Ռուսաստան-Բելառուս. ապահարզա՞ն, թե՞ շանտաժ. դաշնակցային հարաբերությունների ճգնաժամ
Անցած շաբաթը ճգնաժամային էր ռուս-բելառուսական հարաբերությունների համար:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուսաստանը փետրվարի 7-ից Բելառուսի հետ սահմանին սահմանային ռեժիմ մտցրեց:
Այժմ E30 մայրուղում սահմանապահները կանգնեցնում են Բելառուսից Ռուսաստան ուղևորվող յուրաքանչյուր մեքենա: Նրանց փաստաթղթերն, ովքեր Բելառուս են գնում, չեն ստուգում: Ի դեպ, այստեղ սահմանային անցակետի պես մի բան է տեղադրվել, սակայն ստուգումն անցկացվում է դրան չհասած:
Սահմանային Օրշա քաղաքի երկաթուղային կայարանում սահմանային վերահսկողության համար ոչ մի ենթակառուցվածք չկա: Կանաչ համազգեստով մարդիկ պարզապես ուղևորներին սպասում են գնացքի առաջին վագոնի մոտ: Անձնագրերը չեն ստուգում, պարզապես նայում են: Այնուամենայնիվ հերթ է գոյանում:
Կարմիր ռուսական և կապույտ բելառուսական անձնագրերով մարդկանց արագ են բաց թողնում: Այլ փաստաթղթերի հանդեպ սահմանապահներն ավելի ուշադիր են:
Եվրոռադիոյի թղթակիցների ներկայությամբ նրանք կանգնեցրել են սպիտակ-կապույտ-կարմիր գլխարկով մեկին, նա ստիպված էր լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել: Սակայն երբ լրագրողները փորձել են նկարահանել դա, սահմանապահները նրանց խանգարել են՝ ստիպելով ջնջել տեսանյութն ու բոլոր նկարները:
Նախկինում երկու երկրների միջև սահմանային ռեժիմը բացակայում էր, քանի որ նրանք երկուսն էլ մասնակցում էին «Ռուսաստան-Բելառուս դաշնակցային պետության» ստեղծման գործընթացին: Այժմ արդեն Բելառուսի Ռուսաստան մեկնող քաղաքացիները հատուկ անցագիր պետք է ունենան:
Որո՞նք են ռուս-բելառուսական սրացման պատճառները
Մոսկվայի էքստրաօրդինար որոշման հետ կապված հատուկ մամուլի ասուլիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ դա բացառապես քաղաքական քայլ է Ռուսաստանի կողմից, և նման բան չէր կարելի անել:
Լուկաշենկոն ասել է, որ Մոսկվայի նման «չմտածված, չհամաձայնեցրած քայլերը» վատթարացնում են ռուս-բելառուսական հարաբերությունները և մեղադրել է ՌԴ Դաշնային անվտանգության ղեկավարին սահմանի մասին միջպետական համաձայնագրի խախտման համար. համաձայնգրի մեջ սահմանային վերահսկողության մասին կետեր չկան:
Մի քանի ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների բոլոր «ցավոտ կետերին», որոնք մինչ այժմ քննարկվում էին միայն մամուլում:
Վիզաներ
2017թ-ի հունվարին Բելառուսը 80 երկրների համար չեղարկել է մուտքի վիզաները (5 օրով, Մինսկի օդանավակայանով մուտք գործելիս): Շատ փորձագետներ և լրատվամիջոցներ ենթադրում են, որ այդ որոշումն է պատճառ դարձել, որ Ռուսաստանը Բելառուսի հետ սահմանին սահմանային ռեժիմ մտցնի:
Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Բելառուս առանց անցագրերի մուտք գործողների շրջանակի ընդլայնումը ոչ մի կերպ չի կարող Ռուսաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնել:
Նավթ
Ե՛վ բելառուսական, և՛ ռուսական լրատվամիջոցների հրապարակումներում այս օրերին վիզային ռեժիմի չեղարկումից զատ նշվում էր ևս մեկ համընկնում. ռուս-բելառուսական հարաբերություններում լարվածությունն աճեց այն պահին, երբ կողմերը չկարողացան Բելառուսին մատակարարվող ռուսաստանյան նավթի գնի շուրջ պայմանավորվածության գալ:
Ալեքսանդր Լուկաշենկոն ասուլիսին անդրադարձել է այս թեմային: «Առանց ռուսական նավթի մենք մի բան կանենք: Մեզ համար շատ ծանր կլինի, սակայն ազատությունն ու անկախությունը… ոչ մի փողով չեն գնահատվում… Մենք, միևնույնն է, ելք կգտնենք: Ցավոք, դա Ռուսաստանում չեն հասկանում:», — ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով, Մոսկվայում հավատացած են, որ «ռուսական նավթին փոխարինող չկա, սակայն Բելառուսի ղեկավարությունն այլ կերպ է մտածում»:
Միս
Բելառուսի և Ռուսաստանի համար կոնֆլիկտային թեմաների աճած ցուցակում ընդգրկվել է նաև բելառուսական տավարի միսը: Նախորդ շաբաթ Ռոսսելխոզնադզորն արգելել է դրա ներկրումը Ռուսաստան:
Հենց մամուլի ասուլիսին Բելառուսի նախագահը երկրի համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է Բելառուսին այդ արգելքի հետ կապված վնաս հասցնելու համար Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հանդեպ քրեական գործ հարուցելու հնարավորությունն ուսումնասիրել:
Ժիրինովսկի. պատասխան Կրեմլի փոխարեն
Կրեմլի կողմից ուղղակի արձագանք Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին չի եղել: Սակայն անուղղակի պատասխան կարելի է համարել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, որի տեսակետն սովորաբար համընկնում է պաշտոնականին:
Ելույթ ունենալով իր կուսակցության համագումարին՝ նա հայտարարել է.
«Բելառուսի ղեկավարը Ռուսաստանից քաշել է ամեն հնարավոր բան, սակայն մենք արդեն ասում ենք՝ որքա՞ն կարելի է: Ի՞նչ է ուզում Լուկաշենկոն: Առանձին պետություն է, բայց գները թող ներռուսաստանյան լինեն: Ո՞վ է ասում: Դե ուրեմն դուք եկեք մեր պետության մաս կազմեք: Եվ ահա նստած է. Ռուսաստան, տու՛ր, Եվրամիություն, տո՛ւր: Ի՜նչ լավ է»:
Այս հայտարարությունը հրապարակել է Պետդումայի պաշտոնական մարմինը՝ «Պառլամենտսկայա գազետան»:
Փորձագիտական կարծիք. ինչ է տեղի ունենում իրականում
«Ռուսաստանի կողմից ճնշման պատճառն այն է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն չի համաձայնում Բելառուսի տարածքում ռուսական ռազմական ներկայության ավելացմանը», — այսպիսի կարծիք է Եվրոռադիոյի ուղիղ եթերում հայտնել քաղաքագետ Արդենի Սիվիցկին՝ Ռազմավարական և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրենը (խոսքը գնում է Բելառուսի տարածքում նոր ռուսական ռազմաբազաներ ստեղծելու մասին, ինչը պնդում է Մոսկվան – խմբ.):
«Բելառուսի անվտանգության տեսանկյունից արտասահմանյան զորքերի ներկայությունը.. բավականին վտանգավոր է մեր ինքնավարության և անկախության համար, հատկապես [երբ խոսքն այն երկրի մասին է], որը միջազգային թատերաբեմում իրեն բավականին անկանխատեսելի և անսպասելի է պահում», — նշել է Սիվիցկին:
Այս հարցի վերաբերյալ ավելի կատեգորիկ է արտահայտվում ռուս քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին:
«Բելառուսին կուլ տալը ողջ ռուսական քաղաքականության կարևորագույն նպատակն է՝ սկսած Ելցինից: Եվ Լուկաշենկոն դա շատ լավ հասկանում է և հասկանում էր, որը մեկ խորամանկությամբ, մեկ համառությամբ 20 տարի դիմակայում է դրան: Եվ Կրեմլում նույնպես հրաշալի հասկանում էին և հասկանում են դա, և այդ կլանման ճանապարհին որպես գլխավոր խոչընդոտ հենց նրան են տեսնում: Ի վերջո, 2017թ-ին որոշել են հանգիստ, անաղմուկ և առանց փոշու ազատվել այդ խոչընդոտից: Սակայն Լուկաշենկոն հասկացել է դա և կանխել է նրանց քայլերը», — կարծում է Պիոնտկովսկին:
- 1997թ-ի ապրիլի 2-ին Մոսկվայում Բելառուսի և Ռուսաստանի նախագահները պայմանագիր են ստորագրել Բելառուսի և Ռուսաստանի դաշինքի մասին: Այդ օրվանից ապրիլի 2-ը նշվում է որպես Բելառուսի և Ռուսաստանի ժողովուրդնրի միության օր: Անցած ժամանակահատվածում համատեղ խորհրդարանական ժողով և պետական կառավարման որոշ մարմիններ են ստեղծվել: Միասնական արժույթ ստեղծելու բոլոր փորձերը ձախողվել են: