«Ապագան ավելի շատ Հայաստանի կողմն է, քան Ադրբեջանի»․ հայ վերլուծաբան
Ռիչարդ Կիրակոսյանը՝ Լաչինի միջանցքի մասին
«Ապագան ավելի շատ Հայաստանի կողմն է, քան Ադրբեջանի, բայց իրական արդյունքները մի քանի տարի կպահանջեն»,- ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով Հայաստանում իրականացվող պաշտպանական ոլորտի բարեփոխումների մասին։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը շատ է թուլացել Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական զինված ուժերին հասնելու համար, ուստի ներդրումներ պետք է անի ավելի շատ որակի, քան քանակի վրա, այսինքն՝ «արհեստավարժության և արդիականացման մեջ»։ Ողջունում է կառավարության՝ Հնդկաստանից զենք գնելու որոշումը ու հավելում՝ «Ռուսաստանի նման անվստահելի աղբյուրներից» ցածրորակ զենքեր փնտրել պետք չէ։
«Ազատության» եթերում Կիրակոսյանն անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրին, հայ-թուրքական հարաբերություններին կարգավորմանը և ոչ միայն։
JAMnews-ը ներկայացնում է Կիրակոսյանի հարցազրույցը՝ որոշ կրճատումներով։
«ՄԱԿ ԱԽ նիստին Ադրբեջանն առաջին անգամ պաշտպանական դիրքում էր»
Նման տեսակետ է հայտնել Կիրակոսյանը՝ հաշվի առնելով այն, որ Բաքուն արձագանքում էր Երևանի դիվանագիտական նախաձեռնությանը։ Այդ փաստը համարում է շատ կարևոր, բայց ոչ բավարար։ Բայց նաև շեշտում՝ «իրականում փոխում է դինամիկան»։
Հայաստանի կառավարությանն առաջարկում է դիտարկել հետևյալ հնարավորությունները՝
- ուժեղացնել կարմիր գիծը և հրաժարվել բանակցություններից, քանի դեռ Ադրբեջանը չի վերացրել շրջափակումը,
- դիտարկել օդային փոխադրման հնարավորությունը՝ առանց ռազմական ագրեսիայի իրական ռիսկի:
Չի բացառում, որ այս տարբերակները շատ արդյունավետ լինեն հայկական կողմի համար։
Խոսելով նիստի ընթացքում Ռուսաստանի՝ Բաքվի տեսակետները քարոզելու մասին, ասել է հետևյալը․
«Ռուսաստանի դիրքորոշումն այժմ իր դեմքը փրկելն է, փաստացի արձագանքելը սեփական նվաստացմանը՝ պաշտպանելով Աղդամի միջանցքի գաղափարը, քանի որ Ռուսաստանը չի կարողացել կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները»։
«Պատերազմ է անմեղ խաղաղ բնակչության դեմ»
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիրն այսպես է բնորոշել Լաչինի միջանցքի արգելափակումն ու ԼՂ-ի շրջափակումը․
«Եթե ավելի ուշադիր նայենք ներկայիս իրավիճակին, ապա մենք ունենք միջնադարյան պաշարում, Լեռնային Ղարաբաղի շրջափակում կամ պաշարում՝ «Գահերի խաղը» սերիալի ոճով»։
Տեղի ունեցողն, ըստ նրա, զարմանալի չէ և նորություն էլ չէ։ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ ընդամենը ադրբեջանական էսկալացիա է, որի թիրախում ոչ թե զինվորականներն են, այլ խաղաղ բնակչությունը․
«Սա երաշտ չէ, սա մարդու ստեղծած ճգնաժամ է, որը դարձել է աղետ մարդկային կորուստներով»,- նկատել է նա։
«Իրական ռիսկն ու վտանգն այն է, որ Ադրբեջանը երբեք չի բավարարվի»
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքման և խաղաղության հաստատման մասին խոսելիս շեշտել է՝ ելնելով Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներից՝ «նրանք ուզում են հակամարտություն ու թշնամի ունենալ»։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ խաղաղության պայմանագիրն ինքնին ավելի շատ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին և շատ ավելի քիչ՝ ԼՂ-ի ապագային։
Այս հանգամանքն իր հերթին մտահոգություններ է առաջ բերում։
«Ինձ շատ ավելի շատ մտահոգում է ոչ թե խաղաղ գործընթացը կամ հաշտության պայմանագիրը, ինձ անհանգստացնում է այն, թե ինչ կլինի հաջորդ օրը․ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը բավարար չի լինի Ադրբեջանին»:
«Սխալ էր թույլ տալ, որ Թուրքիան նախապայմաններ դնի կարգավորման գործընթացում»
Ընդգծել է Կիրակոսյանն ու հավելել, որ Թուրքիայի նախապայմանը կարգավորման հարցում ոչինչ չանելն է, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Մյուս կողմից նկատել է՝ «Թուրքիան շատ դժգոհ է գերիշխող Ադրբեջանի հանդեպ սեփական թուլությունից»․
«Պետք է հիշել, որ Ադրբեջանն այժմ թիվ մեկ օտարերկրյա ուղղակի ներդրողն է Թուրքիայում։ Տնտեսական ճգնաժամի ժամանակ կշիռ ու ազդեցություն ունեն»։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ վերջին ընտրություններից հետո «Հայաստանն ավելի կարևոր է Թուրքիայի համար»։
«Քանի որ Ռուսաստանը փաստացի դուրս թողեց Թուրքիային առևտրի և տրանսպորտի վերականգնման բոլոր նախագծերից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միակ ճանապարհն է Թուրքիայի համար՝ վերականգնելու տարածաշրջանային դերը տնտեսության և առևտրի ոլորտում»,- պարզաբանել է նա։
Կարծում է՝ պետք չէ Թուրքիան ընկալել որպես «նախկինում եղած ուժեղ», քանի որ հիմա այն շատ ավելի խոցելի է։ Օրինակ է բերում Կիպրոսի շուրջ զարգացումները։
Անդրադառնալով Թուրքիայից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությանը՝ շեշտում է՝ այն շատ ավելի քիչ է, քան Իսրայելից ստացվող օգնությունը, նաև հավելում՝ «ավելի շատ շփում կա, որ մակերեսին չէ»։
«Հնարավոր է՝ անկարգությունների և թուլության շրջան տեսնենք Ադրբեջանում»
Արձանագրել է փորձագետն ու նշել, որ նման կարծիք հայտնելիս հաշվի է առնում 90-ականների ռազմական հեղաշրջման նախադեպը, ինչպես նաև Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ու «վտանգավոր աստիճանի» հավակնություններ ունեցող պաշտպանության նախարարի առկայությունը։
Ըստ նրա՝ փոփոխություններն Ադրբեջանում երաշխավորված են, բայց դրանց մեծ մասը հայկական կողմի համար բացասական կլինի։ Ասում է՝ հարցն այս պահին ոչ թե այն է, թե արդյոք Ադրբեջանի ներսից «պայթյուն» տեղի կունենա՞, թե՞ ոչ, այլ այն, թե ե՞րբ ու ինչպե՞ս դա տեղի կունենա․
«Կարծում եմ՝ Ադրբեջանի մոտալուտ անկայունությունը նկատառման և մտահոգության առարկա է դարձել Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի համար»։
Կիրակոսյանի համոզմամբ՝ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմում տարած հաղթանակն Ադրբեջանի համար «վտանգավոր աստիճանի թերի է», իսկ Ալիևը քայլում է ազգայնականության լարով և գտնվում է «Բաքվի ներսում Ռուսաստանի և Թուրքիայի կողմից աջակցվող մրցակցող տարրերի միջև»։ Բեկումնային կետն, ըստ նրա, արդեն իսկ տեսել ենք։
«Վերջին շաբաթներին տեսանք, որ դրոշի շուրջ հավաքվելու ալիքում ձերբակալվել են նույնիսկ Ալիևի կառավարության կողմնակիցները, աջակիցներից մի քանիսը։ Եվ դա ցույց է տալիս, որ Ալիևի ռեժիմն այժմ շրջվում է սեփական ժողովրդի դեմ նույնիսկ հաղթանակի բերած վստահության պայմաններում»,- ասել է նա։
«ԱՄՆ-ը չի շտապում կասեցնել 907-րդ ուղղումը»
Նահանգները հետաձգում է 907-րդ հոդվածի կասեցումը, որն ավանդաբար արվում էր հունիս ամսին։ Սա նշանակում է, որ ռազմական օգնության հատկացումը Ադրբեջանին հետաձգվում է։ Կիրակոսյանի խոսքով՝ սա ունի երեք պատճառ՝
- Միացյալ Նահանգները Ադրբեջանի դեմ շատ լծակներ չունի, 907-րդ հոդվածը հազվադեպ օրինակ է,
- Աֆղանստանից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո Պենտագոնի համար Ադրբեջանն այժմ շատ ավելի պակաս կարևոր է, շատ ավելի քիչ ռազմավարական նշանակություն ունի,
- ամերիկյան զայրույթն ու հիասթափությունը, որ ոչ միայն Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ է, այլև կապված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև վաշինգտոնյան բանակցությունների վերջին փուլի հետ:
«Սա է մոտիվացիան: Չեմ կարծում, որ բավարար է: Չեմ էլ կարծում, որ Ադրբեջանը պատրաստվում է արձագանքել այս ճնշմանը»,- ընդգծել է վերլուծաբանը։
«Բայդենի վարչակազմի որոշումն է՝ ուժ տալ և հզորացնել Հայաստանը»
Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ նկատել է Կիրակոսյանն ու շեշտել՝ ԱՄՆ քաղաքականության և կեցվածքի փոփոխություն է տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ Նահանգները փորձում է հզորացնել նաև «ավելի ժողովրդավարական Հայաստանի ռազմավարական նշանակությունը»։
Ասում է՝ գործ ունենք, ոչ թե ժողովրդավարության խթանման, այլ պաշտպանության հետ։ Օրինակ է բերում Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին այցը Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր՝ այն բնորոշելով որպես ԱՄՆ հանձնառության «ամենատեսանելի վկայություն»։
«Բայց Հայաստանի համար սխալ կլիներ չափից դուրս վստահ լինելը կամ պարզապես ԱՄՆ-ի կարևորությունը գերագնահատելը։ Եվրոպական դիտորդներն են, եվրոպական ներգրավվածությունն է, որ հավանաբար ավելի արդյունավետ է»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռիչարդ Կիրակոսյանը՝ Լաչինի միջանցքի մասին