JAMnews-ի ֆոտոխցիկը Սուխումի շուկայում
Սուխումի շուկան առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում Կովկասի հազարավոր շուկաներից: Այստեղ կյանքը սկսվում է առավոտյան հինգին. քնագլուխ վաճառողները կարգի են բերում վաճառասեղանները, երեկվանից մնացած մթերքին և ապրանքին ավելացնում թարմը, պատրաստվում աշխատանքային օրվան այն հույսով, որ այն հաջող կլինի:
Շուկան աշխատում է 12 ժամ՝ մինչև երեկոյան հինգը: Իրենց ապրանքն այստեղ աշխատողները թողնում են վաճառասեղաններին՝ ինչպես կա, հույսը դնելով պահակների բարեխիղճ աշխատանքի վրա:
Սուխումի շուկան բավականին մեծ տարածք է զբաղեցնում, որը վերևից ծածկված է կապույտ բրեզենտով, իսկ կողքերից սեղմված է դեռևս խորհրդային ժամանակաշրջանի երկու շենքերով: Այդ շենքերը, սակայն, նույնպես շուկայի մի մասն են: Մեկում հագուստ է վաճառվում, մյուսում՝ մթերք: Դրանցում պահպանվել է կոմունիստների «լուսավոր դարաշրջանին» բնորոշ արվեստը:
Յուլյան բանջարեղեն է վաճառում: Նա ապրում է քաղաքի արվարձանում գտնվող փոքր բնակավայրում և ինքն է իր բանջարանոցում աճեցնում բանջարեղենը, որը վաճառում է:
Սուխումի շուկայում վաճառվում է նույն ապրանքն, ինչ Թբիլիսիի շուկայում: Պարզապես աբխազներն ապրանքի անվան վերջին «ի»-ն չեն ասում: Օրինակ, «խաչապուր»՝ Վրաստանի մնացած բոլոր հատվածներին բնորոշ «խաչապուրիի» փոխարեն:
Աբխազիայի բնակիչները շատ են հպարտանում իրենց մանդարինով, որն իրոք շատ համեղ և բուրավետ է:
«Համեմունք առանց սահմանների»: Սա Սվանի աղ է, վաճառվում է Սուխումի շուկայում:
Լավ որակյալ գինի սուխումյան շուկայում դժվար է գտնել: Որպեսզի ավելի լավ վաճառվի, այս վաճառողը խրախուսման սխեմա է մտածել. գինու գնորդը ստանում է նաև մեկ շիշ մեղրով, շաքարով և ճաճայով (խաղողի օղի) շատ քաղցր մրգային թուրմ: Ընտրությունը մեծ է՝ նռան, խաղողի, տանձի:
Կոբան լուսանկարչությամբ է հետաքրքրվում, սակայն, պարադոքս է, ինքը չի սիրում լուսանկարվել: Շուկայում նա օգնում է իր ընտանիքին, հաց է վաճառում: Հասցրել է ճամփորդել և ասում է, որ սիրած քաղաքները Սանկտ Պետերբուրգն ու Բաքուն են:
«Այն տեսքը, որն ունի Սուխումը, եվրոպական քաղաքներն ունեցել են երևի մոտ երեսուն տարի առաջ: Այնպիսի շենքեր, ինչպես այստեղ կան, Եվրոպայում չես տեսնի», — ասում է նա:
Կոնստանտինը երկու երեխայի հայր է: Նա նրանց միայնակ է մեծացնում: Կինը լեհ է եղել: Բաժանվել են: Նա վերադարձել է հայրենիք:
«Պարզապես ռուսներն ու լեհերն անհամատեղելի են», — ասում է Կոնստանտինը:
Իսկ այս կինը մանր ձուկ է վաճառում, որը բռնում են Սև ծովում: Պոտենցիալ գնորդներին նա գայթակղում է՝ վստահեցնելով, որ ձուկը զարմանալիորեն հեշտ և արագ է մաքրվում, նաև ասում է, որ «հանուն այս ձկան համի էլ հենց արժե ապրել»:
Սեդան դաշնակահար է: 25 տարի դասավանդել է երաժշտական դպրոցում: Դա 1990-ականների պատերազմից առաջ էր: Դրանից հետո նա կորցրել է աշխատանքը:
«Այսօր ոչ ոք երաժշտությանն ուշադրություն չի դարձնում, ստեղնաշարային գործիք նվագել սովորել ցանկացողներ չկան», — ասում է նա:
Շուկայում վաստակածը հազիվ է հերիքում ծայրը ծայրին հասցնել: Սակայն ավելի շատ նա տխրում է, որ չի կարող ճամփորդել: Կոմունիստների ժամանակ Սեդան եղել է Խորհրդային Միության բոլոր երկրներում:
Աբխազիան տարբեր կրոնների միահյուսման վայր է: Դավանանքի տարբերություններն այստեղ արտահայտված են, հնարավոր է, ավելի վառ, քան Կովկասյան այլ վայրերում: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ աբխազների մեծ մասը ոչ մի կրոնի հակված չէ: Սակայն որոշ հին ավանդույթներ նրանք սրբորեն պահպանում են մինչև այսօր:
Հին, վերականգնված կահույքի խանութ շուկայի ամենավերջում: Փոքր, մութ սենյակ՝ լի աթոռներով և բազմոցներով:
Խանութի տերը թուրք է: Նրա ծնողները լքել են քաղաքը դեռևս ԽՍՀՄ տարիներին: Իսկ նա վերադարձել է և այս փոքր գործը բացել: Չնայած այն բանին, որ նա ոչ մի լեզվի չի տիրապետում, որով խոսում են Աբխազիայում, իսկ դա աբխազերենն ու ռուսերենն է, աշխատանքի և հաճախորդների սակավությունից չի բողոքում:
*Ագնեշկա Զիելոնկան լեհ լրագրող է, ապրում է Թբիլիսիում և համագործակցում JAMnews-ի հետ: Աշնանը նա եղել է Աբխազիայում: