Կարծիք․ Ռուսաստանը հոգնել է Պուտինից։ Ի՞նչ կարող է նա անել
Հուլիսի 1-ին Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ պատմական քվեարկություն կկայանա։ Գլխավոր կետերից մեկը նախագահական ժամկետների զրոյացումն է։ Վլադիմիր Պուտինը նախագահի պաշտոնում արդեն երկու ժամկետ է անցկացրել և այլևս չի կարող իր թեկնածությունն առաջադրել։
Սակայն, սահմանադրության առաջարկվող փոփոխության դեպքում նա կարող է նախագահական ընտրություններին մասնակցել, ինչպես առաջին անգամ, այնուհետև երկրորդ ժամկետին հավակնել։ Այսինքն՝ Պուտինը հավերժ կպաշտոնավարի։
Հայտնի ռուս սոցիոլոգ Գրիգորի Յուդինը կարծում է, որ իշխանությունը շանտաժի է ենթարկում բնակչությանը, որպեսզի հանգեցնի հենց այդ արդյունքին։ Սակայն, չնայած հասարկությունում առկա ընդհանուր անտարբերությանն, ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց այս իրավիճակը դուր չի գալիս։ Դիմադրելու եղանակներ կան, կարծում է Յուդինը։
Առաջարկվող հիմնական փոփոխություններն ու հանրաքվեի պայմանները․
- ամուսնությունը Ռուսաստանում միայն «կնոջ և տղամարդու միությունն է» լինելու;
- ռուսաց լեզուն և ռուսները՝ որպես էթնիկ խումբ, արտոնյալ կարգավիճակ են ստանալու;
- Ռուսաստանն իր միջազգային պարտավորությունները չկատարելու իրավունք է ստանալու;
- նախագահ Պուտինը հնարավորություն է ստանալու պաշտոնավարելու մինչև 2036 թ–ը։
- Փոփոխություններն առաջարկվելու են փաթեթով քվեարկելու համար՝ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին քվեարկել հնարավոր չէ։
- Դիտորդներն ու լրագրողներն ընտրատեղամասեր չեն կարողանալու մտնել։
Ոչ միայն քվեարկության գալ, այլև ևս մի քանի մարդ բերել
Փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ճակատագիրն իրականում որոշվում է հենց հիմա՝ այս օրերին և ժամերին, քվեարկությունից որոշ ժամանակ առաջ։
Երկրում մարդկանց վրա գործադրվող ճնշումն այս անգամ ինչ–որ բոլորովին նոր մակարդակի է հասել։ Բժիշկներն, ուսուցիչները, պաշտոնյաները, ծառայողներն ուղղակի շանտաժի են ենթարկվում։ Առաջին անգամ է, որ քվեարկության գնալու պահանջին զուգահեռ հնչում է նաև ևս 3-4 հոգի բերելու պահանջ։
Պատճառը շատ պարզ է։ Պուտինը նոր պահանջ է դրել․ ապահովել ողջ բնակչության ավելի քան 50 տոկոսի «այո»–ն։ Դա շատ ավելին է, քան երկրում այն անձանց թիվն, ովքեր պատրաստ են սատարելու Պուտինի ցմահ պաշտոնավարմանը, նվազագույնը 15%-ով։
Իշխանությունները պարզապես այդքան ռեսուրս չունեն և անգամ փող չունեն՝ այդ ձայները գնելու։
Երկիրը մեծապես փոխվել է վերջին երկու տարում, այն հոգնել է Պուտինից, հավերժ Պուտին նրան պետք չէ։
Այդ պատճառով էլ նրանց միակ հնարավորությունն այն է, որ ֆիզիկապես ստիպեն տասնյակ միլիոնավոր մարդկանց քվեարկել և լռել, որ իրենց ստիպել են։
Որքան շատ է բողոքն, այնքան քիչ է պատժվելու ռիսկը
Այդ առումով մի թույլ կետ կա։ Այն կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե նրանք, ում ստիպում են, լռեն։
Եթե հենց հիմա գոնե մի քանի տասնյակ մարդ ուղիղ և հանրային կերպով, անուններով և աշխատավայրի հիշատակմամբ գրառումներ կատարի, որ իրեն ստիպում են քվեարկել, այդ ողջ պլանը կքանդվի։ Սոցցանցերում արված յուրաքանչյուր գրառում հիմա կարող է իրավիճակը կտրուկ փոխել։
Արդյո՞ք դրանում ռիսկ կա։ Կա։ Արդյո՞ք դրան կարող է վրեժ հետևել։ Կարող է։ Սակայն որքան շատ լինեն այդպիսի հանրային հայտարարություններն, այնքան քիչ կլինի վրեժի ռիսկը։
Մենք միայն այդպես կարող ենք իմանալ՝ չափազանց մեծ էր Պուտինի ճնշումը, թե ոչ, արդյոք բականաչափ մարդ կա, ում կոկորդին է հասել ցմահ պաշտոնավարումը։
Փաստն այն է, որ, որքան շատ լինեն այդպիսի հանրային հայտարարություններն, այնքան ցածր կլինի վրեժի ռիսկը։
«Դեմ» քվեարկել չի կարելի, կարելի է միայն բոյկոտել
Այս հանրաքվեն տարբերվում է նրանով, որ անգամ տեսականորեն դրա արդյունքները վերահսկելու հնարավորություն չի լինելու։ Անկախ դիտորդներ, որոնք պայքարում են յուրաքանչյուր ձայնի համար, չեն լինելու։ Իսկ ընտրողներին, ըստ ամենայնի, ստիպելու են լուսանկարել լրացրած քվեաթերթիկն ու լուսանկարը ներկայացնել։
Կատարվածի ամենաամեծ ցինիզմն այն է, որ հիմա բռնություն է կիրառվում այն մարդկանց նկատմամբ, որոնց համակարգը շահագործում է ամենից շատ։
Ուսուցիչներ, բժիշկներ, ցածր օղակի պաշտոնյաներ․ հենց նրանց վրա են լցնում անիմաստ թղթաբանական գործը, հենց նրանց վրա են բղավում չափերն անցած պետերը, հենց նրանց թույլ չեն տալիս անել այն, ինչ նրանք կցանկանային՝ ծառայել մարդկանց։
Արդյոք նրանց դա զզվեցրել է՝ կտեսնենք։