Ռուսաստանի փոխարեն՝ Թուրքիա և Ադրբեջան։ Իսկ Վրաստա՞նը
Ռուսաստանին փոխարինում են Թուրքիան և Ադրբեջանը
Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլիի կարծիքով՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը փոխվում է հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, իսկ Վրաստանը մնում է «հետնաբակում»։ «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում փորձագետն ասել է, որ վրացական կառավարությունը վարում է ոչ թե ռուսամետ, այլ բացահայտ ռուսական քաղաքականություն։
Զաքարեիշվիլին ընդգծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան է այցելել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր Ադրբեջան։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ինքը՝ Ալիևը Twitter-ում գրել էր, որ այսուհետ Կովկասի հարցերը կլուծվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ։
«Ես ղարաբաղյան պատերազմից շատ առաջ ասել էի, որ Վրաստանին անհրաժեշտ է ուղիղ կապեր հաստատել Թուրքիայի հետ, մենք պետք է դառնանք նրա անմիջական գործընկերը։ Որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հակամարտություն կար [և որպես չեզոք կողմ՝ մենք կարող էինք ավելի շատ նախաձեռնողականություն ցուցաբերել], բայց մենք այնքան անգործունակ էինք, որ հիմա մեզ հայ-ադրբեջանական-վրացական դաշինք է հրավիրում հակամարտող կողմ հանդիսացող Ադրբեջանը»,- ասում է քաղաքագետը։
- Վրաստանի խորհրդարանը դատապարտում է ՌԴ հարձակումն Ուկրաինայի վրա
- Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան չորրորդ հանդիպումը. ի՞նչ է առաջարկում Եվրամիությունը
- «Թաքնված լարվածություն Բաքվի և Կրեմլի միջև»․ պատճառը գազի մատակարարո՞ւմն է
Ըստ նրա բացատրության՝ կա ավելի բարձր «դաս» Թուրքիա-Ադրբեջան, և կա ավելի ցածր դաս՝ ի դեմս Վրաստանի և Հայաստանի, թեև Վրաստանն ուներ բոլոր հիմքերը այս բաշխվածության մեջ առաջատար դիրքերում լինելու համար.
«Այսօր արդեն պարզ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից։ Նրանք ավելի շատ խոսում են Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն ավելի շատ է տեսնում Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը Կովկասում, քան մենք։ Իսկ մենք՝ լռակյացներս, մնում ենք հետնաբակում։ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել է Պրահայի հանդիպման ժամանակ՝ նույնիսկ չխոսելով Ղարիբաշվիլիի հետ։ Հետո Էրդողանը եկավ Ադրբեջան, օդանավակայան բացեց, ինչ-որ բան պայմանավորվեց ու տվեց ինչ-որ հրահանգներ, որոնցով էլ Ալիևը Վրաստան եկավ։ Նավթը շատ լավ բան է, բայց Վրաստանը վերածվում է ընդամենը միջանցքի, որը չունի ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական կշիռ»։
Ինչպես նշում է Զաքարեիշվիլին, այսօր Ռուսաստանի գլխավոր նպատակը Թուրքիայի հզորացումը թույլ չտալն է։
«Երկրի վրա միայն երկու երկիր է շահում Ուկրաինայի պատերազմից՝ Թուրքիան և Չինաստանը։ Երբ Էրդողանը խոսում է այս պատերազմի մասին, նա միշտ նկատի ունի. «Ես եմ գլխավորը»։ Նկատի ունենալով այն, որ Թուրքիան լուծեց ցորենի մատակարարման խնդիրը, իսկ Աֆրիկան սովից չմահացավ, Թուրքիան օգնեց Ուկրաինային վերադարձնել Ազովստալի հերոսներին։ Նման երկիր է մեր մոտակայքում, բայց մենք այդ հարևանից չենք օգտվում, լռում ենք»,- վրդովված է Զաքարեիշվիլին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 24-ին այցելել էր Թբիլիսի։ Նրան ընդունել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ալիևի այցը Թբիլիսի անսպասելի էր նույնիսկ լրագրողների համար։
Ինչպես ասվեց երկու երկրների ղեկավարների ճեպազրույցում, հիմնական թեման էներգետիկայի ոլորտում համագործակցությունն էր։ Ադրբեջանը նախատեսում է մեծացնել էներգակիրների արտահանումը Եվրոպա, ինչը ենթադրում է Վրաստանի տարածքով անցնող խողովակաշարերով նավթի ու գազի ծավալների ավելացում։
Ալիևի խոսքով՝ բնական գազի արտահանման համար կավելացվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի բեռնումը, իսկ ներկայումս ժամանակավորապես դադարեցված Բաքու-Թբիլիսի տերմինալը շահագործման կհանձնվի։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերն է։