«Սահակաշվիլիի ճեղքումը»
«Ես Ուկրաինա վերադառնալու միջոց կգտնեմ, սակայն ուզում եմ ամեն ինչ օրենքի շրջանակում լուծել: Մայդան չեմ պատրաստվում սարքել», – լեհական Ժեշուվում առավոտյան Հրոմադսկոյեի լրագրողին ասել է Սահակաշվիլին: Այնտեղ քաղաքական գործիչը գիշերել է Վարշավայից դեպի լեհ-ուկրաինական սահման տանող ճանապարհին, որը նա պատրաստվում էր հատել կեսօրից հետո:
2015-ին նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլիին քաղաքացիություն տրամադրեց և Օդեսայի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար նշանակեց: Սակայն արդեն կես տարուց քաղաքական գործիչների հարաբերությունները փչացան: Սահակաշվիլին սկսեց քննադատել նախագահին, հետագայում լքեց պետական ծառայությունն ու սկսեց քաղաքականությամբ զբաղվել, «Նոր ուժերի շարժում» քաղաքական կուսակցությունը ստեղծեց և արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջեց:
Պորոշենկոն մի քանի անգամ փորձեց կարգավորել հարաբերությունները Սահակաշվիլիի հետ և նույնիսկ Նիդերլանդներում Ուկրաինայի դեսպանի պաշտոն առաջարկեց նրան, որտեղ և ապրում է քաղաքական գործչի ընտանիքը: Սակայն նախագահի փաստարկները սպառվեցին և այս տարվա հուլիսի 26-ին նա Սահակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրաման ստորագրեց: Որպես հիմք ծառայեց պետական միգրացիոն ծառայության նամակը, որում նշվում էր, որ Վրաստանի նախկին նախագահը քաղաքացիություն ստանալիս ոչ արժանահավատ տվյալներ է ներկայացրել. չի նշել, որ Վրաստանում նրա դեմ քրեական վարույթ է բացվել:
Սահակաշվիլին, որն այն ժամանակ ԱՄՆ-ում էր, Պորոշենկոյի այդպիսի քայլին չհամաձայնեց և խոստացավ, որ անպայման Ուկրաինա կվերադառնա, որպեսզի պայքարի «սպեկուլյանտ նախագահի» դեմ: Օգոստոսի 4-ին նա ժամանեց Վարշավա և հայտարարեց, որ սեպտեմբերի 10-ին կհատի ուկրաինական սահմանը՝ օգտվելով ուկրաինական անձնագրից, որն իր մոտ է: Պորոշենկոն Սահակաշվիլիի հայտարարությունը չմեկնաբանեց, փոխարենն ուկրաինացի պաշտոնյաները հաղորդեցին, որ նրան թույլ չեն տա Ուկրաինա մտնել, քանի որ նրա անձնագիրը վավեր չէ:
Այդ պատճառով էլ Սահակաշվիլիի վերադառնալու հարցը նրա և Պորոշենկոյի համար սկզբունքային գործ դարձավ. առաջինն ուզում էր ապացուցել, որ կարող է սահմանը հատել առանց նախագահի թույլտվության, մյուսը՝ որ դա հնարավոր չէ: Երկուսն էլ ընդգծում էին, որ գործում են բացառապես օրենքի շրջանակում: Իսկ գործնականում երկու քաղաքական գործիչներն էլ իրենց դիմակայությունում իրարամերժ մեթոդներ օգտագործեցին, իսկ նրանց հակամարտության պատանդ դարձան սովորական քաղաքացիներ, որոնք երեկ փորձում էին Ուկրաինայի և Լեհաստանի սահմանը հատել, ինչպես նաև սահմանային ծառայության և Ազգային ոստիկանության շարքային աշխատակիցները:
Վրացական գամբիտ
Այն հարցին, թե որդյոք նա գործողությունների պլան կամ պահուստային տարբերակներ ունի, Սահակաշվիլինի պատասխանել էր՝ ոչ: Սակայն նա ուներ պլան, թեև քաղաքական գործիչն այն ձգտում էր խնամքով քողարկել իմպրովիզացիայով:
Սահակաշվիլին հայտարարել էր, որ կփորձի ուկրաինական սահմանը հատել Լվովի շրջանի Կրակովեց ավանում: Ի հաստատումն այն բանի, որ նա հենց այնտեղ է մեկնելու, Կրակովեցում դեռևս շաբաթ օրվանից սկսեցին հավաքվել նրա կողմնակիցները: Նրանց կորիզը «Դոնբաս» և «Այդար» կամավորական գումարտակների նախկին մարտիկներն էին «Ինքնօգնության» ժողովրդական պատգամավոր Սեմյոն Սեմենչենկոյի գլխավորությամբ, ինչպես նաև «Նոր ուժերի շարժման» ակտիվիստները Դավիթ Սակվարելիձեի գլխավորությամբ: Նրանք սահմանահատման կետի մոտակայքում իմպրովիզացված ճամբար էին սարքել:
Իշխանությունը պատասխան քայլ ձեռնարկեց: Պետական սահմանային ծառայությունն ու Ազգային ոստիկանությունը, որոնք ենթարկվում են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, ուժեղացրին անցակետի պահպանությունը. ավելացրին այնտեղ աշխատակիցների քանակը, տարածքը փշալարով ցանկապատեցին: Այդ ընթացքում Կրակովեց եկավ սպորտային արտաքինով երիտասարդներով լի 10 ավտոբուս, երիտասարդներն իրենց ներկայացնում էին որպես «Սահակաշվիլիի քաղաքական հակառակորդներ»:
Նրանց խմբի ղեկավարներից մեկը ճանաչեց Հրոմադսկոյեի թղթակցին և զրուցեց նրա հետ.
— Մենք զուտ փողի համար ենք այստեղ:
— Իսկ ո՞վ է այսօր փող վճարում:
— Մենք հիմա պաշտպանում ենք իշխանությանը Սահակաշվիլիի ակցիային դեմ ենք: Խնդիր հստակ դրված չէ: Մենք այստեղ «մասովկայի» համար ենք:
Սահակաշվիլիի Ուկրաինա վերադառնալուն խոստացել էին խանգարել Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն և Սոցիալիստական կուսակցության ղեկավար Իլյա Կիվան: Երկուսին էլ կապում են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ, որը Վրաստանի նախկին նախագահի վաղեմի հակառակորդն է:
Սակայն իրականում Սահակաշվիլին չէր պատրաստվում Կրակովեց մեկնել: Հայտարարված «վերադարձից» մի քանի օր առաջ նրա օգնականները գնել էին լեհական Պերեմիշլից Լվով մեկնող «Ինտերսիթի» երկու գնացքների երկու վագոնների տոմսերը, որոնք մեկնում էին Վարշավայի ժամով համապատասխանաբար ժամը 13:00-ին և 15:00-ին: Անվանական տոմսեր ձեռք էին բերվել նաև բոլոր լրագրողների համար, որոնք համավատարմագրվել էին Կրակովեցում Սահակաշվիլիի հետ հանդիպմանը: Չնայած այդ մասին նրանց չէին ասել, փոխարենը հաղորդել էին, որ սահմանն անցնելուց առաջ Սահակաշվիլինի բրիֆինգ կանցկացնի Լեհաստանի տարածքում, և խոստացել էին այնտեղ ավտոբուսով տանել Լվովից՝ նախապես հավաքելով անձնագրային տվյալները:
Սահակաշվիլին դեպի ուկրաինական սահման ուղևորվեց լեհական Ժեշուվ քաղաքից, որտեղ գիշերն անցկացրեց Վարշավայից գալիս: Առավոտյան նրան միացավ ուկրաինացի քաղաքական գործիչներից կազմված «աջակցության խումբը»՝ «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, ժողովրդական պատգամավորներ Վիկտոր Չումակը, Մուստաֆա Նայեմը, Յուրի Դերևանկոն, Դմիտրի Դոբրոդոմովն, ինչպես նաև նախկին ժողովրդական պատգամավոր Եգոր Ֆիրսովն ու Լեհաստանի կողմից եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին:
Սրճարանի բակում իմպրովիզացված բրիֆինգին Սահակաշվիլին հաղորդեց, որ ավտոբուսով մեկնում է սահման և ճանապարհին մտնելու է Պերեմիշլ քաղաք: Մի ժամից նա և նրա քաղաքական դաշնակիցները հավաքվեցին խորհրդակցության այդ քաղաքի երկաթուղային կայարանում: Որից հետո հաղորդեցին. իրենց համախոհների և «տիտուշկաների» հետ անկարգություն չհրահրելու համար, նրանք Ուկրաինա կմեկնեն գնացքով, որը շարժվում է կես ժամից:
Ժեշուվի սրճարանում կայացած մամուլի ասուլիսին ուկրաինացի պատգամավորների և Լեհաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Սարիուշ-Վոլսկու ներկայությամբ Սահակաշվիլին հաղորդեց, որ Ուկրաինա է ուղևորվելու գնացքով: Լուսանկարը՝ Մաքսիմ Կամենևի/Հրոմադսկոյե
«Ուկրաինական» պաշտպանություն
Հաջորդ քայլը պետք է աներ ուկրաինական իշխանությունը: Այն բանից հետո, երբ Սահակաշվիլին ընտանիքով, կողմնակիցներով և լրագրողներով վագոն նստեց, գնացքի պետը հաղորդեց, որ կազմը չի կարող Ուկրաինա մեկնել, քանի դեռ գնացքում է քաղաքացիությունից զուրկ անձ: Երեք ժամից ավել Սահակաշվիլիի քաղաքական դաշնակիցները փորձում էին նրան համոզել մեքենավարին հրահանգել շարժվել: Կինը բացատրեց, որ ղեկավարությունից հրաման է ստացել:
Գնացքում աճում էր ուղևորների դժգոհությունը: Նրանցից ոմանք պահանջում էին, որպեսզի Սահակաշվիլին դուրս գա վագոնից և իրենց հնարավորություն տա մեկնել: Իսկ նախկին նախագահի կողմնակիցները համոզում էին նրանց, որ քաղաքական գործիչն իրավունք ունի գտնվելու գնացքում, իսկ նրանք ուկրաինացի պաշտոնյաների գործողությունների պատանդ են, որոնք ցանկացած գնով փորձում են խանգարել նրա վերադարձին:
Սակայն, խորհրդակցելով Յուլյա Տիմոշենկոյի հետ, Սահակաշվիլին դուրս եկավ գնացքից և անցավ այլ պլատֆորմ: Հենց այնտեղ էր կայանվել «Ինտերսիթիի» հաջորդ գնացքը, որը նույնպես Ուկրաինա էր ուղևորվում: Այդ պատճառով էլ քաղաքական գործիչը ներողություն խնդրեց երկու գնացքների ուղևորներից անհարմարություններ համար և հաղորդեց, որ վերադառնում է նախնական պլանին՝ մեկնում է Կրակովեց ավտոբուսով:
Միխայիլ Սահակաշվիլին և նրա համախոհ Յուրի Դերևանկոն ավտոբուսով Ուկրաինա մեկնելիս Լուսանկարը՝ Մաքսիմ Կամենևի/Հրոմադսկոյե
Սակայն դա խաբուսիկ հնարք էր: Ճանապարհին ավտոբուսը փոխեց երթուղին և ուղևորվեց դեպի Մեդիկա-Շեգինի անցակետ: Այն Պերեմիշլից 30կմ-ով ավելի մոտ է, քան Յագոդին-Կրակովեցը:
Իշխանություններն արագ նախապատրաստվեցին: Ուկրաինական կողմից ճանապարհը փակեցին զրահապատ բեռնատարով և Ազգային գվարդիայի մարտիկներից երկու շարք կանգնեցրին: Սակայն, ի տարբերություն Կրակովեցի, Շեգինիում ոչ փշալար կար, ոչ ուժեղացված պահակախումբ:
Սահակաշվիլին առանց խնդիրների անցավ լեհական սահմանը և հասավ տարանցիկ գոտի: Ուկրաինացի սահմանապահները նրան ներս չթողեցին, սակայն քաղաքական գործիչը հրաժարվեց ետ վերադառնալ Լեհաստան: Լեհաստանից դեպի Ուկրաինա մեքենաների երթևեկությունը կանգ առավ: Լեհ սահմանապահները վրդովված վարորդներին բացատրում էին, որ չեն կարող նրանց թողնել ուկրաինական կողմ, քանի որ այնտեղ երթևեկությունը կանգնեցված է, և նրանք ստիպված են սպասել:
Այդ պահին անցակետին մոտեցան Սահակաշվիլիի մի խումբ կողմնակիցներ, որոնք դուրս էին եկել Կրակովեցի մոտ խփած ճամբարից: Մոտ 200 մարդ կանգեց սահմանապահների դիմաց և հանկարծ սկսեց գրոհել. նրանք ճեղքեցին Ազգային գվարդիայի ներկայացուցիչների շղթան և բառացիորեն Սահակաշվիլիին անցկացրին պետական սահմանով: Այդ ընթացքում Սահակաշվիլիի կողմնակիցների մի մասը, որը մնացել էր սահմանի լեհական կողմում, հեռախոսներով նայում էին «Սահակաշվիլիի ճեղքման» տեսանյութը և կիսվում տպավորություններով. «Ահա, խնդրեմ: «Դոնբաս» գումարտակի մարտիկը՝ «Մեքսիկա» մականունով, մարդ, որը Սահակաշվիլիին անցկացրեց ուկրաինական տարածք», – նախանձով մեկնաբանում էր նրանցից մեկը:
Սահակաշվիլին Շեգինի անցակետում կարողացավ հատել լեհ-ուկրաինական սահմանը և հայտնվեց Ուկրաինայի տարածքում: Լուսանկարը՝ Նաստյա Ստանկոյի/ՀրոմադսկոյեՄեկ ժամ անց քաղաքական գործիչն արդեն ելույթ էր ունենում Լվովում իմպրովիզացված հանրահավաքին, հետո սուրճ խմեց Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի հետ: Հաջորդ առավոտյան Սահակաշվիլին հաղորդեց, որ մեկնում է համաուկրաինական շրջագայության: Ճիշտ է, ինքնաթիռից նա չի կարող օգտվել, քաղաքական գործչի խոսքով՝ ինչ-որ մեկը գողացել է նրա անձնագիրը, որը նա «ճեղքման» ժամանակ թողել էր ավտոբուսում:
Արսեն Ավակովը «ճեղքումն» անվանել է պետականության հիմնարար ինստիտուտնռրի գրոհ և խորհուրդ է տվել բոլոր մասնակիցներին վերադառնալ Շեգենի և սահմանը պաշտոնապես հատել: Պյոտր Պորոշենկոն նույնպես մեկնաբանել է նախօրեի իրադարձությունները. «Ես հույս ունեմ, որ այդ պարոնը հարկ եղած ժամանակ և նույն ոգևորությամբ Վրաստան կմտնի, որով նա փորձում էր Ուկրաինա մտնել»: