«Սեր՝ ո՞ւմ հանդեպ», «Համերաշխություն՝ ո՞ւմ հետ»: Հայաստանում քննարկում են ոսկու արդյունահանման հարցը
Հայաստանում քննարկվում է վարչապետի որոշումը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ՝ այն կշահագործվի։ Իր որոշուման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց օգոստոսի 19-ի երեկոյան՝ բոլոր շահագրգիռ կողմերի, կառավարության անդամների և իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։ Մինչ դեռ, երկրում շարունակվում է հասակարության մի մասի բողոքը հանքի շահագործման դեմ։
Այն գտնվում է Հայաստանի հարավում։ Դրա շահագործման դեմ շրջակա բնակավայրերում բողոքը սկսվել է դեռ 2011 թվականին։ Բանն այն է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որն Ամուլսարի հանքավայրի շահագործման լիցենզիա է ստացել, ոսկու արդյունահանման համար օգտագործելու է տարեկան մոտ 100 տոննա նատրիումի ցիանիդ։
Տեղացիների, բնապահպանների և ընդհանրապես ոչ անտարբեր մարդկանց պայքարը դեռևս կարելի է համարել ձախողված։ Ընդ որում, թե նախկին իշխանությունների օրոք, որոնք «Լիդիան» ընկերությանը հանքի շահագործման արտոնագիր տրամադրեցին, թե գործող։
Ճիշտ է, «հեղափոխական» կառավարության օրոք Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց շրջակա միջավայրին վնաս հասցնելու կասկածանքով։ Բոլոր հարցերի պատասխանները պետք է տար միջազգային փորձաքննությունը, որի վրա կառավարությունը ծախսեց մոտավորապես 400 հազար դոլլար։
Ի վերջո, «Էլարդ» հեղինակավոր լիբանանյան ընկերությունը տվեց հետևյալ եզրակացությունը․Ամուլսարի հանքում ոսկու արդյունահանումը չկառավարվող ռիսկեր չի պարունակում։ Նաև առաջարկեց որոշ առկա ռիսկերը մեղմելու մեխանիզմներ։
Ներկայացնում ենք՝ որոշ կրճատումներով, երեք կարծիք «կառավարվող ռիսկերի» և «կառավարման ռիսկերը մեղմելու» մասին, որոնք հրապարակվել են Facebook սոցիալական կայքում։
Դավիթ Մաթևոսյան, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն
Երբ 1988-ի դեկտեմբերի 8-ի ողջ երեկոն, լույս 9-ի առավոտը ընկերներիս հետ ես էլ փլատակներ էի քանդում ու դիակներ պեղում դրանց տակից, շատերիցդ շատերը նոր էին չոչ անում, կամ մի մատ երեխա, կամ պարմանի էին, կային նաև որ դեռ նոր պիտ ծնվեին:
• Ռեժիսորը, բժիշկն ու փրկարարը. 30 տարի առաջ Սպիտակի երկրաշարժը ստիպեց նրանց ընտրել մասնագիտությունը
Երկրաշարժը աննախադեպ էր, փլված կառույցների մեծ մասի պանելները ավազի պես փշրվել էին` հայ «փայլուն» շինարաներն ու նոմենկլատուրան բետոնն ու ամրանները լափել էին, ասում էին` սխալ ու սակավ սեյսմակայուն նախագծեր էլ կային` չափազանցված ամրության ու բարձր սեյսմիկության տեղեկանքներ ով, եզրակացություններով։
ՀԿԿ-ն ու ԽՄԿԿ-ն, մեր կենտկոմն ու Մոսկվայի քաբյուրոն հաստատել էին այդ փորձագիտական եզրակացություններն ու ԳՕՍՏ-ին էլ համապատասխան ԽՍՀՄ որակի նշան էին թխել ամրանների, պանելները, պեմզաբլոկների վրա: Քաղբյուրոն իր 60-70-ականների ողջ կազմով երաշխավորել էր այդ շենքերի սեյսմիկ անառիկությունը, Բրեժնևն իր հերոսի զարդարուն կրծքով էր կանգնել շենքերի բնակիչ ԽՍՀՄ քաղաքացիների թիկունքին:
Երկրաշարժը ջնջեց Հայաստանի 1/3-ը, սպանեց ….00000 մարդ, անհետ կորցրեց էլի էդքան, խեղեց դարձյալ էդքան` ԽՍՀՄ որակի նշանն ու Բրեժնևի զարդարուն կուրծքը էդ գերեզմանների ու աղետի գոտու խարանը եղան…
Հիմա էլ տեղեկանք ու եզրակացություն ունեք: Փորձագիտական: Միջազգային: Երաշխիք եք տալիս… Բա որ ուժգին երկրաշարժ… Բա որ… Մի վերջին ճիգով, ողջ մնացածները բա որ կոկորդներդ կրծեն… Բա որ ձեր երեխեքի ապագան ջնջվի…
Դա կլինի կառավարվո՞ղ ռիսկ: Ճիշտ 1988-ի դեկտեմբերի պես, չէ”:
Տիգրան Պասկևիչյան, լրագրող, հրապարակախոս
Երբ մեկ տարի առաջ ասում էի՝ հեղափոխությունը «սիրո և համերաշխության» չի լինում, վարչապետին ու նրա թիմին երեկվանից դատափետող ոմանք հակադարձում էին. «Մի՛ կառչիր բառերից, թո՛ղ մարդիկ գործ անեն»։ Հակադարձելը չափազանց մեղմ է ասված, փողոցի բարբառով՝ թռնում էին դեմքիս։ Ինչևէ։
• Հայկական հեղափոխության երգերն ու կարգախոսները
• Նոր Հայաստանի առաջին տարին. Կյանքը՝ հեղափոխությունից հետո
Այսօր ժամանակն է հասկանալու, որ «սեր» եւ «համերաշխություն» հույժ տարողունակ բառերի մարմնավորման ծրագրում պետք է դրված լիներ.
-քաղաքական կարծր կամք,
-նախագծման անվրեպ կարողություն,
-արդարության աներկմիտ զգացում,
-արագության ու ժամանակի ճշգրիտ գնահատում,
-անդուլ-անքուն աշխատանք։
Եթե սրանք չեն դրսևորվում, անիջապես առաջանում են գլխավոր հարցերը. «Սեր… ո՞ւմ հանդեպ», «Համերաշխություն… ո՞ւմ հետ»։
Ո՞ւմ հեղափոխությունն է այս թավիշը. սա պետք է հասկանալ, և կառավարման փաստացի ռիսկերն ինքնին կմեղմվեն։
Աշոտ Խուրշուդյան, տնտեսագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ»
Պլյուրալիզմ։ Այս բառն ինձ համար մեծ արժեք ունի, այն ամենաշատն էր ինձ աշակերտ եղած ժամանակ հետաքրքրել, երբ Գորբաչովը սկսել էր իր Гласность-ի ռեֆորմը…
Բազմակարծություն. ինձ համար սա քաղցր է հնչում, ու երևի հենց սա հիմք դրեց արժեհամակարգիս սկիզբը՝ ուրիշին լսելը, ուրիշի կարծիք փնտրելը՝ հատկապես նրանց լսելը, ում կարծիքի հետ համաձայն չեմ։
Ցավոք, ուշ տեղեկացա, որ ինձնից մի փոքր մեծ սերնդի համար (դե նրանք, որոնք սովետը քանդեցին), այդ բառը արժեք չի, նրանց համար այլ արժեք կա՝ այլակարծությունը։ Դիսիտենտական անցյալի պայքարը ավելի խորը հետք է նրանց վրա թողել, քան պտղաբեր ապագայի հնարավորությունները։
Ցավոք, սովետի փլուզումից հետո մեծ ջանք, եռանդ ու ռեսուրս ներդրվեց այլակարծությունը առաջ տանելու վրա, իսկ բազմակարծությունը անտեսվեց։ Մինչև հիմա այս իներցիան Հայաստանում շարունակվում է… Հետո էլ զարմանում են, թե ինչու մարդիկ իրար չեն լսում. երբ մեգաֆոններով միայն բարձրաձայնում ես, երբ միայն կարևորում ես լեզուն, իսկ ականջներդ փակում՝ ստանում ես այն, ինչ ստացանք այսօր։