրադարան, առևտրի կենտրոն գնացքում, հեծյալ ոստիկանություն և այգի՝ «Ամրա» ռեստորանի փոխարեն: Սուխումցիների երևակայության սահմանները հսկայական էին:
Ճարտարապետ Բենիամին Բալդենիուսը ցուցադրում է երևակայելի Սուխումի քարտեզը. «Սա շատ զվարճալի օբյեկտ է: Երբ մենք նկարում էինք առափնյա հատվածում, մեզ մոտեցավ ոստիկանության աշխատակիցն ու արտահայտեց իր ցանկությունը: Նա ուզում էր հեծյալ ոստիկան լինել, ինչպես Հայդ պարկում: Եվ մենք մտածեցին՝ իսկ ինչո՞ւ ոչ: Ձիերն ավելի նախընտրելի են, քան մեքենաները, նրանք չեն աղտոտում շրջակա միջավայրը: Եվ այդպես մենք ստեղծեցինք հեծյալ ոստիկանության բաժանմունք»:
Ապագա Սուխումի քարտեզի վրա կոլեկտիվ գործունեության արդյունքում ամեն ինչից զատ հայտնվեց նաև առևտրի կենտրոնը գնացքի ներսում:
«Քանի որ ապրանքը, որն ուզում եք վաճառել առևտրի կենտրոնում, պետք է այնտեղ տեղափոխել: Իսկ եթե հենց տրանսպորտը, ասենք՝ գնացքն եք օգտագործում որպես արևտրի հարթակ, ապա հեշտ է առևտրի կենտրոնը տեղափո[ել, վաճառքն իրականացնել կենտրոնական կայարանում, իսկ հետո, օրինակ, Սինոպի կայարանում: Եվ մարդիկ ստիպված չեն լինի ոչ մի տեղ գնալ, կարող են սպասել, մինչև առևտրի կենտրոնը կգա իրենց մոտ: Դա ժամանակ և էներգիա կտնտեսի, կնվազեցնի արտանետումները դեպի մթնոլորտ, բացի այդ, հարկ չի լինի քաղաքի կենտրոնում հսկայական և տգեղ շենք կառուցել», — ասում է Բենիամին Բալդենիուսը:
Թռիչք Գումի կայարանից
Գումի կիսալքված երկաթուղային կայարանը մի քանի տարի առաջ ցուցադրությունների սրահ դարձավ: Հենց այդ օբյեկտի օրինակի վրա աբխազա-գերմանական կոլեկտիվը որոշեց ցույց տալ, թե ինչպես կարելի է բացառիկ հասարակական վայր ստեղծել նվազագույն ծախսերով և կարճ ժամկետում:
Նախագծի պարտադիր մասը ստեղծագործականն էր, արդյունքում Գումի կայարանը վերածվեց հրթիռակայանի և «Վիզիոնավթների ինստիտուտի»:
Կազմակերպիչների խոսքով, օբյեկտի անվանումը քննարկվում էր ողջ կոլեկտիվի կողմից, սակայն «Վիզիոնավթների ինստիտուտի» գաղափարը ծնվեց Բենջամին Բալդենիուսի մոտ, որն այդ անվանումը կարդացել էր մանկական գրքերից մեկում, երբ 1999թ-ին սեփական նախագծերից մեկն էր ստեղծում Ռուսաստանում:
«Մեզ համար վիզիոնավթն այն մարդն է, ով չի վախենում երազել և կյանքի կոչել իր երազանքները», — ասում է Տատյանա Երգունովան:
Այսպես թե այնպես, նախագծի խնդիրներից մեկը մայրաքաղաքն առույգացնելն էր: Եվ կարծես թե երիտասարդ ուրբանիստները կարողացան դա անել:
Իմանալով նախագծի մասին՝ քաղաքի բնակիչներից շատերն իրենց օգնությունն էին առաջարկում: Այդպիսով համախոհների մի մեծ թիմ հավաքվեց, որոնք մի քանի օր փոքր ճարտարապետական ձև էին կառուցում՝ «ՍԿԼԱԴ 2020» հրթիռը:
Ուսանողները, նկարիչներն ու ինժեներները մի պահ իրոք սկսեցին երազանքով ապրել:
«Այն ամենն, ինչ Գումում ենք տեղադրելու, երկու օրից ավելի չի մնալու: Դա ժամանակավոր երևույթ է, որը միտված է քաղաքային տարածության փոփոխության օրինակ ծառայելուն: Այդպիսով, մենք ուզում ենք մեր օբյեկտը ներկայացնել որպես այն բանի օրինակ, որ կարճ ժամանակահատվածում, քիչ ուժերով և շինարարական նյութերի սահմանափակ քանակով կարելի է նոր օբյեկտ ստեղծել, որը կաշխատելի ի շահ քաղաքի և քաղաքացիների», — պատմում է Երգունովան:
«Վիզիոնավթների ինստիտուտ» նախագծի ներկայացնելն իր մեջ ներառում էր նաև սեղանի թենիսի մրցումներ, հյուրասիրություն շարժական խոհանոցում և կինոդիտում:
Ապագա Սուխումի շուրջ աշխատանքը շարունակվում է:
• «Ռաումլաբորը» գերմանական կազմակերպություն է, որը միավորում է 9 անկախ ճարտարապետների, որոնք էլ իրենց հերթին աշխարհագրագետների, նկարիչների, սոցիոլոգների և անգամ երաժիշտների հետ միասին անսովոր ճարտարապետական նախագծեր են ստեղծում:Հիմնականում կոլեկտիվն աշխատում է հասարակական վայրերի վերափոխման և ստեղծման ուղղությամբ:
Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել՝ է 21.10.2016