ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հանդեպ կարող է քրեական հետապնդում հարուցվել
Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդումը
Հայաստանի Ազգային ժողովն այսօր քննարկում էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Միջնորդագիր է ներկայացրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Քննարկումը շարունակվելու է հուլիսի 7-ին։ Որոշումը պետք է կայացվի գաղտնի քվեարկության արդյունքում։ Անձեռնմխելիությունից զրկելու որոշման պարագայում պատգամավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի վերաբերյալ հարուցված վարույթները նույնաբովանդակ են։
Դատախազ Աննա Վարդապետյանի փոխանցմամբ՝ Օհանյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, բնության հատուկ պահպանվող տարածքում ապօրինի առանձնատուն կառուցել։ Պաշտոնյան թաքցրել է շուրջ 125 մլն դրամ արժեցող անշարժ գույքն ու դրա իր հետ ունեցած առնչությունը։ Նշված գույքը տեղ չի գտել նաև նրա ներկայացրած տարեկան հայտարարագրերում։
Գլխավոր դատախազի խոսքով՝ Արծվիկ Մինասյանը տեղյակ է եղել շինության գոյության մասին, և լինելով մրցութային հանձնաժողովի նախագահ՝ մասնավոր սեփականությունը ներկայացրել է ներդրումային ծրագրի։
Այսպիսով՝ ապօրինի ճանապարհով իրավական հիմքեր են ստեղծվել ինքնակամ կառույցի համար։
«Ներդրումային ծրագիրը եղել է իրավական քողարկումը արդեն կատարված ոչ օրինական արարքի, որը փորձ է արվել ներկայացնել օրինական»,- հայտարարել է Վարդապետյանը։
Մրցույթի արդյունքներով հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքը 25 տարի ժամկետով փոխանցվել է Սեյրան Օհանյանի վարորդի ազգականին՝ մորաքրոջ որդուն։ Փաստաթղթերում, սակայն, առանձնատան առկայությունը չի ֆիքսվել։ Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով գլխավորել է մրցութային հանձնաժողովը, պնդում է՝ մրցույթը ձևական չի եղել, իսկ փոխկապակցվածություն ստուգելու գործառույթ Բնապահպանության նախարարությունը չուներ։
Քրեական հետապնդում հարուցելուց հետո Օհանյանն ու Մինասյանը կանցնեն դատական գործընթացով։ Գլխավոր դատախազն ասում է՝ խոսքը ծանր հանցագործությունների մասին է, որոնց վաղեմության ժամկետը չի անցել։ Ասում է՝ պատժաչափը կորոշի դատարանը, կարող է նաև ազատազրկում լինել։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել Սեյրան Օհանյանի հարցով քննարկմանը։ Պնդել են, թե առանց նրա ներկայության անձեռնմխելիությունից զրկելու հարց քննարկելն «անօրինական գործողություն» է։ Օրենքը նման հնարավորություն է տալիս, եթե պատգամավորի բացակայությունն անհարգելի է։ ԱԺ նախագահի խոսքով՝ Օհանյանի նիստին չներկայանալը չի կարող հարգելի համարվել, քանի որ ինքը պատգամավորի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական որևէ փաստաթուղթ չի ստացել։
Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանին, պնդել են՝ սկսված գործընթացը «քաղաքական հետապնդում» է։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Մինասյանը մեղադրվում է մի բանում, ինչն «իր լիազորություններից դուրս է եղել, այն է՝ շինությունը քանդել կամ օրինականացնել»։
Բոլոր մանրամասները
- «Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
- «Ոչ ոք չի կարող սպառնալ ՀՀ-ին»․ Փաշինյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարարին
- «Նախկիններն ուզում են ցույց տալ, թե մենք էլ ենք իրենց պես թալանչի»․ Փաշինյան
- Կոմպրոմատային շանտա՞ժ, թե՞ ուղերձ կաթողիկոսին. Փաշինյանի գրառումների հետքերով
ՊՆ նախկին ղեկավարն ապօրինի առանձնատուն է կառուցել հատուկ պահպանվող տարածքում
Խոսքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի մասին է։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ այստեղ ու բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում չի կարող լինել մասնավոր սեփականություն։ Օրենքն արգելում է նաև նշված տեղերում կապիտալ շինարարության իրականացումը։
«Կարող են լինել ժամանակավոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերում են սպորտին, հանգստին, ժամանցին։ Այսինքն՝ թույլատրելի է ստեղծել հանրային բարիք, որից կօգտվեն բոլորը։ Բայց թույլատրելի չէ ստեղծել ցանկապատված առանձնատուն»,- պարզաբանել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ զավթված հողատարածքում ինքնակամ կառուցված ապօրինի շինության արժեքը շուրջ 125 մլն դրամ է։ Կառուցապատման աշխատանքներն իրականացվել են 2010-15 թթ․-ին՝ առանց համապատասխան փաստաթղթի առկայության։ Ի սկզբանե մրցույթին մասնակցելու համար դիմել է երկու անձ, երկուսն էլ փոխկապակցված են եղել Սեյրան Օհանյանի հետ։
Նշված առանձնատան լողավազանի և շոգեբաղնիքի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներն իրականացրել է «Սիտտա Գրուպ» ՍՊԸ ընկերությունը։ Ընկերությունն ընտրվել է ՊՆ կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։ Դատախազի փոխանցմամբ՝ ՍՊԸ փաստացի սեփականատիրոջ որդին՝ Գրիգոր Բարսեղյանն այդ ընթացքում ՊՆ պաշտոնյա է եղել։ Մասնավորապես՝ զբաղեցրել է կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի պետի պաշտոնը։
Փաստացի կատարված աշխատանքների դիմաց նախարարությունը գումար չի վճարել։
«Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր Լևոն Բարսեղյանը, գիտակցելով Սեյրան Օհանյանից ու Աշոտ Գրիգորյանից [վարչության պետ] իր ընկերության հետագա գործունեության և Աշոտ Գրիգորյանի ղեկավարած վարչությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող որդու պաշտոնավարման կախվածությունը, հետագա գնման գործընթացներում ապօրինի առավելություններ ստանալու ակնկալիքով չի պահանջել 58.000.000 դրամը»,- ասված է միջնորդագրում։
2011-16 թթ․-ին առանձնատան պահպանությունը հանձնված է եղել ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներին, ովքեր պետբյուջեից ստացել են առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ։ Գլխավոր դատախազի խոսքով՝ սա նույնպես չարաշահման հիմք է։
Ասում է՝ այս առանձնատունը չեն դիտարկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում, քանի որ փաստաթղթային տեսանկյունից այն «գոյություն չունի»․
«Առանձնատունն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունի, բայց փաստաթղթերում, կադաստրային գործում կառույցը չկա։ Կա հողատարածքը, որն արժե մի քանի տասնյակ անգամ ավելի էժան։ Շուկայական արժեքը նշված է ընդամենը 3 մլն դրամ»։
Ինչպե՞ս է հաստատվում, որ գույքը պատկանել է Օհանյանին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ որպես հիմք են ընդունել վկաների ցուցմունքներն ու խուզարկության արձանագրությունները։ Շեշտել է՝ տվյալ առանձնատան էլեկտրաէներգիայի և գազի բաժանորդ է հանդիսացել Օհանյանի կնոջ մայրը։
Ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՊՆ նախկին ղեկավարն ինքը չի հերքել այդ անշարժ գույքի հետ իր առնչությունը․
«Օհանյանը պնդում է, որ նշված գույքն օգտագործել է և չի մանրամասնում՝ ինչ միջոցներով է այն կառուցել։ Պնդում է, որ իր անձնական միջոցներով, խնայողություններով է կառուցել։ Չի հերքում, որ պարբերաբար օգտագործել է գույքը»։
«Մինասյանը դիրքի չարաշահում է թույլ տվել»
Աննա Վարդապետյանի խոսքով՝ Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը ցուցմունքում ասել է՝ տեղյակ է եղել, որ իրականում հողամասը դատարկ չէ։
«Բնապահպանության ոլորտում մրցութային հանձնաժողովի նախագահը հստակ իմանալով, որ կա ինքնակամ կառույց, կառավարությանն ասում է՝ չկա, եկեք ներդրումային ծրագիր անենք»,- նկատել է նա։
Դատախազի դիտարկմամբ՝ այդ կերպ հանձնաժողովի նախագահ Մինասյանը չարաշահել է իր զբաղեցրած դիրքը․
«Չարաշահումը դրսևորվել է մասնավոր սեփականությունը որպես ներդրումային ծրագիր ներկայացնելու մեջ։ Դրա արդյունքում հնարավոր չէր որևէ բյուջետային մուտք։ Հնարավոր էր առավելագույնը գույքահարկի մուծում, ինչի համար ինքնակամ կառույցը պիտի օրինականացվեր։ Բնության հատուկ պահպանվող տարածքի վրա ինքնակամ կառույցը քիչ, թե շատ իրավաբանորեն գրագետ մարդը չի օրինականացնի։ Դրա համար ներկայացվել է որպես ներդրումային ծրագիր 25 տարի ժամկետով»։
«Չի եղել խմբային շահ, եղել է հանրային շահ»
Ի տարբերություն Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանը մասնակցել է խորհրդարանական քննարկումներին։ Գլխավոր դատախազի ելույթից հետո արձանագրել է՝ Վարդապետյանին ճիշտ չեն զեկուցել կամ նա պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել։
«Ինձ վերագրվում են բաներ, որոնք իրավական տեսակետից վերագրելի չեն»,- հայտարարել է նա։
Պատգամավորի խոսքով՝ պնդումները, թե մրցույթը ձևական է անցկացվել, իրականությանը չեն համապատասխանում։ Մինասյանը շեշտել է՝ իր ղեկավարած կառույցը չուներ մրցույթի մասնակիցների փոխկապակցվածությունն արձանագրելու պարտավորություն։
«Ոչ միայն չեմ իմացել, թե ով է կառուցապատել, այլ պարոն Օհանյանը կապ ունի՞ կառուցապատման հետ, թե չէ։ Ընդամենը ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ օգտագործվում է Օհանյանի կողմից»։
Ասում է՝ իր լիազորություններից չի շեղվել, առաջնորդվել է պետական շահերով։ Ներկայացվող մեղադրանքները չի ընդունում և հավելում է՝ դրանք իրեն վարկաբեկելու նպատակ են հետապնդում։
«Խմբային շահ, անձնական շահ։ Եթե այդպիսի շահ լիներ, պիտի ասեի, որ կա։ Չի եղել։ Առաջնորդողը հանրային շահն է եղել, շրջակա միջավայրի շահը»,- ասել է Մինասյանը։
«Նպատակը հանրության ուշադրությունն առկա սպառնալիքներից շեղելն է»․ Օհանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի փոխանցմամբ՝ ԱԺ-ում միջնորդագիրը ներկայացվել է առողջական խնդրի պատճառով իր հարգելի բացակայության պայմաններում։ Պնդում է՝ խախտվել է«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ հարցը կարող է առանց պատգամավորի քննարկվել միայն նրա «նիստից անհարգելի բացակայելու պատճառով»։
«Հուլիսի 1-ին ԱԺ նախագահին իմ կողմից ուղարկվել է գրություն՝ առ այն, որ չեմ կարող ներկա լինել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Գրությանը կցվել է բուժհաստատության տեղեկանքը»,- պարզաբանել է Օհանյանն ու հավելել՝ ԱԺ-ում տեղյակ են եղել իր ժամանակավոր անաշխատունակության մասին։
Պաշտպանության նախկին նախարարի գնահատմամբ՝ իր և գործընկերների դեմ կազմակերպվել է «շոու», որն ունի երկու հիմնական նպատակ՝
- «շեղել հանրության ուշադրությունը իրենց իսկ ձեռամբ ստեղծված, մեր պետության դեմ ուղղված ծանրագույն սպառնալիքներից,
- ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցված՝ շարունակել հետևողականորեն չեզոքացնել բոլոր այն քաղաքական, հասարակական, զինվորական գործիչներին, բարերարներին, հոգևորականներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի և նրա հոգևոր արժեքների լինելիության»։
«Այս մարդիկ փորձում էին իրենց նագաններն ուղղել ժողովրդի դեմ»․ իշխող ուժի պատգամավոր
«Հնարավոր չէ ունենալ առողջ բանակ, եթե բանակի հրամանատարությունը զբաղված է իր առանձնատները, շոգեբաղնիքները, լողավազանները բանակի, ազգային պարկերի և ժողովրդի հաշվին սարքելով»,- հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Հիշեցրել է՝ ՊՆ կապիտալ շինարարության վարչությունը պատասխանատու է զորանոցներ սարքելու, խրամատներ կահավորելու, զինծառայողների համար ենթակառուցվածք ստեղծելու համար, այլ ոչ թե նախարարի առանձնատունը կառուցելու։
Ասում է՝ այդ տեսքն ուներ համակարգային կոռուպցիան, որից հայ ժողովուրդը «փրկվել է 2018 թ․-ի հեղափոխության արդյունքում»։ Այժմ, սակայն, հանրությունը ուզում է, կարող է և ունի բավարար կամք կառուցելու այնպիսի Հայաստան, որտեղ քաղաքացին կզգա՝ ապրում է արդար համակարգում, երջանիկ է և իր երկրի տերն է։
«Դրա համար էլ այս մարդիկ [նախկինները] փորձում են փամփուշտներն ու նագաններն ուղղել ժողովրդի և օրինական իշխանության դեմ։ Մենք դա թույլ չենք տալու»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով վերջերս բացահայտված պետական հեղաշրջման փորձը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդումը