«Անջատե՛ք թշնամու ձայնը»․ ՀՀ-ում պահանջում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
Ռուսական ալիքները կհանվե՞ն ՀՀ հանրային մուլտիպլեքսից
«Ո՛չ թշնամու ալիքներին», «Ռուսական կեղտաջուրը դո՛ւրս հայկական եթերից»․ այս և այլ պաստառներով այսօր Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ։ Նախաձեռնությունը «Հանուն Հանրապետության» կուսակցությանն էր։
Հավաքի մասնակիցները կառավարությունից պահանջում են ռուսական հեռուստաալիքները հեռացնել հանրային մուլտիպլեքսից։
«Հարկատուների հաշվին հանրային մուլտիպլեքսում գործում են օտարերկրյա հեռուսաալիքներ, որոնք եթերային մակարդակում վիրավորում են Հայաստանը։ Սա այլևս հատել է բոլոր ընդունելի սահմանները։ Մեր իշխանություններից պահանջում ենք անջատել այդ հեռուստաալիքները»,- հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ու հավելել՝ այդ ԶԼՄ-ների կողմից տարածվող ատելության խոսքը ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պատերազմի մաս է։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին ոչ միայն պաստառներ, այլև հեռուստացույցներ, որոնց վրա փակցրել էին նկարներ ռուսական եթերից։ Որպես «ռուսական աղբ»-ին ոչ ասելու նշան՝ հավաքի ավարտին սև ներկով խաչ քաշեցին նկարների վրա, իսկ հեռուստացույցները նետեցին աղբարկղը։
Հանրային մուլտիպլեքսից ռուսական ալիքները հեռացնելու թեման ՀՀ-ում նորից ակտիվացավ հունիսի կեսերից։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո նրան աջակցություն էր հայտնել ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը։ Նա առիթն օգտագործել էր նաև Հայաստանին «Արցախի ճակատագրով» սպառնալու համար։
Այդ հայտարարությունը հանրության շրջանում վրդովմունքի ալիք էր բարձրացրել։ Արձագանքել էին նաև քաղաքական գործիչները։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր՝ տեղի է ունեցել «բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ»։ Նախարարը տեղեկացրել էր նաև, որ պաշտոնական հայտագիր են փոխանցել ռուսական կողմին։
Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ իշխանություններն ունեն հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստաալիքները հեռացնելու որոշում, թե ոչ։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պետք է լրջորեն քննարկել հարցը։
«Եթե կան ալիքներ, որոնք իրենց թույլ են տալիս խառնվել Հայաստանի ներքին գործերին, միգուցե մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք՝ առնվազն արգելելով մուտքը մեր հանրության բնակարաններ»,- ավելի վաղ հայտարարել էր Սիմոնյանը։
Շաբաթներ առաջ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին հայտարարությամբ էին հանդես եկել ՀՀ-ում գործող լրագրողական կազմակերպությունները։ Պահանջել էին նաև կազմակերպել փորձագիտական քննարկումներ Հայաստանի տեղեկատվական միջավայրը օտարերկրյա հիբրիդային ազդեցությունից պաշտպանելու նպատակով։
- «Ոչ ոք չի կարող սպառնալ ՀՀ-ին»․ Փաշինյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարարին
- «Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
- «ՀԷՑ-ի պետականացումը կնպաստի ՀՀ-ում ռուսական ազդեցության գահավիժմանը»․ հայ քաղաքագետ
ՀՀ-ում չպետք է լինի «ֆաշիստական քարոզչություն»․ ակցիայի մանրամասները
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով՝ գործ ունենք հիբրիդային պատերազմի հետ, իսկ պատերազմ վարում են թշնամիները․
«Ռուսաստանի պետական քաղաքականությունը թշնամաբար է տրամադրված հայկական պետականության նկատմամբ։ Նրանց ռազմավարական նպատակն է հայկական պետականության չեղարկումը»,- նկատել է նա և հավելել, որ նույն նպատակն են հետապնդում նաև ռոսւական լրատվամիջոցները։
Նույն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանում որևէ լեզվով «ֆաշիստական քարոզչություն» չպետք է լինի։ Կարծում է՝ պետք է ռուսական հեռուստաալիքներն անջատել նաև կաբելային ցանցերից, ՀՀ տարածքում արգելել «Սպուտնիկ Արմենիա» գործակալութան գործունեությունը։
«Հայաստանի կառավարությունն այլևս չպետք է թույլ տա Ռուսաստանին մեզ վրա հարձակում գործել ներսից»,- հայտարարել է Մեհրաբյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ռուսական քարոզչամեքենայի կողմից ՀՀ-ում տարածվող ապատեղեկատվությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։
Հավաքի մասնակիցներն ակնկալում են, որ կառավարությունը քաղաքական կամք կդրսևորի և հայտարարություններից անցում կկատարի կոնկրետ գործողությունների։
Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվում են ռուսական երեք՝ «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստաալիքները։ Դրանց հեռարձակումն իրականացվում է 2020 թ․-ին կողմերի միջև կնքված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա։ Փաստաթղթի 5-րդ հոդվածը սահմանում է՝ հեռարձակվող ալիքներում պետք է բացառվի ժողովուրդների, ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությունը, ինչպես նաև միջամտությունը ներքաղաքական կյանքին։
Համաձայնագրի խախտումներն արձանագրում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Եթերազրկման իրավասություն, սակայն, հանձնաժողովը չունի։ Նման որոշում կարող է կայացնել միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ընդ որում համաձայնագրի միակողմանի լուծարման մասին դրույթներ առկա չեն։
«ՀՀ-ի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի ներգործությունից»․ ՀՌՀ
«Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպաուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից»,- օրերս հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
ՀՌՀ փոխանցմամբ՝ շարունակաբար արձանագրվել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ
- պարբերաբար խախտել և խախտում են թե՛ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը,
- ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:
Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողով են հասցեագրվում բազմաթիվ բողոքներ, առաջարկներ, որոնցով կարգավորող մարմնից պահանջում են թույլ չտալ Հայաստանի հանրային մեդիատարածքը վերածել ամենաթողության միջավայրի, որտեղ վիրավորանքը, ապատեղեկատվությունը, գռեհիկ բառապաշարը, բռնության արդարացումն ու մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը դառնում են նորմ ու բացասաբար են ազդում հանրային գիտակցության և վարմունքի վրա․
«Թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ հեռուստաընկերությունների ուղերձները չեն կարող նպաստել նաև մեր երկու պետությունների հասարակությունների իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին»։
ՀՌՀ-ն հայտնել է, որ հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումները պարբերաբար ներկայացնում է ՀՀ կառավարությանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, հանդես է գալիս օրենսդրական փոփոխությունների առաջարկներով։
Կառույցից նաև տեղեկացրել են՝ «կառուցողական երկխոսության միջոցով» փորձել են հակասությունները լուծել ՌԴ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, բայց ապարդյուն․
«Պետք է խոստովանենք, որ ՌԴ այդ երկու հեռուստաալիքները [«ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք»] շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար»։
Նախապատմություն․ Սոլովյովի հայտարարությունն ու ՀՀ ԱԺ նախագահի կոշտ արձագանքը
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի երկու հեղինակային հաղորդումներն իրենց հակահայկական բովանդակության պատճառով ՀՀ հանրային մուլտիպլեքսում արգելափակվել են դեռևս նախորդ տարի։ Սակայն «Երեկոն Սոլովյովի հետ» հարղորդման ուղիղ եթերում հնչած մտքերը լայնորեն տարածվել էին համացանցի հայկական տիրույթում։ Ռուս հաղորդավարն անդրադարձել էր Հայաստանում ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։
«Իմ մտերիմ ընկերը հիմա հալածվում է սրիկա, ծախու, ոչնչություն իշխանության կողմից, որը դավաճանել է Հայաստանի պատմությունը, որը հանձնել է Արցախը, որը դավաճանել է այն բոլոր սրբությունները, որոնք եղել են հայոց պատմության մեջ: Ինչո՞ւ է այդ թուրքոլ [թուրքամետ] ոչնչությունը պատերազմ սկսել Սամվել Կարապետյանի դեմ, որովհետև վերջինս հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու:
Հայե՛ր, հիշեք՝ դուք ովքեր եք, հզոր երկիր` քրիստոնեական հզոր ավանդույթով, ձեզնից խլում են վերջին սյունը, ինչի վրա հենված է ձեր ազգը: Դուք թուրքոլին թույլ եք տալիս իր ոտքերը սրբել ձեր սրբության վրա: Մենք չենք միջամտում ՀՀ ներքին գործերին, իսկ Հայաստանի ժողովուրդը որևէ մասնակցություն ունի՞ երկրի ճակատագրին վերաբերող հարցերին, թե՞ շուտով Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին»,- հայտարարել էր նա։
Սոլովյովի ելույթին արձագանքել էր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը․
«Այս հեռուստատեսային այլանդակը կարծում է, որ իրավունք ունի երկրի ղեկավարին պիտակավորել ստոր խոսքերով, կոչ անել Հայաստանի ժողովրդին քաղաքական գործողությունների՝ օրինական ընտրված կառավարության դեմ, խաղալ զգացմունքների հետ, տարածել այս ամբողջ էժանագին զառանցանքները՝ ներկայացնելով այն խղճուկ դերասանական խաղով, և միևնույն ժամանակ հույս ունենալ, որ բավական է պարզապես ասել՝ «սա ներքին գործերին միջամտություն չէ», և վե՞րջ»։
ԱԺ նախագահի խոսքով՝ դա ուղղակի միջամտություն է ՀՀ-ի ներքին գործերին, նրա ղեկավարության և ժողովրդի նկատմամբ ատելության ու վիրավորանքի գիտակցված տարածում․
«Պետական հեռուստաալիքով նման արարքները լուրջ վնաս են հասցնում մեր երկրների հարաբերություններին և միայն խոր զզվանք առաջացնում Հայաստանի բնակչության շրջանում»։
Սիմոնյանը հույս էր հայտնել, որ ռուս գործընկերները կարձագանքեն տարածված տեսանյութի բովանդակությանն ու հայ հասարակությունը նույն ալիքով, նույն շքեղ «գեղարվեստական» ձևով կլսի հստակ ներողություն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսական ալիքները կհանվե՞ն ՀՀ հանրային մուլտիպլեքսից