«Տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակի նշան». կարծիք Ռուբիո-Կոբախիձե զրույցի մասին
Ռուբիոյի և Կոբախիձեի հեռախոսազրույցը
«Լիբերալ ակադեմիայի» տնօրեն Լաշա Տուգուշին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը՝ հայտարարելով, որ Իրանի դեմ պատերազմի ֆոնին սա տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակի նշան է, իսկ վրաց-ամերիկյան հարաբերությունների «վերագործարկման» նշաններ դեռևս չեն նկատվում։
Մարտի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ։

Լաշա Տուգուշի.
«Մենք գիտենք, թե ինչ է կատարվում Սևծովյան տարածաշրջանում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող դաժան պատերազմը։ Կա նաև երկրորդ, շատ լուրջ հակամարտություն, որը կապված է Իրանի հետ։ Եկեք ուղիղ գիծ քաշենք՝ որքան հեռու է Իրանը Վրաստանից։ Այս երկու երկրները շատ մոտ են։ Աշխարհագրությունը գերակա նշանակություն ունի։ Լիովին հասկանալի է, թե ինչու է նման զանգ եղել, հատկապես այն պատճառով, որ Իրանի հետ իրավիճակը կարող է ավելի սրվել ապագայում։ Օրինակ՝ կարող է սկսվել ցամաքային գործողություն կամ նույնիսկ ավելի ինտենսիվ ռմբակոծություն։
Բնականաբար, Վրաստանի հարևանությունը [հակամարտության գոտուն] կարևոր է Միացյալ Նահանգների համար, որն այս իրավիճակում գլխավոր խաղացողն է։ Ես զարմացած եմ, որ դեռևս այցելություններ չեն եղել՝ հաշվի առնելով, որ և՛ աշխարհը, և՛ Միացյալ Նահանգները բախվում են այդքան լուրջ խնդիրների։ Ես սպասում էի, որ այս հարցով որևէ այցելություն տեղի կունենա մինչ այժմ, քանի որ Վրաստանը, նկատի ունենալով աշխարհաքաղաքական դիրքավորումը, կարևոր տեղ է զբաղեցնում։ Այս զանգը շատ բան է ասում։ Մենք դրանում ոչ մի կերպ չտեսանք վրաց-ամերիկյան հարաբերությունների «վերագործարկման» կամ համագործակցության նույն մակարդակին վերադառնալու որևէ նշան։
Մենք շատ լուրջ հարաբերություններ ունեինք Միացյալ Նահանգների հետ։ Որտե՞ղ են դրանք հիմա։ Մեկ հեռախոսազանգը ոչինչ չի նշանակում ներկայիս պայմաններում։
Ես չեմ կարող լավատես լինել այս հարցում։ Եվ պետք էլ չէ լինել։ «Վերագործարկումը» ենթադրում է հարաբերություններ բազմաթիվ ոլորտներում՝ ժողովրդավարությունից մինչև անվտանգություն։ Մենք չենք տեսել որևէ կոնկրետ բան՝ մեկ հեռախոսազրույցից այն կողմ, որը չի փոխանցում այն իմաստը, որը դրանում փորձում է ներդնել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Շատ դժվար է քննարկել որևէ կոնկրետ գործողություն, որի բովանդակությանը լիովին չենք տիրապետում։ Դժվար է քննարկել մանրամասները։ Վստահ եմ, որ դրանք կապված կլինեն ոչ միայն քաղաքականության, այլև անվտանգային հարցերի հետ։
Մենք կարող ենք քննարկել որոշակի միտումներ։ Հաշվի առնելով վերջին շրջանում Վրաստանի և Իրանի հարաբերություններում տիրող վիճակը և Վրաստան-Արևմուտք վատթարացած հարաբերությունները, բնականաբար, առաջանում են հարցեր, թե արդյոք կարող են լինել այս ուղղությամբ որոշակի ազդակներ։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ հանդիպումը և Թբիլիսիի հեռուստաաշտարակը Իրանի դրոշի գույներով լուսավորելը ոչ խելամիտ և, ավելին, անտրամաբանական քաղաքականության հետևանք են։ Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Վրաստանի իշխանությունները բացարձակապես սխալ քայլեր են ձեռնարկել։
Եթե տեղի ունենա իրավիճակի հետագա սրացում, կան մտահոգություններ, որ Վրաստանը կարող է հայտնվել վտանգավոր իրավիճակում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուբիոյի և Կոբախիձեի հեռախոսազրույցը