Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու․ ո՞վ կստանա ընդդիմության ձայների առյուծի բաժինը
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2026 թ․-ի ընտրություններին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2026 թ․-ի հունիսին կայանալիք ընտրություններում կլինի «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն։ Հունվարի վերջին Քոչարյանը հայտարարել էր, թե իրենից լավ ոչ ոք չի կարող «երկիրն այս վիճակից հանել»։ Թեկնածության մասին որևէ հստակ բան, սակայն, չէր ասել։
«Մենք սոցիոլոգիական հետազոտություն ենք իրականացնելու ու որոշենք, թե ով է լինելու դաշինքի առաջնորդը։ Եթե այդ հարցումը որոշի, որ ես եմ, ուրեմն ես կլինեմ, եթե այլ անձ՝ ուրեմն նա։ Շատ ուրախ կլինեմ, որ ես չլինեմ․ շատ մեծ բեռից կազատվեի»,- պնդել էր նա։
Նախօրեին մարզահամերգային համալիրում կայացած հանդիսավոր նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ Քոչարյանն ընտրություններին մասնակցելու է դաշինքով՝ ՀՅԴ-ի և «Առաջ» կուսակցության հետ միասին։
Հայաստանի փորձագիտական շրջանակները կարծում են՝ առաջադրման որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ռիսկի է դիմում։ Հիշեցնում են՝ դաշինքների պարագայում անցողիկ շեմը 8 տոկոս է, ինչը, ըստ նրանց, «դժվար լուծելի» խնդիր է լինելու երկրորդ նախագահի գլխավորած ուժի համար։
Բոլոր մանրամասները․ ընտրություններին մասնակցող ուժերն ու նրանց վարչապետի թեկնածուները, ընդդիմության «դեմքը», փորձագետի և քաղաքացիների կարծիքները
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
- Ընտրակաշա՞ռք, թե՞ տնտեսական աճի արդյունք․ ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան
- «Հուսահատ կերպով հնացած են»․ Փաշինյանը՝ Քոչարյանի պատկերացումների մասին
Քաղաքական ուժերն ու նրանց վարչապետի թեկնածուները
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են մի շարք ուժեր, այդ թվում՝
- Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — վարչապետի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյան,
- «Ուժեղ Հայաստան» կուսակցություն — վարչապետի թեկնածու՝ Սամվել Կարապետյան (տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար),
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — վարչապետի թեկնածու՝ դեռևս անհայտ (կուսակցության ղեկավարը գործարար Գագիկ Ծառուկյանն է, որին իշխանությունն անվանում է «տեղացի օլիգարխ»),
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն — վարչապետի թեկնածու՝ Լևոն Զուրաբյան,
- «Հանրապետություն» կուսակցություն — վարչապետի թեկնածու՝ Արամ Սարգսյան,
- «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնություն — վարչապետի թեկնածու՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան,
- ԴՕԿ կուսակցություն — վարչապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան (գտնվում է ամերիկյան բանտում),
- «Բոլորին դեմ եմ» շարժում — վարչապետի թեկնածու դեռևս չի հայտարարել։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժը՝ «Հանրապետական» կուսակցությունը դեռևս ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում չի կայացրել։
Ավելի վաղ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջնորդած «Հայրենիք» կուսակցությունը։ Փետրվարի վերջին, սակայն, կուսակցության գործադիր մարմինը հայտնեց, որ որոշել են չմասնակցել ընտրություններին, իսկ համակիրներին հորդորում են քվերակել «իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածի» օգտին։
Ռոբերտ Քոչարյա՞նն է «ընդդիմության դեմքը»
Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչներն ընտրություններին ընդառաջ ահազանգում են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումների մասին։ Մասնավորապես՝ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմակիցներն այժմ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանի» շարքերում են։ Կարծում են՝ նորաստեղծ «Ուժեղ Հայաստանի» նպատակն էլ է նույնը՝ վարչապետ դարձնել Ռոբերտ Քոչարյանին։
Ինքը՝ Սամվել Կարապետյանը, Հայաստանի վարչապետ դառնալ չի կարող։ Կա սահմանադրական արգելք․ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի չէ, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։
Եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ով կուսակցության քաղխորհրդի անդամ է, «Ազատության» հետ զրույցում խուսափողական պատասխաններ է տվել Քոչարյանի գլխավորած ուժի հետ համագործակցելու հնարավորության մասին հարցերին։ Հայտարարել է՝ գեթ մեկ անգամ չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։
«Բոլոր հարցումների արդյունքներում ընդդիմադիր առաջին ուժը «Ուժեղ Հայաստանն է»՝ Սամվել Կարապետյանի ուժն է»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը վստահեցրել է՝ Սամվել Կարապետանն իր դեմքով է գնալու մինչև վերջ՝ մինչև երկրում աղքատության հաղթահարում և անվտանգության ապահովում․
«Իր բոլոր հնարավորությունները թողած՝ Հայաստանում այս պրոցեսը սկսելով, յոթ ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով՝ նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է այդ փոփոխություններն իր դեմքով»։
«Մեր նպատակը հաղթանակն է»․ Ռոբերտ Քոչարյան
Մարզահամերգային համալիրում կայացած նիստի ընթացքում Քոչարյանը ելույթ է ունեցել Արարատի մեծ պատկերի ֆոնին։ Դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանն իրենց թեկնածուին ներկայացրել է որպես «Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ»։
Նախկին նախագահը շեշտել է՝ վարչապետի թեկնածու լինելն իր համար «պաշտոնի բարձրացում չէ, այլ իջեցում», բայց հայրենիքի համար պատրաստ է ամեն ինչի։
«Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ եմ, որ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել իրենց իշխանության գալու առաջին օրվանից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն»,– հայտարարել է նա։
Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանի առաջիկա տարիների գլխավոր խնդիրներից մեկն անվտանգությունն է, որի ապահովման համար անհրաժեշտ է «մարտունակ բանակ, ուժեց առաջնորդ և հզոր դաշնակից»։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին՝ արձանագրել է՝ կողմ է խաղաղությանը, բայց դա պետք է լինի «անվտանգության իրական երաշխիքների» հիման վրա։
«Հայաստան» դաշինքն ընտրություններին մասնակցելու է «Միասին կարող ենք» կարգախոսով։
Փորձագիտական կարծիք
«Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն անդրադարձել է Քոչարյանի թեկնածությանն ու նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի՝ ընտրական շեմը հաղթահարելու շանսերին։ Քաղաքագետը գրել է․
«Իրականում որոշակի ինտրիգ կար. Քոչարյանը կհամարձակվի՞ դաշինքով ընտրություններին մասնակցել, թե՞ կգլխավորի դաշնակցության ցուցակը` նպատակ ունենալով հաղթահարել անցողիկ շեմը:
«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու որոշումը նշանակում է, որ Քոչարյանը ռիսկի է գնում: Նա պետք է կարողանա հավաքել 8 տոկոս, ինչը բավականին դժվար լուծելի խնդիր է, քանի որ Սամվել Կարապետյանի ուժը հավաքագրել է 2021 թ․-ին Քոչարյանի ստացած ձայների առյուծի բաժինը:
Իսկ հավաքելով 6-7 տոկոս և 3-րդ տեղով` օրենքի ուժով խորհրդարան անցնել հնարավոր չի լինելու, քանի որ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճը [«Բարգավաճ Հայաստան»] 4 տոկոսն անցնելով` կլինի շեմը հաղթահարած 3-րդը:
Ըստ էության, Քոչարյանը ստիպված էր ռիսկի գնալ, եթե ցանկանում էր, որ Սամվել Կարապետյանին Հայաստան ուղարկած ռուսական շրջանակները շարունակեին նրան դիտարկել որպես կարևոր օղակ և, հնարավոր իշխանափոխության դեպքում, ինքը լիներ վարչապետի թեկնածուն:
Փաստորեն կանխատեսումներն այսպիսին են՝
- 1-ին տեղում ՔՊ-ն կլինի և մեծ հավանականությամբ կառավարություն կկազմի:
- 2-րդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է, որը կտանի 20-30 տոկոս:
- 3-րդ տեղում «Հայաստան» դաշինքն է, որը կտանի 6-8 տոկոս: Կանցնի խորհրդարան թե ոչ` կախված կլինի այդ ձայների քանակից:
- 4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է, որը կտանի 5-7 տոկոս և կանցնի խորհրդարան, քանի որ կուսակցություն է, ոչ թե դաշինք:
Մյուս քաղաքական ուժերի` շեմը հաղթահարելու շանսերն այնքան էլ մեծ չեն»։
Մեկնաբանություններ սոցցանցերից
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են Քոչարյանի առաջադրումը։ Նրանց մեծ մասի մոտ Քոչարյանի առաջադրումը վրդովմունք է առաջացրել։
Ստորև ներկայացնում ենք մի քանի կարծիք․
«Երկրորդ անգամ չենք ցանկանում նույն կրակի միջով անցնել»։
«Շնորհավորում ենք, հաղթանակ նաև ընտրություներում, Ռոբերտ Քոչարյան»։
«Այ նավթալին, չգիտես որ հետդարձի ճանապարհ չկա, եթե անգամ պատռվես, հնոտիք»։
«Ազգի մեծամասնությունը լավ գիտի՝ ով է ձեր թեկնածուն՝ ռուսի ու ձեր սրտի գուբերնատորը։ Նա հայի սրտի նախագահը երբեք չի դառնալու․ ողջ հայությունը չէ, որ նրա հարճն է»։
«Հեքիաթներում վիշապների գլուխը կտրում են, նորից աճում է»։
«Այս մարդն ունի կորցրած Արցախ, պապական տուն, ընտանեկան գերեզման։ Եթե նա չպայքարի Արցախի համար, էլ ո՞վ պետք է պայքարի»։
«Դաշինքի անունը փոխեք։ Դա՝ ուր, Հայաստանն՝ ուր»։
«Երկրորդ անգամ սա չի ընտրվի, որովհետև հին է և փտած, ու մենք արդեն ուրիշ ենք։ Արդեն ապրել ենք մեր բոլոր վախերը, արդեն ամեն ինչ տեսել ու ամեն ինչի միջով անցել ենք։ Իսկ էս ինքնավստահ տզրուկը ոչ մի կերպ դա չի ընդունում , ու չի հասկանում, որ իր դարն անցել է։ Բայց դա իր պրոբլեմն է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2026 թ․-ի ընտրություններին