Ռուսները կդառնան Ռուսաստանի գլխավոր ժողովո՞ւրդ
Ռուսաստանի սահմանադրությունում կատարվող փոփոխություններից մեկն այսպես է հնչում․ «Ռուսերենը պետականաստեղծ ժողովրդի լեզու է»։
Այս նախադասությունը բուռն արձագանք է առաջացրել Ռուսաստանի ազգային հանրապետություններում՝ Բաշկորտոստանում, Թաթարստանում և Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, հաղորդում են Ազատություն ռադիոկայանն ու «Կավկազսկի ուզելը»։
Ի՞նչ կառուցվածք ունի Ռուսաստանի Դաշնությունը
Ռուսաստանի Դաշնությունը կազմված է 85 սուբյեկտկներից, որոնցից 26–ն ազգային հանրապետություններ են։ Նրանք ունեն պետական երկու լեզու՝ ռուսերենն ու մայրենին։
Մնացած սուբյեկտներում պաշտոնական լեզուն մեկն է՝ ռուսերենը։
Ռուսաստանի սահմանադրությունը երաշխավորում է երկրում ապրող բոլոր ժողովուրդների հավասարությունը։ Պետական փաստաթղթերում ազգությունը չի նշվում։
Ի՞նչ է նշանակում այս փոփոխությունը
«Այն նշանակում է, որ մեզ հավասարեցնում են ոմն հնդկացիների կամ աբորիգենների, որոնց համար առավելագույնը գոյություն ունի բնակության վայր, ֆոլկլոր և ոչ ավելին։ Իսկ ազգային պետությունները հենց նրա համար են ստեղծվել, որ ընդգծեն ժողովուրդների քաղաքական սուբյեկտ լինելը, ինքնորոշման նրանց հատուկ իրավունքներն ու կենտրոնի կողմից երաշխիքները, որ այդ իրավունքները պահպանվելու են։
Դաշնությունից աստիճանաբար հեռացումն այս վերջին 20 տարիներին ուղեկցվում էր հենց այսպիսի փոքրիկ խորհրդանշական քայլերով, որոնք հետո գործնականում վերածվում են հիմնարար փոփոխությունների», — կարծում է պատմաբան, Բաշկորտոստանի և Թաթարստանի հարցերով մասնագետ Իլնար Գարիֆուլինը։
• «Աղջիկնե՛ր, դուք հիվանդ եք», — ասել է Սերգեյ Լավրովը վրացի լրագրողներին
Արձագանքը «պետականաստեղծ ժողովրդին»
«”Պետականաստեղծ ժողովուրդ” հասկացության ամրագրումը սահմանադրությունում երկրի զարգացման տագնապալի ախտանշան է, — կարծում է Ադիգեայի հումանիտար հետազոտությունների պետական ինստիտուտի ազգագրության բաժնի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Սամիր Խոտկոն։ – «Պետականաստեղծ» հասկացության ներմուծմանը զուգահեռ սեգրեգացիա է տեղի ունենում։ Պետության իրավական զարգացման համար դա ծայրահեղ անցանկալի է»։
Ահա մեջբերում Հումանիտար հետազոտությունների Կաբարդա–Բալկարիայի ինստիտուտի աշխատակիցների կողմից արված հայտարարությունից․
«Անընդունելի, ֆեդերալիզմի ոգուն, մարդու իրավունքներին և ազատություններին, ժողովուրդների՝ երկրի գործող հիմնարար օրենքում ամրագրված ինքնորոշման իրավունքին հակասող է Ռուսաստանի Դանշությունում միակ «պետականաստեղծ ժողովրդի» հաստատման փորձը։ Մենք պնդում ենք, որ պետականաստեղծ են ՌԴ բոլոր ժողովուրդներն առանց բացառության»։
Դաղստանի ֆեդերալ հետազոտական կենտրոնի պատմության, հնէաբանության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Մախաչ Մուսաև․
«Հանրապետությունում գիտական հանրության մի մասը կարծում է, որ սահմանադրությունում ներառվելիք նոր նորմն իրողությունը չի փոխի, սակայն կան նաև բացարձակ այլընտրանքային տեսակետներ, որ այդ նորմի ամրագրումից հետո խոսք է գնալու բռնի ռուսականացման մասին»։
Հետևանքներ
Պատմաբան և քաղաքագետ, Բաշկորտոստանի և Թաթարստանի հարցերով մասնագետ Իլնար Գարիֆուլին․
«Երբ երկիրը սոցիալ–տնտեսական և մնացած ֆինանսական ռեսուրսների համար էլիտար խմբավորումների պայքարի կոշտ պայմաններում է, նման փոփոխությունները բոլոր շերտերի մոտ համընդհանուր զայրույթ են առաջացնում։ Անգամ նրանց համար, ում ազգային և կրոնական պատկանելիությունը «քնած» զգացմունք է, սոցիալական նյարդայնության պայմաններում այն զգալի գործոն է դառնում»։
Ռուսաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը հանրաքվեի է դրվել, որը պետք է կայանա ապրիլի 22–ին։