Աբխազիայում առանց վերնաշապիկի սրճարան գալու համար կրակել են ռուս զբոսաշրջիկի վրա
Աբխազիայում կրակել են ռուս զբոսաշրջիկի վրա
Աբխազիայում ռուսաստանցի զբոսաշրջիկի վրա կրակել են առանց վերնաշապիկի սրճարան այցելելու պատճառով: Տեղական իշխանությունները փորձում են կոծկել գործը, քանի որ կասկածյալների թվում է Գագրայի շրջանի ղեկավարը:
Սոցիալական ցանցերում նկարագրում են իրադարձությունների զարգացման հետևյալ տարբերակը: Մարտի 13-ին ռուսաստանցի Կոնստանտին Բելոզերովը կնոջ հետ հանգստանալիս է եղել Գագրա առողջարանային քաղաքի սրճարաններից մեկում, երբ իր ընկերոջ հետ այնտեղ է եկել տեղական վարչակազմի ղեկավար Յուրի Խագուշը: Պաշտոնյային դուր չի եկել, որ զբոսաշրջիկը մինչև գոտկատեղը մերկ է, նա կոչ է արել «հետևել dress code-ին», սակայն ռուսաստանցին դա թշնամաբար է ընդունել: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, այնուհետև՝ ատրճանակից արձակված կրակոցների:
Արդյունքում, Բելոզերովը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Գագրայի հիվանդանոց, այնուհետև նրան տեղափոխել են Սուխում, իսկ այնտեղից՝ Սոչի։ Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Երկու օր Գագրայի իշխանությունները ձևացնում էին, թե ոչինչ չի պատահել: Վարչակազմի մամուլի ծառայությունը պնդում էր, որ զբոսաշրջիկի վիրավորման մասին տեղեկատվությունն ընդդիմադիր լրատվամիջոցների «հերթական կեղծիքն» է:
Միայն մարտի 15-ին Աբխազիայի ՆԳՆ-ն հայտնեց, որ «սկսել է պարզել Գագրայում տղամարդու վիրավորման միջադեպի հանգամանքները»: Նախարարության փոխանցմամբ՝ խոսքն ամենևին էլ հրազենային վնասվածքի մասին չէ, 43-ամյա Կոնստանտին Բելոզերովը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունքի կտրած-ծակած վերքով» և առաջնային օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Միջադեպի մյուս մասնակիցների մասին ՆԳՆ-ն լռել է:
Այդ ընթացքում աբխազ լրագրող Նիզֆա Արշբան մեկնել է Սոչի և պատմում է, որ Բելոզերովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում, քանի որ շատ արյուն է կորցրել: Ելնելով վերքերի բնույթից՝ Սոչիի բժիշկները համոզված են, որ տղամարդու վրա կրակել են, և նա «մետաղական ձողի վրա չի ընկել», ինչպես նշված է ուղեկցող փաստաթղթերում, որոնք կազմվել են Սուխումի հիվանդանոցում:
Աբխազական ընդդիմությունը վրդովված է իշխանությունների՝ ռուսաստանցի զբոսաշրջիկի վիրավորման միջադեպը կոծկելու փորձից:
Նրանք հիշեցնում են, որ բոլորովին վերջերս՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Աբխազիայում «արհեստական հիստերիա էր հրահրվում հասարակության մեջ առկա հակառուսական տրամադրությունների մասին»: Նրանց կարծիքով՝ ներկայիս միջադեպը փորձություն է նոր ղեկավարության համար (հիշեցնենք, որ Աբխազիայի նոր նախագահ է դարձել Կրեմլի ֆավորիտ Բադրա Գունբան):
«Արդյո՞ք Աբխազիայում իրոք օրենքի առաջ բոլորը հավասար են, թե՞ ընտրյալներին թույլատրվում է կատարել ծանր հանցագործություններ՝ մնալով անպատիժ:
Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից անհապաղ հետաքննել տեղի ունեցածը, հարձակման հանգամանքների լուսաբանման մեջ ապահովել թափանցիկություն և հստակ պատասխաններ բոլոր պատասխանատու կառույցներից»,— ասված է Աբխազիայի ութ ընդդիմադիր կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ: