ՌԴ-ն չի ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ. մեկնաբանություններ Բաքվից
Պուտինի ելույթի արձագանքները Բաքվում
Պատասխանելով «Վալդայ» ֆորումում Հայաստանի ներկայացուցչի հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թափանցիկ կերպով ակնարկել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ռուսական տարբերակը չի ենթադրում Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում Ղարաբաղի այն հատվածի նկատմամբ, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ Պուտինի հայտարարությունները ռեզոնանս են առաջացրել Ադրբեջանի փորձագիտական հանրությունում։
- Երկու իրարամերժ պատասխան Երևանից Պուտինի հայտարարությանը. ի՞նչ է կատարվում
- Ի՞նչ է սպասվում արցախցիներին Ադրբեջանի կազմում. ադրբեջանագետի կանխատեսումը
- «Անուղղակի սպառնալիքնե՞ր». Մոսկվայի ուղերձները եռակողմ հանդիպումից առաջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը «Վալդայ» ֆորումում չվրիպեց ադրբեջանցի քաղաքական գործիչների ու քաղաքական մեկնաբանների ուշադրությունից։
Պատասխանելով Հայաստանի ներկայացուցչի հարցին՝ Պուտինը կրկնել էր հայտնի թեզը, որ Ռուսաստանը ժամանակին առաջարկել է կարգավորման փուլային տարբերակ, սակայն Հայաստանը հրաժարվել է, «իսկ հիմա ունի այն, ինչ ունի»։
Այնուհետև, ՌԴ նախագահը կարևոր պարզաբանում է արել. «Թող Հայաստանն ինքը որոշի, թե ում հետ կարգավորի հակամարտությունը՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի»։ Նրա խոսքով՝ արևմտյան տարբերակը ենթադրում է, որ Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում։ «Դուք պետք է որոշեք»,- ասել է Պուտինը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Պուտինը թիրախավորել է Փաշինյանին»
Քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլիի կարծիքով՝ Պուտինի ելույթից պարզ է դառնում, որ կա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակ», որն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից և ունի Եվրամիության աջակցությունը.
«Պուտինը հայտարարեց, որ «վաշինգտոնյան տարբերակը» ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն Ղարաբաղի նկատմամբ։
Նրա խոսքերում ակնհայտորեն դժգոհություն է նկատվում։ Հասկանալի է, որ Ռուսաստանը չի աջակցի Արևմուտքի առաջարկած խաղաղության պայմանագրին։ Եթե Պուտինի խոսքերը թարգմանենք բոլորին հասկանալի լեզվով, նա հայերին ասել է բառացիորեն հետևյալը. «Եթե համաձայն եք Ղարաբաղում Ադրբեջանի իշխանության հետ, ապա դա ձեր գործն է։ Մոսկվայից այլևս ոչինչ մի սպասեք»։
Շահին Ջաֆարլին նշում է, որ ըստ Ռուսաստանի դիրքորոշման՝ Ղարաբաղն ունի որոշ «հատուկ որակներ», որոնք պետք է արտացոլվեն խաղաղության պայմանագրում.
«Պուտինը թիրախավորել է Փաշինյանին՝ ասելով, որ Ռուսաստանը հաշվի է առնում Ադրբեջանի շահերը, բայց ուշադրություն կդարձնի իր դաշնակցի՝ Հայաստանի առաջարկներին։ Նա ուղերձ է հղում հայ ժողովրդին՝ ասելով, որ եթե ձեր շահերին չբավարարող խաղաղության տարբերակ լինի, մեղավորը Փաշինյանն է լինելու, իրենից հարցրեք, Ռուսաստանը պատրաստ էր աջակցել ձեզ»։
Փորձագետը հայտարարել է, որ այժմ, մեծ հավանականությամբ, Հայաստանի ընդդիմությունը, ելնելով Պուտինի խոսքերից, ճնշում կգործադրի Փաշինյանի վրա, որպեսզի հասնի նրան, որ չստորագրվի խաղաղության պայմանագիր, որտեղ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով և հրաժարվում է տարածքային պահանջներից։ Պուտինի ելույթը հայերի մոտ հույս է ներշնչում, որ այս տարբերակին այլընտրանք կա. «Սա, իհարկե, կբարդացնի Փաշինյանի կյանքը»։
«Անկասկած, նույնիսկ «վաշինգտոնյան տարբերակում» կան կետեր, որոնք հաշվի են առնում Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, առանց դրա չի կարող լինել խաղաղության պայմանագիր։ Ինքնավարության կարգավիճակն անընդունելի է Ադրբեջանի համար, սակայն Բաքուն կարող է համաձայնվել տեղական իշխանությունների մակարդակով (բնականաբար, ողջ երկրում) ինքնակառավարման մոդելին և Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ժամանակավոր միջազգային երաշխիքներին»,- հավելել է Շահին Ջաֆարլին:
«Պուտինն անհանգստացած է խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմամբ»
Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուն ասել է, որ «Վալդայ» ֆորումում Պուտինի ելույթից կարելի է 7 եզրակացություն անել.
- Վաշինգտոնը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ,
- Պուտինը մտահոգություն է հայտնում Հայաստանի կողմից Վաշինգտոնի ծրագրի ընդունման հնարավորության և կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ,
- Պուտինը պատրաստվում է նոր սադրանքի, որի մեղավոր կհռչակի Հայաստանին,
- Պուտինը պահանջում է, որ Հայաստանը ընտրություն կատարի, և եթե այդ ընտրությունը չհամապատասխանի Ռուսաստանի կայսերական շահերին, նա զգուշացնում է Փաշինյանին, որ կրկին Երևանում իշխանության կբերի Հայաստանի ընդդիմությանը,
- Պուտինը սպառնում է Ադրբեջանին, որ Ռուսաստանը կպահպանի վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ,
- Պուտինը հաշվի չի առնում ո՛չ ժողովրդի, ո՛չ Ադրբեջանի իշխանությունների կարծիքը,
- Պուտինը հայտարարում է, որ աջակցելու է հայ ժողովրդի ընտրությանը»։
«Վստահ եմ՝ ունենք մեր սեփական ծրագիրը»
«Վալդայ» ֆորումում Վլադիմիր Պուտինի ելույթի մասին իր կարծիքն է հայտնել նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը.
«Այսպիսով, «վալդայ» …
Ինչո՞վ է այն հետաքրքիր առաջին հերթին: Նա պարզապես հրապարակային դարձրեց այն, ինչ «գաղտնի» ձևով տեղի էր ունենում Մինսկի խմբում։
Արտաքին խաղացողների կողմից հակամարտության կառավարման և, հետևաբար, հակամարտության միջոցով Հայաստանի և Ադրբեջանի կառավարման համար սկզբունքորեն կարևոր է երկու թեմա.
- բանակցային գործընթացի մոդերացիա-կառավարում,
- «խաղաղության պահպանման ուժերի» մոդերացիա-կառավարում։
2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո այս երկու թեմաների նկատմամբ գերակայություն ունի Ռուսաստանը՝ Թուրքիայի լուրջ դերակատարմամբ։ Սա այնքան էլ ձեռնտու չէ Արևմուտքին ու Հայաստանին։
Այժմ իրավիճակը մասամբ փոխվել է։ Արևմուտքը համակարգված, քաղաքական ազդեցության միջոցով ապահովել է իր դե ֆակտո վերադարձը բանակցային գործընթաց և շարունակում է առաջ մղել «խաղաղության պահպանման ուժերին» իր մասնակցության թեման։ Ճիշտ է, դեռևս ձեռք բերելով փաստացի ներկայություն Հայաստանի պայմանական սահմանին՝ Ռուսաստանի հետ զուգահեռ։ Պետք է ենթադրել, որ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը մեծ ջանքեր են գործադրելու ձևաչափ ստեղծելու և Ադրբեջանի իշխանությունների ու «տեղի հայերի» միջև բանակցություններին մասնակցելու համար։
Հիմա կարգավիճակի թեմայի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումների «տարբերությունների» մասին։ Նման տարբերություններ չկան, ինչպես ցույց տվեց Մինսկի խմբի 25-ամյա պրակտիկան, դրանք անիմաստ են, քանի որ հնարավոր չէ ստանալ այնպիսի արդյունք, որը կբավարարի բոլորին … Եվ կարևոր չէ, թե բանակցային գործընթացի սկզբում միջնորդներից ով և ինչ է հայտարարում, քանի որ հետագայում այդ հայտարարված դիրքորոշումները հեշտությամբ փոխվում են։
Եվ վերջինը… շատ մեծ է հավանականությունը, որ թուլացող Ռուսաստանը կլքի Ղարաբաղը՝ հնարավոր է դե ֆակտո զիջելով իր տեղը տանդեմի գործընկերոջը՝ Թուրքիային։ Բայց եթե Արևմուտքը «մագլցի» դեպի Ղարաբաղ, ապա դա կլինի երկար ժամանակով, քանի որ բոլոր տեսակի մակրոններն ու փելոսիները լավատեսություն չեն ներշնչում…
Ընդհանրապես, Մինսկի խումբը փորձում է մաս առ մաս վերակենդանանալ ու վերադառնալ։
Իմ գրածն այն է, ինչ մտադիր են անել մեր «երդվյալ» միջնորդ ընկերները։ Բայց մենք էլ, վստահ եմ, ունենք մեր սեփական ծրագիրը…»:
«Ադրբեջանը պետք է պահանջի դուրս բերել ռուսական զորքերը»
Ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդներից Նաթիկ Ջաֆարլին Վլադիմիր Պուտինի ելույթը «Վալդայ» ֆորումում նմանեցրել է «մուտքի դիմացի նստարանին տատիկների բամբասանքի»։
Քաղաքական գործչի խոսքով՝ Պուտինը հայերին հասկացրել է, որ Ռուսաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ղարաբաղի հարցով.
«Այժմ ադրբեջանական կողմը պարտավոր է նոտա հղել ՌԴ ԱԳՆ, պահանջել պաշտոնապես և փաստաթղթային ստորագրությամբ Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։ Հակառակ դեպքում պահանջել 72 ժամվա ընթացքում դուրս բերել «խաղաղապահներին» Խանքենդիից [հայերն այս քաղաքն անվանում են Ստեփանակերտ — JAMnews]։
Պուտինը բարձրացնում է խաղադրույքները, և, հետևաբար, արդեն անհրաժեշտ է խաղալ։ Կարիք կա մոտ ժամանակներս Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի տարածքում մի քանի ռազմական ուսումնական կենտրոններ ստեղծելու մասին։ Պարտադիր չէ դրանք «բազա» անվանել։
Փաստորեն, Պուտինը հայտարարեց երկու պլանի առկայության մասին, իսկ ռուսական պլանի համաձայն՝ Ղարաբաղի հարցը սառեցվում է։ Իրավիճակը գնալով վատանում է, և մենք պետք է պատրաստ լինենք այս խնդրի դիվանագիտական կամ ռազմական լուծմանը»։
Պուտինի ելույթի արձագանքները Բաքվում