«Նպատակը Հայաստանը ՌԴ ֆորպոստի վերածելն է»․ Սամվել Կարապետյանը՝ վարչապետի թեկնածու
Սամվել Կարապետյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու
Գործարար Սամվել Կարապետյանը որոշել է դառնալ Հայաստանի հաջորդ վարչապետը։ Այժմ նա տնային կալանքի տակ է ՀՀ-ում իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։ Սակայն այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համաժողովում հայտարարվել է, որ հենց Կարապետյանն է քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն։
Մինչդեռ Սամվել Կարապետյանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին։ Կա սահմանադրական արգելք։ Մասնավորապես՝ երկրի մայր օրենքի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին։
Սահմանադրության պարտադիր պահանջներից մեկը վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալն է։ Ինքը՝ Կարապետյանը, Հայաստանի քաղաքացիությունից բացի ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։
Համաժողովից առաջ տարբեր ԶԼՄ-ներ հրապարակումներ էին անում այն մասին, որ նորաստեղծ ուժի թեկնածուն կլինի Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Հենց նա էլ համակարգում էր «Մեր ձևով» շարժման, այնուհետև նաև կուսակցության աշխատանքները։
«Ժամանակը ցույց տվեց, որ Նարեկ Կարապետյանը չունի քաղաքական առումով որևէ լուրջ բանի հավակնելու հնարավորություն՝ հաշվի առնելով իր մտավոր և կրթական մակարդակը, և որոշումը փոխվեց»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Հանրային խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Ընդգծում է՝ որոշումը փոխելու հարցում դեր է խաղացել նաև այն, որ «անհրաժեշտ է եղել ևս մեկ անգամ ցույց տալ՝ իրենք թքած ունեն ՀՀ օրենքների վրա»։
«Այդ մարդիկ և նրանց հետևորդների ճնշող մեծամասնությունն ուզում է, որ լինի Հայաստան, որը կենթարկվի Մոսկվայի ցուցումներին ամեն ինչում»,- հայտարարել է Ղևոնդյանը։
Համաժողովին հնչած հայտարարությունները, Սամվել Կարապետյանի ուղերձը, մեկնաբանություն
- «Չենք գործելու ՌԴ դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի շահի»․ Փաշինյան
- Խաղադրույք «նոր դեմքերի» վրա. ինչպե՞ս է ՌԴ-ն փորձում առաջ մղել իր շահերը Հայաստանում
- «Ոչ ոք չի կարող սպառնալ ՀՀ-ին»․ Փաշինյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարարին
Կարապետյանը չի կարող լինել նախընտրական ցուցակում․ ի՞նչ լուծում է առաջարկում քաղաքական ուժը
Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին։ Մասնավորապես՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ոմ մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի չէ, հետևաբար չի կարող լինել «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում։
Կուսակիցները, սակայն, հարցն անլուծելի չեն համարում։ Համաժողովի ընթացքում տեսանյութեր հրապարակեցին, որոնցում տարբեր փորձագետներ պնդում էին՝ հոդվածն անփոփոխելի չէ, ընդ որում՝ կարող է փոխվել նաև ԱԺ որոշմամբ, ոչ թե բացառապես հանրաքվեով։ Նման փոփոխության համար պատգամավորների ձայների 2/3-րդն է անհրաժեշտ։
«Մեր ծրագիրը հետևյալն է՝ ընտրություններից 20 օր անց ԱԺ առաջին նիստին հանդես կգանք օրենսդրական փոփոխությամբ, որ թույլ տանք միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
Եղբորորդու փոխանցմամբ՝ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի։
«ՀՀ-ն տանելու ենք սրընթաց զարգացման»․ Կարապետյանի տեսաուղերձը AI-ի օգնությամբ
Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է։ Դատարանը նրան արգելել է հրապարակային հայտարարություններով հանդես գալ։ Չնայած այդ արգելքին’ Կարապետյանը կուսակիցներին դիմել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսանյութով: Մասնավորապես’ ուղերձի տեքստը ընթերցել է նրա փաստաբանը, սակայն էկրանին պատկերվել է Կարապետյանի` տեսանյութի վերածած լուսանկարը:
Այս ելույթում նա ասում է, որ քաղաքական պայքարի մեջ է մտել «հանուն հայրենիքի լավ ապագայի»։ Կարապետյանը պնդել է, որ ժողովուրդը դժգոհ է գործող իշխանություններից, քանի որ նրանք «ձախողել են ամեն ինչ»՝ արտաքին ու ներքին քաղաքականություն, սոցիալական ու տնտեսական ոլորտ։
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն պնդել է՝ իշխանությունները խոսում են թույլ խաղաղությունից, իսկ իրենք՝ ուժեղ և արժանապատիվ․
«Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել՝ խաղաղություն աղերսելով»։
Ինքը՝ Կարապետյանը, խոստացել է ուժեղացնել բանակը, Հայաստանը տանել սրընթաց զարգացման․
«115 օրից լինելու է նոր սկիզբ և նոր դարաշրջան։ Հայաստանը կունենա պրոֆեսիոնալ անկախ ու խելացի դիվանագիտություն, պետություն, որը կխոսի բոլոր հարևանների ու կաշխատի բոլոր գերտեությունների հետ, բոլորի»։
Կարծում է՝ դիվանագիտական հարաբերությունների հենքը պետք է լինի երկրի առջև ծառացած մարտահրավերները խաղաղ ու պրոֆեսիոնալ կերպով լուծելը, այլ ոչ թե «աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ մտնելը»։ Վստահեցնում է՝ հենց ընտրությունների հաջորդ օրվանից մեկնարկելու են «ՀՀ նոր, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ կյանքի կառուցումը»։
«Հայաստանին ուժեղ, կուշտ ու լուրջ առաջնորդ է պետք»
Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը պնդել է՝ օրվա իշխանությունները «չեն ուզում հեռանալ», վարչապետն էլ հավակնում է պաշտոնավարման երրորդ ժամկետին, քանի որ «այս մարդիկ սոված են, չեն հագենում»։
«Ժամանակն է, որ Հայաստանն ունենա ուժեղ, կուշտ ու լուրջ առաջնորդ»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիներին ասել է, որ նա՝
- «կազմաքանդել և թուլացրել է բանակը,
- զավթել է դատարանները,
- վերջնականապես կործանել է Արցախը,
- թիմով հարստացել է,
- բռնաճնշումներ է գործադրել
- սկսել է կազմաքանդել եկեղեցին»:
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ ուժեղ առաջնորդը կլուծի առկա խնդիրները, այդ թվում՝ «ապահովության հարցը»։
«Խոսք չենք տալիս, հաստատում ենք՝ Հայաստանի տարածքի բռնազավթած մասը խաղաղ վերադարձվելու է մեզ։ Մեզ նորից ապահով ենք զգալու, մեր երկիրն էլ ունենալու է երաշխավորված և ուժեղ խաղաղություն, ոչ թե թույլ, ադրբեջանցի վերաբնակիչներով համեմված, հիբրիդային խաղաղություն»,- պնդել է նա։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
«Այս որոշման [Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու] հիմքում ընկած է այդ քաղաքական ուժի և նրան ներքին ու արտաքին դաշտից սատարողների ցանկությունը՝ ցույց տալ Հայաստանի ժողովրդին, որ իրենք խորապես թքած ունեն թե՛ ՀՀ օրենքների, թե՛ Սահմանադրության վրա և ցույց տալ, որ իրենք ունեն մեկ օրակարգ։ Դա, որպես այդպիսին, ներկա պահին գոյություն ունեցող Հայաստան պետության վերածումն է մեկ այլ կենտրոնի ֆորպոստի։
Անկախ նրանից, թե իրենք ինչ են հայտարարում՝ ընտրություններից հետո ինչ կլինի և այլն, իրենք չեն կարողանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Սամվել Կարապետյանին գրանցել որպես առաջին համար [վարչապետի թեկնածու]։
Հավանաբար, առաջին համարը կլինի այլ անձ։ Իրենք էլ կհայտարարեն, թե նա առաջադրվում է, որպեսզի օրենսդրական խնդիր չլինի, իսկ իրական վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ընտրություններից հետո փոխելու են օրենքները և այլն։
Սա չի նշանակում, թե իրենց ձայները տալու են մեկ այլ ուժի, օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սա նշանակում է, թե իրենք հույս ունեն, որ իրենք, Քոչարյանը, այլ ընդդիմադիր ուժեր միասին կկարողանան ստանալ ԱԺ-ում մեծամասնություն և կառավարություն կազմել։ Հետագայում էլ այնպես ձևափոխել օրենքները, ինչպես հարմար է իրենց։
Իրենք հենվում են այն ընտրազանգվածի վրա, որը ցանկանում է ռուսական իշխանության վերադարձ ՀՀ-ում, և ինչպես իրենք են որոշել և կարծում՝ Հայաստան պետության վերածում Ռուսաստանի ֆորպոստի, ծայրագավառի։
X քանակի մարդիկ են, որոնք ոչ ավելանում են, ոչ էլ նվազում։ Հետևաբար, իրենց շանսերը մի քանի ամիս առաջ, երբ սկսում էին շարժումը [«Մեր ձևով»], այդ ժամանակվանից չեն փոխվել։
Շանսերը նորից տատանվում են 20-30 տոկոսի միջակայքում։ Ընդ որում, այդ 20-30 տոկոսի համար պայքարելու են իրենք, Քոչարյանը և մի քանի այլ ընդդիմադիր, ռուսական կողմնորոշում ունեցող ուժեր։
Նշված միջակայքում են լինելու այն բոլոր ուժերը, որոնք մեծ հավանականությամբ ունեն ՌԴ հետ սերտ առնչություններ։ Որոշ դեպքերում ֆինանսական կապեր և կախվածություններ ունեն, որոշ դեպքերում՝ անձնական։ Նրանք բոլորը միասին հավակնում են 20-30 տոկոս ձայնի։ Դա ցույց են տալիս նաև տարբեր սոցհարցումներ, քաղաքագիտական վերլուծություններ։
Չեմ կարծում, թե Սամվել Կարապետյանը կամ նրա շրջապատի մարդիկ չգիտեն այս մասին։ Նրանք տեղյակ են, սակայն նրանց գործունեության իմաստը, նպատակն այն է, որ՝
- չկորցնեն այդ 20-30 տոկոսը,
- կարողանան լինել երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում,
- կարողանան ցույց տալ Ռուսաստանին կամ իրենց մյուս գործընկերներին, որ իրենք, այնուամենայնիվ, էական խաղացող են ՀՀ-ում, որպեսզի կարողանան օգտվել տարբեր ռեսուրսներից ու հնարավորություններից»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Սամվել Կարապետյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու