«Սամվել Կարապետյանի օգտին ֆեյքերի բանակ է աշխատում»․ ուսումնասիրություն
Սամվել Կարապետյանի օգտին գործող ֆեյքերի բանակ
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի շուրջ հանրային աջակցության իմիտացիա է ստեղծվում։ Այդ նպատակով գործարկվել է ֆեյք էջերի և օգտահաշիվների «բանակ», որն աշխատում է Կարապետյանի և նրա թիմի օգտին և ակտիվորեն քննադատում իշխանությանը։
Media.am-ի փաստեր ստուգող լրագրողների թիմն ուսումնասիրություն է իրականացրել և պարզել՝ այս տարվա փետրվարի 18-ին ստեղծվել են 17 ֆեյսբուքյան էջեր, որոնք հակաքարոզչություն են իրականացնում Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ:
Այս 17 էջերի հրապարակած տեսանյութերը տարածում են հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնցից մոտ 60-ին թիմը նույնականացրել է։
«Ֆեյքերի մեծ մասը միմյանց ընկերների ցանկում են։ Նրանք ակտիվորեն աջակցում են Սամվել Կարապետյանին և նրա ղեկավարած ուժին լրատվամիջոցների մեկնաբանության բաժնում, ինչպես նաև քննադատում կառավարությանը»,- ասված է հրապարակման մեջ։
Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։ Թեև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նրան առաջադրել է վարչապետի թեկնածու, սակայն՝ ՀՀ օրենսդրության համաձայն, Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետ․ նա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։
- «ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
- «Հայաստանի ընդդիմությունն ուզում է երկրում «Գյումրի 2» օպերացիա իրականացնել»․ իշխող ուժ
- «Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» կներկայացնի ՌԴ շահերը»․ կարծիք
Մանրամասներ կեղծ էջերի մասին
Փետրվարի 18-ին ստեղծված ֆեյսբուքյան կեղծ էջերն են՝ Week/News Armenia, Lurer Aysor, Time News, Yerevan Times, BreakNews Arm, YerevanTimes, Voice.Yerevan, Liberty News Armenia, Tarm News, Hay News, Top News Arm, YVN Pulse, Arm Urban Voice, Armenia Pulse, Live Updates Armenia, Focus on Armenia, ArmeniaNow։
«Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք միևնույն անձի կողմից կառավարվող էջերի հետ՝ այն տարբերությամբ, որ անուններն ու գլխավոր նկարները տարբեր են»,- նկատել են հեղինակները։
Մեկ օրում ստեղծված էջերը գրեթե միաժամանակ՝ 12:30–12:45-ն ընկած ժամանակահատվածում, հրապարակել են վարչապետի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարներով տեսանյութ, որում պնդում են, թե Հակոբյանը նախկինում կրում էր 5000 դրամ արժողությամբ ականջօղեր, իսկ որպես վարչպետի կին՝ 2.500.000 դրամ արժողությամբ։
Էջերը ոչ թե տարածել են տեսանյութը (share), այլ գրեթե նույն ժամին վերբեռնել են դրանք Ֆեյսբուք։
Ուսումնասիրության հեղինակների պնդմամբ՝ գործ ունենք համակարգված արշավի՝ ՀՀ իշխանության դեմ հակաքարոզչության հետ։

Ներկայացված են կոնկրետ օրինակներ, մասնավորապես՝ կեղծ էջերը տարածել են՝
- տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի նկարով, որի ուղեկցող տեքստում ակնարկ է հնչում, թե վարչապետը «սեռական շեղումներ» ունի,
- տեսանյութ, որը կոչ է անում չքվեարկել Փաշինյանի օգտին, քանի որ վերջինս տարածքներ է «բաժանում Ադրբեջանին»,
- ենթադրաբար Փաշինյանի որդու՝ Աշոտի մասնակցությամբ տեսանյութ և պնդում, թե վերջինս «ծանր թմրանյութերի ազդեցության տակ է»՝ առանց ապացուցող որևէ փաստի,
- տեսանյութեր, որոնցում պնդում է արվում, թե, ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ մարդիկ ձայն են տալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,
- արհեստական բանականության (ԱԲ) կողմից ստեղծված տեսանյութեր, որոնք թիրախավորում են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին, ինչպես նաև հակադրում Փաշինյանին Սամվել Կարապետյանի հետ։
«Ավելի վաղ տարածվում էր ԱԲ-ով ստեղծված մեկ այլ տեսանյութ, որում ադրբեջանական զորքերն իբր ներխուժում են Երևան»,- ասված է հրապարակման մեջ։
Շուրջ 60 օգտատերեր տարածում են ֆեյք էջերի ինֆորմացիան
Փաստեր ստուգող լրագրողները նաև հայտնաբերել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում համակարգված կերպով աշխատող կեղծ օգտատերերի, որոնք տարածում են վերոնշյալ կեղծ էջերի նյութերը։
Բացի այդ, նրանք ԶԼՄ-ների սոցիալական էջերում քննադատում են գործող իշխանությանն ու դրական մեկնաբանություններ անում Սամվել Կարապետյանի և նրա ղեկավարած ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին․
«Խումբը կազմված է ավելի քան 60 նույնականացված կեղծ օգտահաշվից։ Այս թիվը վերջնական չէ և չի բացառվում, որ այն շատ ավելի մեծ լինի»։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ կեղծ օգտահաշիվների մեծ մասը նոր չէ, այլ ստեղծվել է 2023 թ․-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Այդ օգտահաշիվների լուսանկարների որոնման արդյունքում հայտնաբերվել են դրանց մեծ մասի իրական տերերը (տեսանյութում)։
«Դրանք [լուսանկարները] մեծամասամբ գողացված են ռուսական ծանոթությունների կայքերից կամ չափահասների համար նախատեսված (18+) հարթակներից»,- ասված է հրապարակման մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Սամվել Կարապետյանի օգտին գործող ֆեյքերի բանակ