Ռուսաստանը՝ գլխավոր վտանգ
Ապրիլի 11-ին Ամերիկյան ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) ներկայացրեց Վրաստանում անցկացրած հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները: Ինչպիսի՞ն են հարցման ընթացքում ուրվագված հիմնական տենդենցները:
Արտաքին քաղաքականություն
Վրաստանի ԵՄ անդամակցության կողմնակիցներն ավելացել են, զուգահեռ կրճատվել է Եվրասիական միությանն անդամակցելու կողմնակիցների թիվը:
Հարցումն անցկացվել է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի կողմից NDI պատվերով փետրվարի 23-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում: Ողջ Վրաստանի տարածքում հարցվել է 3900 մարդ:
Թբիլիսիում Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը կողմ է արտահայտվել հարցվածների 61 տոկոսը, Հյուսիսատլանտյան դաշինքին՝ 68 տոկոսը, ԵՏՄ-ին՝ 20 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ ԵՄ անդամակցության նախորդ տարվա նոյեմբերին կողմ էին արտահայտվել հարցվածների 58%-ը, իսկ ԵՏՄ՝ 24%:
Այն հարցին, թե որ երկիրը կամ կազմակերպությունն է Վրաստանի համար ամենամեծ վտանգը ներկայացնում, հարցվածների 47% պատասխանել է «Ռուսաստանը»: Հաջորդիվ նշվել է Իսլամական պետությունը (8%) և երրորդը՝ ԱՄՆ (7%):
Վրաստանի բնակչության 52%-ը կարծում է, որ երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը պետք է արևմտամետ լինի, սակայն միաժամանակ երկիրը պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ:
Ըստ հարցվածների 16%-ի, Վրաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը պետք է ռուսամետ լինի, սակայն երկիրը պետք է լավ հարաբերություններ պահպանի ԵՄ և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Հարցվածների 14%-ը կարծում է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը պետք է միանշանակ արևմտամետ լինի: Եվ միայն նրանց 5 տոկոսն է կարծում, որ այն միանշանակ պետք է ռուսամետ լինի:
Փորձագետի կարծիք: Փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն կարծում է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցման կողմնակիցների աճն ու ԵՏՄ անդամակցության կողմնակիցների կրճատումը օբյեկտիվ պատճառներ ունեն:
Ինչպես նշեց Շարաշենիձեն, մեկնաբանելով NDI հետազոտության արդյունքները «Ինտերպրեսնյուզի» համար, դա վկայում է, որ ռուսական պրոպագանդային գագաթնակետն անցել ենք:
«Այդ ամենն օբյեկտիվ պատճառներ ունի: Աճում է ԵՄ երկրներ մեր արտահանման ծավալը: Ռուսական շուկայի բացառիկության միֆն անցյալում է: Ռուսական պրոպագանդան, ինչպես երևում է, տանուլ է տալիս: Բոլորը տեսնում են, որ մենք Ռուսաստանից ոչ մի օգուտ չունենք: Սա օբյեկտիվ պատճառներ են: Բացի այդ, մոբիլիզացվել են հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում էին ռուսական պրոպագանդայի դեմ: Ինչպես երևում է, սա էլ է իր արդյունքները տվել», — նշեց փորձագետը:
Ներքաղաքական հարցեր/տնտեսություն
Հետազոտության արդյունքները վկայում են գործող իշխանությունների հանդեպ հարցվածների կրիտիկական վերաբերմունքի մասին: 39%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ, 42%-ը պնդում է, որ 2012-ի հոկտեմբերից հետո (Վրաստանում իշխանափոխության տարեթիվը) նրանց դրությունը վատացել է, 66%-ի կարծիքով, երկիրը վատ տնտեսական վիճակում է:
Փորձագետի կարծիք: «Դժգոհների թվի ավելացումը բոլորովին բնական է այն պատճառով, որ լարիի կտրուկ անկման ֆոնին Վրաստանի միջին վիճակագրական քաղաքացու սոցիալական կարգավիճակը վատացել է: Մենք սպառողական երկիր ենք, դրանից ելնելով՝ լարիի արժեզրկումը ուղղակիորեն արտահայտվում է սպառողական զամբյուղի վրա:
Պետական իշխանության մեղքն այն է, որ այն չի ապահովել երկրի տնտեսական անվտանգությունը: Մենք շատ ենք կախված ներմուծումից: Երկրում չեն արտադրվում լրացուցիչ նյութական բարիքներ, իսկ դա ուժեղացնում է երկրորդ խնդիրը՝ համատարած գործազրկությունը: Այս փաթեթն է հենց նման պատկեր ստեղծում:
Բայցևայնպես, բնակչությանը հետաքրքրում է, որքան մեծ է իշխանության պատասխանատվությունը կատարվածում: Միանշանակ, իր սոցիալ-տնտեսական խնդիրների ու կարիքների պատասխանատվությունն այն դնում է իշխանության վրա», — ասում է փորձագետ Գիա Խուխաշվիլին վրացական «Ինտերպրեսնյուզին»:
Համազգային հարցեր և տարածքային ամբողջականություն
Հետազոտությունը նաև վեր է հանել ամենագլխավոր համազգային հարցերը: Առաջին եռյակը հետևյալ տեսքն ունի. Աշխատատեղեր՝ 57%, գների աճ/արժեզրկում՝ 35%, աղքատություն՝ 30%, թոշակներ՝ 26%:
Առաջին եռյակի մեջ չի մտել երկրի տարածքային ամբողջականության թեման: Հետազոտության տվյալներով, այն ամենանշանակալի համազգային հարցերի ցուցակում 5-րդ տեղն է զբաղեցրել: Այն հարցին, թե ո՞ր համազգային հարցերն են ձեզ և ձեր ընտանիքի համար գլխավոր, հարցվածների 23%-ը պատասխանել է «տարածքային ամբողջականության»:
NDI-ն Վրաստանում հասարակական կարծիքի հետազոտություն է անցկացնում 2008թ.-ից: Այս տարիների ընթացքում երկրորդ անգամ է, որ տարածքային ամբողջականության թեման ամենագլխավոր համազգային հարցերի առաջին եռյակում չի հայտնվել:
«Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) համահիմնադիր Էլենե Խոշտարիան կարծում է, որ տարածքային ամբողջականության թեման թոփ եռյակում չի մի քանի պատճառներով:
Փորձագետի կարծիք: «Առաջին պատճառը պատերազմի վախն է, որը զգացվում էր հասարակությունում 2008թ.-ից հետո: Երկրորդը, ժամանակի ընթացքում տարածքային ամբողջականության թեման էմոցիոնալ առումով մի քիչ խամրել է, ինչը բնական է, երրորդ, երկրում զգալիորեն աճել են տնտեսական խնդիրները: Գործազրկության բարձր աճը, գնաճը բնակչության շրջանում տնտեսական անկայունության վախ է առաջացնում: Եվ վերջապես, կառավարությունն այլևս հայտարարություններ չի անում տարածքային ամբողջականության հարցերով: Այս թեման շրջանցվում է, ինչն արտահայտվել է հետազոտության արդյունքներում», — նշեց Էլենե Խոշտարիան JAMnews-ի հետ զրույցում:
Հրապարակվել է 11.04.2016