Ի՞նչ աջակցություն է Հայաստանը տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Սոցիալական աջակցություն ԼՂ-ից տեղահանվածներին
Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանի կառավարությունը մեկնարկեց 100-հազարական դրամ միանվագ աջակցության տրամադրման ծրագիր։ Շահառուների մեծ մասը՝ 95 հազար 200 անձ արդեն իսկ ստացել է հասանելիք գումարը։
Գործադիրն այսօրվա նիստում ընդունեց նոր որոշում, ըստ որի՝ միանվագ դրամական օգնություն ստանալու հնարավորություն կունենան նաև այն անձինք, ովքեր Հայաստան են եկել սեպտեմբեր 19-20-ի ռազմական գործողություններից առաջ, մասնավորապես՝ բուժման կամ ուսման նպատակով։
Ովքե՞ր են ներառվելու ծրագրում
Նոր որոշման արդյունքում ծրագրի շահառու են դիտարկվելու նաև՝
- Լաչինի միջանցքը փակվելուց հետո Կարմիր խաչի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք, որոնք հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից,
- Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ընկած որևէ ժամանակահատվածում ՀՀ-ում հիվանդանոցային ձևով բուժված անձինք,
- ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված և 2022 թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող՝ ԼՂ-ի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողները,
- 2022 թ. դեկտեմբերի 12-ից հետո ԼՂ-ից ՀՀ-ում ուսման նպատակով տեղափոխված անձանց:
Անչափահաս շահառուի համար դիմում ներկայացնելու հնարավորություն է նախատեսված մոր, հոր, խնամակալի կամ հոգաբարձուի համար:
6 ամիս Հայաստանը կփոխհատուցի արցախցիների բնակվարձն ու կոմունալ վճարները
40․000 դրամ հատկացվում է բնակվարձի և 10․000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ արդեն իսկ վճարվել է 41․611 անձ, գործընթացը շարունակվում է։
Բնակվարձի փոխհատուցում նախատեսված չէ տեղահանված այն անձանց համար, ովքեր Հայաստանում ունեն բնակելի անշարժ գույք։
«Բայց վերջիններս կարողանում են օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից»,- հայտնում է գերատեսչությունը։
Աջակցության այս ծրագրին կառավարությունը վերջին նիստում ուղղեց պահուստային ֆոնդից 1,5 մլրդ դրամ։
Կլուծվի նաև տեղահանվածների պարենի խնդիրը
ԼՂ-ից Հայաստան եկած արցախցիներին պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով հոկտեմբերի 26-ին կառավարությունը հաստատել է ևս մեկ որոշում։
Անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար մարզպետների աշխատակազմերին է փոխանցվելու հավելյալ 1,1 մլրդ դրամ գումար՝ պահուստային ֆոնդից։
Շուրջ 80 հազար արցախցիներ տեղավորվել են ՀՀ մարզերում
Նախօրեին խորհրդարանում այդ մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Վստահեցրել է՝ նրանց բոլորի գտնվելու վայրը գիտեն, խնդիրների մասին նույնպես տեղյակ են։
«Միայն առաջին օրերին եղել են որոշ ընդհանուր վայրեր, որտեղ նրանք բնակեցվել են: Այդպիսի մի վայր Արտաշատի մարզադպրոցի դահլիճն էր, որտեղ այլևս ոչ ոք չկա: Մեծ հաշվով՝ մարդիկ հիմնականում տեղակայված են անհատական տներում, բնակարաններում»,- նշել է Սանոսյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ մոտ 5000 մարդ կա հյուրանոցներում, և ընդամենը 1400 մարդ ապրում են ընդհանուր հարմարեցված վայրերում:
Աջակցության, այդ թվում՝ բնակվարձի փոխհատուցման ծրագրի արդյունքում 3000-ից ավելի մարդ հյուրանոցներից տեղափոխվել է վարձով բնակարան։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 625 հայ։ Հաղորդվել է, որ նրանցից 3000-ը մեկնել է ՀՀ-ից։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սոցիալական աջակցություն ԼՂ-ից տեղահանվածներին