«Լսումները վերածվել են բացահայտ ֆարսի»․ Ռուբեն Վարդանյանը՝ պաշտպանից հրաժարվելու մասին
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պաշտպանի ծառայությունից
Հայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է Բաքվի բանտում, հոկտեմբերի 21-ին կայացած հերթական նիստի ընթացքում հրաժարվել է իր փաստաբանի ծառայություններից։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դատարանը բավարարել է Վարդանյանի միջնորդությունը։
Այս տեղեկությունից մեկ օր անց Վարդանյանն իր ընտանիքի միջոցով հայտնել է պաշտպանից հրաժարվելու պատճառների մասին և հայտարարել՝ «հարկադրված որոշում» էր։
«Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են»,- հայտարարել է նա։
Վարդանյանի գործը քննում է Բաքվի ռազմական դատարանը, թեև նա երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել։ Դատավարությունն ընթանում է անկախ ԶԼՄ-ների և միջազգային կառույցների ներկայացուցիչների բացակայության պայմաններում։ Առաջադրված ծանր մեղադրանքներով գործարարին սպառնում է մինչև անգամ ցմահ ազատազրկում։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում են 23 հայ գերիներ, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Վերջիններիս դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։ Գործերը քննվում են Բաքվի ռազմական դատարանում։ Հայ իրավապաշտպանները պնդում են՝ «հայ գերիներին Բաքվում դատում են կեղծ մեղադրանքներով»։
- «Ալիևը տորպեդահարում է Թրամփի նախաձեռնած խաղաղության գործընթացը»․ հայ քաղաքագետ
- «Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը տեսանելի է, բայց երաշխավորված չէ»․ Թոմաս դը Վաալ
- «Մարում է հայ գերիների վերջին հույսը»․ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը կփակվի
«Պաշտպանության պատրանք ինձ պետք չէ»
Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ պաշտպանից հրաժարվելու որոշումը պայմանավորված է եղել «փաստաբանի՝ մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի խախտումներով»․
«Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է. ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը»։
Վարդանյանը շեշտել է՝ Բաքվի դատարանում իրեն չի տրվել պաշտպանվելու հնարավորություն, մասնավորապես՝
- հնարավորություն չի ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ՝ դատական նիստերին պատրաստվելու համար,
- հասանելիություն չի ստացել ձայնա- և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իր մեղքի ապացույց,
- իր բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից:
Բացի այդ, անպատասխան են մնացել նաև պաշտպանի խնդրանքները, որոնք «անհրաժեշտ էին արդար դատավարության համար»։
«Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը՝ վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից»,- պարզաբանել է նա։
Վարդանյանի դիտարկմամբ՝ ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացել է։
Ադրբեջանում ընթացող դատավարությունը նա բնորոշել է որպես «անհեթեթության թատրոն», որտեղ պաշտպանի դերը սահմանափակվում է միայն ձևական օրինականության ապահովմամբ։
«Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»,- ամփոփել է նա։
Արձանագրվել են նաև հայ գերիների կամայական կալանավորման դեպքեր
2020 թ․-ի 44-օրյա պատերազմի և 2023 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում հայտնված հայերի մի մասին Բաքուն արդեն իսկ դատապարտել է։ Նրանցից մեկը Վիգեն Էուլջեքջյանն է, ում ձերբակալել են 2020 թ. նոյեմբերի 10-ին Շուշիում։ 2021 թ. հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։
Տարբեր երկրներ ներկայացնող մի խումբ փաստաբաններ հանդես են եկել հայտարարությամբ։ Նրանք պնդում են, որ Էուլջեքջյանի կալանավորումը և դատապարտումը կամայական են և խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Նրանք՝ Մարիա Լուսիանա Մինասյանն (Արգենտինա) ու Այտոր Մարտինես Խիմենեսը (Իսպանիա) միջնորդագիր են ներկայացրել Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ պահանջելով Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակել:
Իրավապաշտպանները մատնանշել են այն հանգամանքը, որ 46-ամյա զբոսավար Վիգեն Էուլջեքջյանի նկատմամբ չէր կարող առաջադրվել «վարձկանության» մեղադրանք։ Նա ազգությամբ հայ է և հանդիսանում է նաև ՀՀ քաղաքացի։ Բացի այդ, ընդգծել են, որ ռազմական դատարանները քաղաքացիական անձանց նկատմամբ իրավասություն չունեն, իսկ Էուլջեքջյանին դատապարտել է Բաքվի ռազմական դատարանը։
Գերիների վերադարձի մասին․ աշխատանքը ոչ միշտ է «տեսանելի և արդյունավետ»
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների ֆոնին խոսվում էր նաև հայ գերիների ազատ արձակման հնարավորության մասին։ Շրջանառվում էր տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փաշինյային ասում է, թե Ալիևին կխնդրի ազատ արձակել այդ 23 անձանց։ Մինչ օրս, սակայն, այս ուղղությամբ դրական տեղաշարժեր չեն արձանագրվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է՝ աշխատանքներ են տանում ամենօրյա ռեժիմով, սակայն «թեմայի խիստ զգայուն լինելու» բերումով լրացուցիչ տեղեկություններ հայտնել չի կարող։
Երկու շաբաթ առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնել է՝ Շարմ էլ Շեյխում կազմակերպված «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակում հանդիպել է ադրբեջանցի գործընկերների հետ, քննարկել նաև գերիների ազատ արձակման հարցը։
«Ամենօրյա աշխատանք է իրականացվում, որը ոչ միշտ է տեսանելի և արդյունավետ: Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում լավ նորություններ կունենանք: Շարմ Էլ Շեյխում ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք նաև այս հարցը: Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում»,- նկատել է նա։
Չնայած իշխանությունների լավատեսությանը՝ իրավապաշտպանները պարբերաբար ահազանգում են Բաքվում պահվող հայերի հանդեպ ընտրովի արդարադատության իրականացման մասին։ Ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի փակումից հետո հայերը հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պաշտպանի ծառայությունից