«Ռուսթավի-2». վճռորոշ մարտ
«Ռուսթավի-2»-ի շուրջ լարվածությունն իր գագաթնակետին է հասնում: Ուրբաթ՝ փետրվարի 17-ին, հեռուստաընկերության տնօրենության և աշխատակիցների որոշմամբ, հեռուստաալիքի հեռարձակումը երկու աշխատանքային օրով դադարեցվել էր: Էկրանին միայն գրված էր. «Բողոքում ենք անարդարության դեմ»:
«Սա բողոքի ծայրահեղ ձևն է, որին կարող է դիմել հեռուստաընկերությունը: Մեզ այլ ելք չեն թողել», — հայտարարել է «Սուրհանդակ» լրատվական հաղորդման հաղորդավար, հեռուստաալիքի գլխավոր տնօրենի տեղակալ Զաալ Ուդումաշվիլին: Իսկ կիրակի Ռուսթավելու պողոտայում բազմամարդ ակցիա տեղի ունեցավ ի աջակցություն հեռուստաընկերության: «Ռուսթավի-2»-ը սպասում է Գերագույն դատարանի որոշմանը:
Հազարավոր մարդիկ էին երեկ Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելու պողոտայում հավաքվել ի աջակցություն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության: Դատական վճռի ճշգրիտ օրը հայտնի չէ, սակայն այն սպասվում է մոտ օրերս՝ մինչև փետրվարի վերջ: Գերագույն դատարանը պետք է վճռի, թե ում սեփականությունն է «Ռուսթավի-2»-ը:
Մեկուկես տարվա վեճերից հետո Գերագույն դատարանը պետք է իր վերջնական խոսքն ասի, թե ով է երկրի ամենավարկանիշային հեռուստաընկերության սեփականատերը: Այդ որոշումից է կախված՝ արդյոք իշխանությունների հանդեպ ամենաքննադատական դիրքորոշումն ունեցող հեռուստաալիքը ներկա ձևով կշարունակի իր հեռարձակումը:
«Իվանիշվիլի՛, ձեռքերդ հեռու «Ռուսթավի-2»-ից», «Պաշտպանենք խոսքի ազատությունը», «Մի՛ փակեք սիրված հաղորդումները», «Ես սիրում եմ մորս, մայրս սիրում է «Ռուսթավի-2»-ը», ««Ռուսթավի-2»-ը ժողովրդին է պատկանում». այսպիսի պաստառներով հազարավոր մարդիկ կիրակի՝ փետրվարի 19-ին, հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ:
Շարքային քաղաքացիների հետ միասին ակցիայի էին դուրս եկել ընդդիմադիր կուսակցությունները, ոչ կառավարական հատվածի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչները, հայտնի երգիչներ և դերասաններ: Անգամ «Ռուսթավի-2»-ի հանդեպ քննադատորեն տրամադրված մարդիկ նույնպես փողոց էին դուրս եկել հեռուստաընկերությանն աջակցելու, քանի որ համարում են, որ այսօր այն պետք է անպայման պաշտպանել երկրում խոսքի ազատությունը պահպանելու համար:
Բողոքի ակցիան համակարգում էր հեռուստաընկերության գլխավոր լրատվական թողարկման հաղորդավար Զաալ Ուդումաշվիլին: «Եթե «Ռուսթավի-2»-ը պարտվի, դա մի հեռուստաընկերության վախճան չի լինի: Դա կնշանակի, որ վաղը դուք չեք ունենա այն տարածքը, որտեղ կարող եք խոսել խնդիրների մասին… Այսօր մենք միահամուռ կերպով իշխանություններին պետք է հայտարարենք, որ ոչ ոք երբեք այս երկրում ձեռք չի բարձրացնի խոսքի ազատության վրա» — հայտարարել է Ուդումաշվիլին:
«Ռուսթավի-2»-ի կազմակերպած ցույցին քաղաքական գործիչներ ելույթ չունեցան: Ամբիոնի մոտ էին միայն հեռուստաընկերության լրագրողներն ու հայտնի հաղորդավարները: Նրանք շնորհակալություն էին հայտնում լսարանին աջակցության համար:
Վեճ մասնավոր սեփականության շո՞ւրջ, թե՞ քաղաքական արդարություն
2015թ-ի նոյեմբերին Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հայցն ու վերկանգնել է հեռուստաալիքի գործող մենեջմենթի իրավունքները: Դրանից մեկ շաբաթ առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանը կասեցրել էր գործող մենեջմենթի իրավասությունները: Դատական գործընթացն այն մասին, թե ով է ամենավարկանիշային և իշխանությունների հանդեպ ամենաքննադատորեն տրամադրված հեռուստաալիքի սեփականատերն, արդեն երկու տարի է շարունակվում:
Այս ողջ ընթացքում հեռուստաընկերության գույքը կալանքի տակ է մնում:
Հեռուստաընկերության նախկին սեփականատերերից մեկը՝ Քիբար Խալվաշին, որը հեռուստաընկերությունը ղեկավարել է 2004-2006թթ-ին, խնդրում է վերադարձնել իրեն պատկանող մասնաբաժինները: Խալվաշին պնդում է, որ ստիպված է եղել զիջել հեռուստաընկերությունը Սահակաշվիլիի իշխանությունների ճնշման տակ:
2015թ-ի նոյեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը վճիռ կայացրեց Խալվաշիի օգտին: Այժմ հեռուստաընկերությունը պատմական որոշման է սպասում, Վրաստանի վերջին ատյանի՝ Գերագույն դատարանի որոշումից է կախված հեռուստաընկերության ապագան:
«Միջազգային թափանցիկություն — Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ 2004-2012թթ-ին հեռուստաընկերությունը 20 անգամ սեփականատեր է փոխել: Սեփականատիրոջ փոփոխության յուրաքանչյուր դեպք մութ պատմությունների հետ է կապված, և մինչ այսօր շատ հարցեր անպատասխան են մնում: Բոլոր այդ գործարքների ետևում Սահակաշվիլիի ռեժիմն է կանգնած եղել:
Չնայած որ «Ռուսթավի-2»-ի 23-ամյա պատմության ընթացքում այդ հեռուստաընկերության սեփականատերերը փոխվելեն կասկածելի պայմաններում, այսօր քչերն են ասկածում, որ Խալվաշիի թիկունքում իշխանություններն են, որոնք մասնավոր դատական վեճի միջոցով փորձում են քննադատորեն տրամադրված հեռուստաալիքի սփականատիրոջն ու խմբագրական քաղաքականությունը փոխել: Իշխանությունները փորձում են կրկնել նախորդների գործողությունները, կարծում են ոչ կառավարական կազմակերությունների ներկայացուցիչները:
Իշխող շրջանակներին ներկայացուցիչները «Ռուսթավի-2»-ի գործը դիտարկում են որպես զուտ մասնավոր և կտրականապես հերքում են դատական գործընթացին միջամտելը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Էկա Բեսելիան, մեկնաբանելով խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ակցիան, ընդգծել է, որ դատարանի որոշումը ոչ մի կապ չունի «Ռուսթավի-2»-ի հայացքների կամ խոսքի ազատության սահմանափակման հետ:
«Մենք պարզ բան ենք ուզում՝ արդարություն», — ակցիային ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան:
Նրա խոսքով, այսօր Գերագույն դատարանը հնարավորություն ունի ոչ միայն պաշտպանելու խոսքի ազատությունն, այլ նաև անկախ դատարանի աշխատանքի նախադեպ ստեղծելու:
«Ռուսթավի-2» -ը արդի պատմության առանցքային «ֆիգուր» է
2017թ-ի հունիսի 1-ին կլրանա «Ռուսթավի-2»-ի 23 տարին: Անգամ քննադատորեն տրամադրված մարդիկ ընդունում են հեռուստաընկերության առանձնահատուկ դերը Վրաստանի ժամանակակից պատմության մեջ:
«Վարդերի հեղափոխության» ժամանակ «Ռուսթավի-2»-ը բացահայտորեն ընդդիմությանն էր աջակցում: Շևարդնաձեի կոռումպացված ժամանակահատվածում հեռուստաընկերության լրագրողները պաշտոնյաներին էին մերկացնում, սուր ռեպորտաժներ էին եթեր տալիս, նրանց օբյեկտիվից դուրս չէր մնում ոչ մի սկանդալային թեմա: Հեռուստաընկերությունն իշխանությանը զրկում էր հարմարավետությունից: Հենց այդ պատճառով է այն բազմիցս փորձել փակել «Ռուսթավի-2»-ը: Հենց այդ փուլում է «Ռուսթավի-2»-ը հասել իր համբավի գագաթնակետին: «Հաղթանակած ժողովրդի հեռուստաընկերություն»՝ այդպես էին այն անվանում «Վարդերի հեղափոխությունից» հետո: Լրագրողները չէին կարողանում հանգիստ քայլել, նրանց անընդհատ մոտենում և շնորհակալություն էին հայտնում աշխատանքի համար:
Չնայած հետագայում հեռուստաընկերության վարկի համար ծանր ժամանակներ եկան: «Վարդերի հեղափոխությունից» հետո իշխանության եկած ուժը սկսեց ցավոտ և ժողովրդականություն չվայելող բարեփոխումներ իրականացնել, ուժեղ և քննադատորեն տրամադրված մամուլը ձեռնտու չէր: Ի վերջո այնպես ստացվեց, որ երկրի բոլոր առաջատար հեռուստաընկերույթուններն, այդ թվում նաև «Ռուսթավի-2»-ը, Սահակաշվիլիի ռեժիմի վերահսկողության տակ հայտնվեցին: Եթերից անհետացան սուր քաղաքական հաղորդումներն ու քննադատական սյուժեները: Աստիճանաբար անհետանում էր ժողովրդի վստահությունը:
«Ռուսթավի-2»-ի լրագրողներն այսօր ընդունում են իրենց սխալը և վստահեցնում, որ նոր շանսը ձեռքից բաց չեն թողնի. «Մի քանի տարի առաջ, երբ իշխանությունը փոխում էր «Ռուսթավի-2»-ի խմբագրական քաղաքականությունը, ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե այսպիսի բողոք լիներ: Դրա փոխարեն մենք՝ լրագրողներս, աստիճանաբար մեկ առ մեկ լքեցինք հեռուստաալիքը, ինչ-որ մեկը նույնիսկ լրագրությունից հեռացավ… Եթե այն տարիների մենեջմենթը կարողանար պայքարել, ինչպես այսօր է պայքարում, մենք այն ժամանակ էլ կկարողանայինք պահպանել հեռուստաընկերությունը: Մենք այլևս այդպիսի սխալ թույլ չենք տա, մենք այդ իրավունքը չունենք», — հայտարարել է «Ռուսթավի-2»-ում երկար տարիներ աշխատող Էկա Կադագիշվիլին:
Ակցիայի մասնակիցների մեծ մասը վստահ է, որ այսօր զավթելով հեռուստաընկերությունը՝ նույն ճանապարհը պատրաստ է անցնել նաև իշխող «Վրացական երազանքը»:
Ինչպես JAMnews-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, «Ռուսթավի-2»-ն իր մոտ ասոցացվում է խոսքի ազատության հետ, և իշխանություններն իրավունք չունեն ժողովրդին զրկելու դրանից:
Իսկ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, դիմելով իշխանություններին, խորհուրդ են տալիս չմիջամտել դատական գործընթացին: «Միջազգային թափանցիկություն — Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով, ակցիային մասնակցած բնակչությունն իշխանություններին ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանել «Ռուսթավի-2»-ը, մեդիաբազմակարծությունն ու ժողովրդավարությունը:
Այն մարդկանց թվում, որոնք եկել էին աջակցելու «Ռուսթավի-2»-ին, տարբեր լրատվամիջոցների լրագողներ կային, որոնք քննադատորեն են վերաբերվում ալիքի խմբագրական քաղաքականությանը:
«Կավկասիա» հեռուստաընկերության տնօրեն Նինո Ջանգիրաշվիլիի խոսքով, չնայած որ հեռուստաընկերության քաղաքականությունը երբեմն իր համար անընդունելի է, անհրաժեշտ է, որպեսզի «Ռուսթավի-2»-ը շարունակի աշխատել: Ջանգիրաշվիլիի կարծիքով՝ եթե իշխանությունները վերահսկողության տակ առնեն հեռուստաընկերությունը, բոլոր ազատ լրատվամիջոցներն անօգնական կդառնան:
«Ռուսթավի-2»-ը կիրակի վերականգնել է դադարեցված հեռարձակումը և ուղիղ եթերում հեռարձակել խորհրդարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիան: Զաալ Ուդումաշվիլին հաավքվածներին խոստացել է, որ «Ռուսթավի-2»-ն այլևս երբեք չի անջատվի: