Այժմ Պուտինը Ռուսաստանում հավերժ է, իսկ ռուսները՝ դաշնության գլխավոր ժողովուրդը։ Սահմանադրությունը փոփոխված է
Ռուսաստանում սահմանադրությունն անդառնալիորեն փոփոխվել է 2020 թ–ի հուլիսի 1–ին համաժողովրդական քվեարկությունից հետո։ Հիմնական արդյունքը․ 68-ամյա նախագահ Վլադիմիր Պուտինը ևս 16 տարի իշխանության մնալու հնարավորություն է ստացել։
Մեկ փաթեթով առաջարկված 269 փոփոխությունները մեծապես քննադատվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Քվեարկությունն անցկացվել է դիտորդների բացակայության և բացարձակ տարօրինակ պայմաններում՝ մեքենաների բեռնախցիկներում և անտառում՝ կոճղի վրա։
Ըստ պաշտոնական տվյալների՝ փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 77,92%–ը, դեմ՝ 21,27%–ը։ Մասնակցությունը կազմել է 65%։
Անկախ լրատվամիջոցները, փորձագետների մեծ մասն ու շատերը հասարակությունում հայտարարում են քվեարկության ոչ լեգիտիմ և կեղծված լինելու մասին։
Ի՞նչ է փոխվել Ռուսաստանում
Գլխավոր փոփոխությունը մեկն է․ բոլոր նախորդ նախագահական ժամկետների զրոյացում և նախագահի թեկնածություն առաջադրելու թույլտվություն բոլորին` ինչպես առաջին անգամ։
Դա նշանակում է, որ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն արդեն պաշտոնավարում է ավելի քան 20 տարի, կարող է ևս երկու անգամ վերընտրվել և այդ պաշտոնը զբաղեցնել մինչև 2036 թվականը։
Մեծ ուշադրություն են գրավել և սկանդալ առաջացրել հետևյալ փոփոխությունները․
• ռուս ժողովուրդը «պետականաստեղծ է», այդ պատճառով էլ ռուսերենն առանձնահատուկ կարգավիճակ է ստանում։
• Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է։
• Երկրի հիմնական օրենքում ներառվում է աստծո հասկացությունը․ «Նախնիների հիշատակ, որը մեզ ժառանգություն է թողել Աստված»։
Քվեարկության ամենաակտիվ մասնակիցները Չեչնիայի և Տուվային Հանրապետության բնակիչներն էին։ Նրանք էլ մեծամասնություն են կազմում «կողմ» քվեների քանակով։
ՌԴ միակ շրջանը, որը դեմ է քվեարկել փոփոխություններին Նենեցական ինքնավար շրջանն է։ Մոսկվայում նույնպես առանձին հատվածներ կան, որտեղ հաղթել են փոփոխությունների հակառակորդները։
• Ռուսաստան․ մեկուսացման շքերթ
Ինչո՞ւ են անկախ փորձագետներն ու լրագրողները վստահ, որ քվեարկությունը կեղծված է
Ռուսաստանում չկա օրենք, որում հիշատակվում է «համաժողովրդական քվեարկությունը»։
Դիտորդներին և լրագրողներին թույլ չեն տվել ընտրատեղամասերում ներկա լինել։ Հայտարարվել է, որ դա կորոնավիրուսի համավարակի պայմաններում անվտանգության ապահովման միջոց է։
Սոցցանցերում և լրատվամիջոցներում քվեարկությունը համեմատում են ներկայացման հետ։
Ընդդիմադիր ակտիվիստ Դմիտրի Գուդկովն, ինչպես շատերը, ողջ շաբաթ, որի ընթացքում անցկացվել է քվեարկությունը, հարցումներ է անցկացրել Մոսկվայում և Պետերբուրգում ընտրատեղամասերի ելքի մոտ և համեմատել այդ էքզիթ–փոլերն ու ԿԸՀ արդյունքները։
«Պուտինը պարտվել է նվազագույնը Ռուսաստանի այս երկու գլխավոր քաղաքներում, սակայն մյուս շրջաններում նույնպես արդյունքները նկարում են», — ասել է նա «Նաստոյասչեե վրեմյա» պարբերականին։
Մոսկվայում և Պետերբուրգում ողջ շաբաթ միայնակ ցույցեր են անցկացվել, քանի որ ցանկացած հավաքներ արգելված են կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սակայն ցույցերին շատ մարդ չի մասնակցել, ըստ տարբեր գնահատականների՝ մինչև 500։
Մոսկվայում քվեարկության վերջին օրը ոստիկանությունը ձերբակալել է Կարմիր հրապարակում յուրօրինակ ցույցի մասնակիցների․ մարդիկ պառկել էին գետնին՝ իրենց մարմիններով ձևավորելով Պուտինի նախագահական լիազորությունների ավարտի տարին՝ 2036։
Հատուկ այս քվեարկության համար ստեղծված «Խախտողների քարտեզները» հուլիսի 1–ի երեկոյան գրանցել են ավելի քան 1 800 հաղորդագրություն։ Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը դրանք հաստատող լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում։
Սարանսկ քաղաքում լցոնումների կադրեր են պատահաբար ցուցադրվել հենց քվեարկության մասին հեռուստառեպորտաժում։
Առավել հաճախ մարդիկ պարզում էին, որ իրենց տեղն արդեն քվեարկել են։ Դիտորդները բողոքում էին նաև, որ իրենց հեռացնում են ընտրատեղամասերից և խանգարում աշխատել։
Գրանցվել է նաև քվեարկության զանգվածային հարկադրանք աշխատավայրից և ընտրակաշառքների բաժանում հենց ընտրատեղամասերում։
Իսկ Ռուսաստանի բոլոր այն քաղաքացիներն, ովքեր մինչև 16 տարեկան երեխաներ ունեն, քվեարկության օրը ստացել են 10 հազարական ռուբլի [մոտ $140] հենց իրենց հաշիվներին։
Ընդ որում, բոլորը հասկանում են, որ խախտումները նույնիսկ պաշտոնապես այդպես չես անվանի, քանի որ քվեարկությունը չէր կարգավորվում ընտրական օրենսդրությամբ։
Մեկնաբանություն
Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը
«Պուտինը պարզապես նվաստացրեց բոլորին։ Մենք Աֆրիկայից վատ ենք։ Այսպիսի խայտառակություն չկա երրորդ աշխարհի երկրների մեծ մասում։ Եվ մենք երբեք չենք ընդունի այդ արդյունքը։
Քվեարկությունը կեղծիք է, սակայն այն երկրում կատարվածի բաց արձանագրումն է․ Վլադիմիր Պուտինն իր մի խումբ կոռումպացված ընկերների և համախոհների հետ միասին ապօրինի զավթել է իշխանությունը և ուզում է Ռուսաստանի ցմահ ղեկավարը լինել։
Մի քանի երկիր ժամկետների հենց նույնպիսի զրոյացում են արել [Տաջիկստան, Ուզբեկստան, Պերու, Բուրկինա–Ֆասո, Սենեգալ, Բուրունդի՝ Նավալնու ցանկը]։
Եվ նրանք բոլորն ընդհանրություն ունեն․ դրանք հետամնաց, չզարգացած երկրներ են՝ շատ աղքատ բնակչությամբ։ Այդ երկրները դեգրադացվում են։ Այնտեղ չնչին աշխատավարձեր են։ Բնակչությունն այնտեղից հեռանում է ավելի լավ ապրելու ակնկալիքով։
Եվ ոչ մի կասկած չկա, որ Պուտինը մեզ այդ ուղով է տանում […]։
Փոփոխությունների բոլոր շանսերը, նախևառաջ, կապված են միայն յուրաքանչյուրիս քարոզչական աշխատանքի հետ։
20% ամենաակտիվները և ամենանորմալները պետք է փոխեն հեռուստացույցի դիմաց նստած 20%–ի կարծիը։ Դրան կհետևի Պուտինի վարկանիշի այնպիսի անկում, որին նրա ռեժիմը չի դիմանա։
Սա պետք է շատ լավ հասկանալ։
Ռեժիմի հիմքը ծախված դատարաններն ու ոստիկանները, պրոպագանդիստներն են, սուտն ընտրությունների ժամանակ, սակայն առաջին հերթին՝ լվացած ուղեղներով իրական մարդիկ։ Նրանք են Պուտինին աջակցության վարկանիշ, ձայներ և, ինչպես ինքն է կարծում, մեր ձայները խլելու իրավունք տալիս։
Այդ վարկանիշի հիման վրա էլ Պուտինը պաշտոնավարում է»։