Սալեհ Ռուստամովի գործը Եվրոպական դատարանում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կապ է հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ 28 օր բանտում հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր Սալեհ Ռուստամովի գործով միջանկյալ միջոցների ընդունման հարցով։ Այդ մասին սոցցանցերում գրել է փաստաբան Ագիլ Լայիջը:
- «Վրաստանում չկան քաղբանտարկյալներ». նախագահ Զուրաբիշվիլին համաձայն չէ ԱՄՆ սենատորի հետ
- Նամակներ հայաստանյան բանտից․ «Բանտային թավշյա բարեփոխման և հին ռեժիմի մնացուկների մասին»
«Մենք դիմել ենք Եվրոպական դատարան քրեակատարողական ծառայության բուժկետում պահվող և հացադուլը շարունակող Սալեհ Ռուստամովի գործով միջանկյալ միջոցների ընդունման համար, այն է՝ տեղափոխել մասնավոր և ժամանակակից հիվանդանոց՝ հաշվի առնելով կլինիկական կոմայի մեջ ընկնելու վտանգը:
Այսօր (դեկտեմբերի 2-ին) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կապ է հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, հարցում է ուղարկել նրա առողջական վիճակի, տեխնիկական պայմանների մասին, որոնցում նա պահվում է, ինչպես նաև ներկայումս նրա առողջական վիճակի համար պատասխանատու անձնակազմի մասին։
Հուսով եմ՝ Սալեհ բեյը կդադարեցնի հացադուլը, հակառակ դեպքում, հաշվի առնելով երկրում տիրող առողջապահական վիճակը, շտապ վերակենդանացման համար նրան անհրաժեշտ է տեղափոխել մասնագիտացված և լավ սարքավորված կլինիկա»,- գրել է Ագիլ Լայիջը։
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ռուստամովին
Ըստ Սալեխ Ռուստամովի որդու՝ Սեզգին Ռուստամովի, դեկտեմբերի 3-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են նրա հորը բանտային հիվանդանոցում և նշել են, որ բանտարկյալի վիճակը ցանկացած պահի կարող է վատթարանալ.
«Փաստաբան Բահրուզ Բայրամովը հանդիպել է հորս հետ։ Երբ փաստաբանը հարցրել է նրա առողջական վիճակի մասին, նա չի ցանկացել պատասխանել։ Այսօր հորս են այցելել նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները և ծանոթացել նրա անալիզների արդյունքներին։ Նրանք նշել են, որ հորս առողջական վիճակը ցանկացած պահի կարող է ծայրահեղ վատթարանալ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Ռուստամովի պաշտպանության ակցիային ձերբակալվածները
Դեկտեմբերի 1-ին Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Սալեհ Ռուստամովի։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել և ծեծի են ենթարկվել։ Նախկին քաղբանտարկյալ, հայտնի ընդդիմադիր Թոֆիգ Յագուբլուն դաժան բռնության է ենթարկվել։ Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության (PFPA) անդամ, 65-ամյա Փաշա Դադաշզադեի ձեռքը կոտրվել է։
Ձերբակալվածներից հինգը ստացել են վարչական կալանք՝ 15-ից 30 օր ժամկետով։ Վարչական կարգով կալանավորվածների թվում է երիտասարդ ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին, որը չի մասնակցել ցույցին, այլ պարզապես շրջել է քաղաքի կենտրոնով, ցույցը ցրելուց մեկուկես ժամ հետո։
Ո՞վ է Սալեհ Ռուստամովը
Սալեհ Ռուստամովը 1992-1993 թվականներին՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավարման օրոք, եղել է Ադրբեջանի Գետաբեկի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը։ Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 1992 թվականին եղել է Գետաբեկի շրջանի Արծվաշեն (Բաշքենդ) գյուղի ազատագրման գործողության ղեկավարներից։
Ռուստամովը, որը 1997 թվականից բնակվում է Ռուսաստանում և ներկայումս Ռուսաստանի քաղաքացի է, այնտեղ բիզնեսով էր զբաղվում։ Երբեմն նյութական աջակցության համար նա փոքր գումարներ էր ուղարկում Ժողովրդական ճակատ կուսակցության առանձին ներկայացուցիչներին, որի անդամ է ինքը։
2018 թվականի մայիսին նա եկել էր Ադրբեջան իր մերձավորներից մեկի հուղարկավորությանը և կալանավորվել։ Նա մեղադրվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ձեռնարկատիրության, ապօրինի ճանապարհով վաստակած գումարների օրինականացման մեջ։ Ըստ քրեական գործի նյութերի՝ նա ապօրինի կերպով ֆինանսավորել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությանը։
2019 թվականի փետրվարին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուստամովին դատապարտել է 7 տարի 3 ամիս ազատազրկման՝ նրա ու հարազատների ունեցվածքի բռնագրավմամբ։
2021 թվականի նոյեմբերի սկզբին Ադրբեջանի խորհրդարանը համաներման մասին օրենք է ընդունել՝ ցուցակում ներառելով նաև Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակիցներին։ Բայց Ռուստամովի անունը այնտեղ չի եղել։ Նոյեմբերի 6-ին նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։ Մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, իրավապաշտպաններ և լրատվամիջոցներ նոյեմբերի 19-ին դիմել են երկրի նախագահին՝ Ռուստամովին ազատ արձակելու խնդրանքով։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկները խոսում են ակտիվիստի ծանր վիճակի մասին։ Նա ինքն է հայտարարել չոր հացադուլ անելու մտադրության մասին։
Սալեհ Ռուստամովը պնդում է, որ իր ձերբակալությունն անօրինական է և քաղաքական դրդապատճառներով և պահանջում է ազատություն։
Մի շարք հասարակական կազմակերպություններ և իրավապաշտպաններ, քաղաքական կուսակցություններ, Գետաբեկի շրջանի մի խումբ բնակիչներ, Արցախյան առաջին պատերազմի մի խումբ վետերաններ, Գետաբեկի ազգային հերոս Իլհամ Ալիևի ընտանիքը դիմել են երկրի նախագահին՝ Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու խնդրանքով:
Դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Սալեհ Ռուստամովի։