Սաթի տենդ. ինչպես են աշխատում ապօրինի գիշերային սաթախույզներն Ուկրաինայի արևմուտքում
Հրոմադսկոյեի և «Слідство.Інфо»-ի նյութերի հիման վրա
Գիշեր: Ուկրաինայի արևմուտքում գտնվող Կլեսով ավան տանող ճանապարհին կանգնած մեքենաներ և համազգեստով տղամարդիկ: Աջից և ձախից՝ մեքենայավորված պոմպեր և հարյուրավոր մարդիկ: Չնայած սաթի մաֆիայի՝ իշխանության հայտարարած ոչնչացմանը:
Գիշերն աշխատում են ակտիվ սաթախույզները՝ պոմպերով, ցերեկը՝ մնացորդները հավաքողները:
«Մի քիչ եմ հավաքել: Գնում եմ, փորում: Ի՞նչ անել, եթե ստացվում է», — պատմում է մի կին, որին հանդիպեցինք ճանապարհին՝ սաթի կլոնդայկից ոչ հեռու:
Նա մոտոռոլերով է, ռետինե երկարաճիտ կոշիկներով և որսացանցով. տեղացիների համար սա աշխատանքային սովորական պարագաներ են: Կինը մոտակայքում է ապրում, հրաժարվեց անունը նշել և խնդրեց դեմքը ցույց չտալ:
«Ես փորում եմ արդեն երևի 3, նույնիսկ 4 տարի: Քանի որ այնպես է ստացվել, որ տուն եմ կառուցում, [ազգականների] վիրահատությունների համար գումար է անհրաժեշտ: Պետք է անեմ: Այլ կերպ չի ստացվում: Չորս տղա և մեկ աղջիկ ունեմ», — պատմում է նա:
Գտնված սաթից ստացված փողը հերիքում է և ուսման, և շինարարության, և կյանքի ծախսերը հոգալու համար: Այնպես, ինչպես նա, ապրում է գրեթե յուրաքանչյուր տեղացին:
— Հարյուր տարի է՝ արդեն այսպես է: Մի ժամանակ այսպես են արել, հիմա էլ են անում…— ասում է Կլեսովի բնակչուհին:
— Բայց երկար ժամանակ այսպիսի բան չկար, հիմա նորի՞ց է սկսվել, — հետաքրքրվում ենք մենք:
— Դե, ինչ-որ պայմանավորվածություն կա: Ես չեմ խորանում, նրանք իրենց խնդիրներն ունեն, — ասում է մեր զրուցակիցը:
Կլեսով ավանի ծայրամասը բոլորի աչքի առջև է. այստեղով է անցնում ճանապարհը, որով օրական հարյուրավոր մեքենաներ են անցնում:
Տարբեր աղբյուրներ սաթի ապօրինի հայթայթման իրավունքի «տոմսի» տարբեր գներ են նշում. 250-350 դոլար արժե այստեղ պոմպ տեղադրելը: Ավելի շատ՝ 1000 դոլար, արժե նախապես պատրաստված ջրանցքներից ջրի մատակարարումը:
Զանգվածային ապօրինի արդյունահանում դեռևս չկա և վերջին ժամանակների ընթացքում չի եղել, համարում է ոստիկանության Սարնիի բաժանմունքի պետը և վստահեցնում, որ մենք տեսագրել ենք եզակի դեպք:
— Զանգվածային արդյունահանումն, իմ կարծիքով, հարյուր շարժիչը, հիսուն շարժիչն է: Դա զանգվածային արդյունահանում էր: Եզակի դեպքեր կան: Ավելին չեմ կարող ասել, — ասում է Սերգեյ Սմագլյուկը:
— Մեկ շաբաթ առաջ գրանցեցինք, որ այնտեղ մի քանի տասնյակ շարժիչ է աշխատում: Նոր ջրանցքներ էին փորում, տեխնիկա էր աշխատում… — շարունակում ենք մենք:
— Ներկա պահին Սարնիի շրջանի տարածքում հումքային սաթի զանգվածային արդյունահանում չկա, — վանկերով արտասանում է Սմագլյուկը:
Մինչ ոստիկանությունը փորձում է պայքարել արդյունահանման դեմ կամ գոնե ցույց է տալիս, թե պայքարում է, սաթ հայթայթողներն առանց վախենալու անվերջ հրապարակում են նորանոր լուսանկարներ և տեսանյութեր՝ իրենց գործունեության ապացույցներ:
Սոցցանցի տեղական խմբերից մեկում հաջողվեց հայտարարություն գտնել Ժիտոմիրի կլոնդայկներից մեկի համար բանվորների հավաքագրման մասին:
— Ես զանգահարում եմ «Վկոնտակտեի» հայտարարությամբ, — ասում ենք մենք՝ հավաքելով հայտարարությունում նշված հեռախոսահամարը:
— Այո, բանվորներ են պետք: Օլևսկում աշխատելու համար: Դուք ո՞րտեղից եք:
— Ռովնոյից:
Աշխատակիցներին ապահովում են աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներով, ամսական 5-6 հազար գրիվնա կամ հայթայթած սաթից տոկոս վճարում: Մեզ հոգատար գործատու բաժին ընկավ, որը պատրաստ էր նաև նվազագույն սոցիալական փաթեթ ապահովել:
«Իսկ եթե հետդ 4-5 հոգի ես վերցնում, կեցավայր էլ եմ ապահովում, աշխատե՛ք: Գործի անցիր, ես գներն էլ ունեմ գրած, կպայմանավորվենք, արդյունահանվածի 20%-ը կամ աշխատավարձ: Ինչպես ձեզ հարմար է: Տուն ձեզ համար կգտնեմ, այն արդեն կա, «Կլոնդայկի» մոտ է, լույս կա, վառարանով է ջեռուցվում, տաք տուն է, վառելափայտը կբերենք», — ասում է զրուցակիցը:
«Այսօր աշխատում ենք գիշերը: Կխոսենք, երբ ոստիկանների հետ պայմանավորվենք, հնարավոր կլինի ցերեկն աշխատել», — ասում է գործատուն:
Նա ասում է նաև, որ կարելի է գալ և աշխատել նույնիսկ սեփական պոմպով: Ոստիկանության հետ նա հարցը կլուծի:
«Եթե ինչ-որ բան լինի, ոստիկանների հետ արդեն ես [կպայմանավորվեմ] և աշխատանքի համար իմ մի փոքր տոկոսը կվերցնեմ: Մի խոսքով, ասել են, որ մինչև շաբաթ օրը պարզ կլինի, թե որ մղանցքում ոստիկանները թույլ կտան աշխատել», — ասում է մեր զրուցակիցը:
Մենք հարցազրույցի հարցում էինք ուղարկել Ազգային ոստիկանության ղեկավարին՝ խնդրելով մեկնաբանել արդյունահանման հետ կապված իրավիճակը:
Ի պատասխան Ազգային ոստիկանության կապի դեպարտամենտից նամակ ստացանք, որում նշված էր վիճակագրությունն ու ընդհանուր տեղեկություններ: Իսկ այդ ընթացքում տարբեր կատեգորիաների ապօրինի սաթախույզները շարունակում են աշխատել ուկրաինական ընդերքի հարստահարման ուղղությամբ: