«Պետք է այնպես անել, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հեռանա ՀՀ-ից»․ կարծիք
ՌԴ-ն կվերակառուցի՞ ՀՀ-ի երկաթուղու հատվածները
«Ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ տնտեսական ուղղությամբ։ Երևանի բոլոր հարցումները համապատասխան գերատեսչությունների կողմից մշակվում են օպերատիվ ռեժիմով»,- Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ՀՀ տարածքում գտնվող՝ դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահման տանող երկաթուղային հատվածների վերականգնման մասին հարցին։
Խոսքը վերաբերում է երեք հիմնական հատվածների՝ Երասխ-Նախիջևան, Գյումրի-Կարս և Իջևան-Ղազախ։ Մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է այդ մասին։
ՀՀ իշխանություններն ու փորձագիտական շրջանակները շեշտում են՝ բոլոր ճանապարհների գործարկման համար «Թրամփի ուղին» պետք է շարունակվի։ Հակառակ դեպքում Հայաստանը լիովին չի ապաշրջափակվի։
«Մենք դիմել ենք, այդ թվում՝ գրավոր։ Այս պահին չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ ոչ, բայց ընդհանուր առմամբ կան դրական ազդակներ։ Հույս ունեմ՝ կարագանա գործընթացը, և Ռուսաստանի մեր գործընկերները չեն հապաղի»,- օրերս լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ոչ միայն պատրաստ են, այլև ուզում են գործակցել ՌԴ գործընկերների հետ, սակայն չեն կարող կանգնեցնել տարածաշրջանային գործընթացները։ Հիշեցրել է՝ եթե ռուս գործընկերները չցանկանան ներդրումներ անել, այդ հատվածները կվերականգնի հայկական կողմը։
Երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների վերակառուցման հարցի վերաբերյալ մանրամասներ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի ներկայացրել։ Փոխարենն անդրադարձել է հայ-ամերիկյան TRIPP («Թրամփի ուղի») նախագծին և հերթական անգամ հայտնել նախագծին միանալու Մոսկվայի պատրաստակամության մասին՝ հիշատակելով ՀՀ-ում «Ռուսական երկաթուղիների» եզակի փորձը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը չի ասում, որ «Ռուսական երկաթուղիները» պետք է հեռանա Հայաստանից, փոխարենը դա կանեն իրենք՝ փորձագետները։ Ի տարբերություն վարչապետ Փաշինյանի՝ Մեհրաբյանը դրական ակնկալիքներ չունի։
«Նրանք ժամանակ են ձգելու, որպեսզի Հայաստանը չունենա այդ կապը հարևանների երկաթուղիների հետ․ իրենց ձեռնտու չէ, որ ունենա»,- ընդգծել է փորձագետը։
2008 թ․-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ Այն Ռուսաստանի պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Կողմերի համաձայնության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 10 տարով։
- «Հայաստանը վերադառնում է այն արեալ, որից դուրս էր մղվել»․ կարծիքներ «Խաղաղության խորհրդի» մասին
- «ԱՄՆ և ԵՄ հետ կապերի խորացման տակ ՌԴ-ին ՀՀ-ից դուրս թողնելու օրակարգ չկա»․ ՀՀ ԱԳ նախարար
- «Առաջին առևտրատնտեսական գործարքն անկախությունից ի վեր»․ ադրբեջանական բենզինը հասավ ՀՀ
Ի՞նչ խնդրանքով է ՌԴ-ին դիմել Հայաստանը
Դեռևս 2025 թվականի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր՝ ապաշրջափակման համատեքստում կարևոր է, որ վերականգնվեն երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ:
Հայաստանի վարչապետը հույս էր հայտնել, որ ՌԴ գործընկերներն այդ աշխատանքները կիրականացնեն «հնարավորինս արագ»։ Ընդգծել էր՝ հակառակ պարագայում Երևանն ինքնուրույն դա կանի.
«ՀՀ կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից, և մենք պետական բյուջեի միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի՝ ՌԴ-ն պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում»։
Հայաստանն ու Ռուսաստանը հարցը քննարկել էին նաև ամենաբարձր՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Մասնավորապես՝ Փաշինյան-Պուտին դեկտեմբերյան հանդիպման բաց հատվածում ՌԴ նախագահը նշել էր՝ պատրաստ են համատեղ աշխատել հայկական կողմի բարձրացրած հարցերի՝ «հին երթուղիների վերականգնման և նոր երթուղիների ստեղծման շուրջ»։ Կոնկրետ հատվածներ, սակայն, չէր մատնանշել։
Երկու շաբաթ առաջ հայկական կողմը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ զննել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի վիճակը՝ վերականգնման համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով այդ հատվածի տեխնիկական պիտանելիությունը գնահատելու համար։
TRIPP-ն ու Ռուսաստանը
«Թրամփի ուղին», կամ TRIPP-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որը համաձայնեցվել է 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Այս տարվա հունվարին Հայաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են նաև նախագծի իրականացման շրջանակը։ Նախագիծը ենթադրում է, որ Ադրբեջանը կստանա ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն Նախիջևանի հետ, Հայաստանը կունենա միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ։
Ռուսական կողմը տարբեր առիթներով հայտարարում է այդ նախագծին միանալու պատրաստակամության մասին։ Հայաստանը չի բացառում ՌԴ ներգրավվածությունը ենթակառուցվածքներում, բայց ոչ կոնկրետ «Թրափի ուղի» նախագծում։
«Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողնել ՌԴ-ն: Ակնհայտորեն Հայաստանում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, և սա ՌԴ համար, կրկին TRIPP-ում՝ ոչ, բայց TRIPP-ի շարունակություն, TRIPP-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի համար»,- երկու շաբաթ առաջ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Այս հայտարարությունից հետո էլ, սակայն, Մոսկվայի հռետորաբանությունը չի փոխվել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերահաստատել է նախագծին միանալու հնարավոր տարբերակներն ուսումնասիրելու պատրաստակամությունը։
«Նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին՝ անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ»,- շեշտել է Զախարովան:
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի համաձայն՝ «Թրամփի ուղի» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակում Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի և «փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի»։ Դեռևս նման կողմերի մասին ոչ Երևանը, ոչ էլ Վաշինգտոնը տեղեկություններ չեն հայտնել։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ «Ռուսասկան երկաթուղիներ» ընկերությունն այլևս անելիք չունի և չպետք է ունենա Հայաստանում։
«Նախևառաջ, ռուսները փող չունեն։ Երկրորդ՝ եթե ունենային և գային, գալու էին մի բանի համար, որ այդ պրոյեկտը տեղի չունենար, իրականություն չդառնար։ Եթե աշխատեր էլ, ապա միայն և բացառապես ռուսների կոշտ հսկողության ներքո»,- նկատել է նա։
Մեհրաբյանը հիշեցրել է՝ դեռևս 2022 թվականին, վաշինգտոնյան պայմանավորվածություններից առաջ, երբ ՌԴ-ն խոսում էր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման մասին, ռուսները ՀՀ կառավարությանը տեղեկացրել էին, թե ցանկապատ է լինելու այդտեղ․
«Եվ դուրս շպրտվեցին Մեղրիի այդ հատվածից, որտեղ արդեն սկսել էին մեքենաներ ստուգել»։
Կարծում է՝ Մոսկվան ունի գայթակղություն, թե կարող է իր ուզածով լինել, քանի որ ՀՀ կառավարությունը հստակություն չի մտցնում և «լողում է «եթե-ապա»-ների մեջ»։
Անդրադառնալով երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները վերակառուցելու Փաշինյանի սռաջարկին՝ նկատել է՝ մինչ օրս արձագանք չկա, այնինչ վարչապետը խոսում է «դրական ազդակների» մասին․
«Այդ ազդակները, որ եկել են Մոսկվայից, ինչի՞ հիման վրա են, երբ «Ռուսական երկաթուղիները» ունի մեծ անցք, որովհետև ինքն իրեն թալանել է և հիմա էլ փող է ուզում ՌԴ կառավարությունից։ Ինչո՞ւ պետք է ՀՀ-ում փող ծախսի։ Այս հարցի պատասխանը չկա»։
Մեհրաբյանը կարևորում է նաև ՀՀ-ում «Ռուսական երկաթուղիների» դուստր՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետագա գործունեության հարցը քննարկելը։ Հարցնում է՝ «ինչքա՞ն պետք է հանդուժենք այս հետամնացությունը մեր երկաթուղիներում»։
Նրա բնորոշմամբ՝ գործ ունենք մի կառույցի հետ, որն աշխատում է «1970-ականների բրեժնևյան ԽՍՀՄ-ի ստանդարտներով և հենց իր երկրում զբաղվում է ինքնաթալանմամբ»։
«Ռուսական երկաթուղիները» պետք է հեռանա Հայաստանից։ Այնպես չէ, որ մեր ժամանակը շատ երկար է, և մենք պետք է շատ սպասենք մինչև իրենք երկար մտածեն»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ-ն կվերակառուցի՞ ՀՀ-ի երկաթուղու հատվածները