«ՌԴ-ն որոշել է Հայաստանին շանտաժ անել գազի գնի բարձրացմամբ»․ կարծիքներ Երևանից
ՌԴ-ն գազի գնի թանկացմա՞մբ է սպառնում ՀՀ-ին
Հայաստանում քննարկում են տնտեսական կապերի և գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պնդումներն ու դրանք գնահատում որպես սպառնալիք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրապարակային հատվածում Պուտինը նշել էր, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է լավ տեմպերով, վերջին տարիներին դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 10 անգամ։ Պնդել էր, թե Մոսկվան «լիովին հանգիստ» է վերաբերվում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վերաբերյալ ընթացող քննարկումներին, բայց նաև հիշեցրել՝ անհնար է միաժամանակ լինել Եվրամիությունում և ԵԱՏՄ-ում։
Ռուսաստանի նախագահը խոսել էր նաև էներգակիրների մասին և հայտարարել՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով, ինչը, ըստ նրա, «մեծ և էական» տարբերություն է։
«Սա Ձեր որոշումն է, ի վերջո Ձեր թիմի, Ձեր փորձագետների որոշումը՝ որտեղ և ում հետ, ինչ հիմքի վրա աշխատել»,- շեշտել էր Պուտինը։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումից մեկ օր անց հայտարարություններով էր հանդես եկել նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու պնդել՝ Երևանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը «ստիպված կլինի այլ կերպ կառուցել» ՀՀ հետ տնտեսական հարաբերությունները։
Հայ պաշտոնյաները կարծում են՝ գազի գինը չի փոխվի, այլապես անիմաստ կդառնա ՀՀ-ի՝ ԵԱՏՄ մաս կազմելը։ Չեն բացառում նաև, որ գազի գնի փոփոխության պարագայում Երևանը որոշի լքել Մոսկվայի հովանու ներքո գործող կառույցները՝ ինչպես Եվրասիական տնտեսական միությունը, այնպես էլ ՀԱՊԿ ռազմական դաշինքը։
Փորձագետները կարծում են՝ նման ռադիկալ քայլերի դիմելու պարագայում վնասներ կկրի նաև ինքը՝ Ռուսաստանը։ Մյուս կողմից նկատում են՝ Երևանը կարող է գտնել այլընտրանքներ, օրինակ՝ ի դեմս ղազախական գազի։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքը, մեկնաբանություններ
- «ՀՀ անվտանգության երաշխավորը մեզ առաջնորդել է դեպի սպանդանոց»․ Նիկոլ Փաշինյան
- «ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
- «Երկաթուղիների պետական կառավարումն ավելի ձեռնտու կլինի Հայաստանին»․ կարծիք
- ՌԴ մտադրությունները Հարավային Կովկասում․ ի՞նչ սպասել Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո
«Գազի գնի փոփոխության դեպքում ՀՀ-ն դուրս կգա ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից»
Լրագրողները փորձել են իշխող ուժի ներկայացուցիչներից պարզել՝ արդյո՞ք Մոսկվան Երևանի հետ խոսում է վերջնագրերի լեզվով։
Անդրադառնալով Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպմանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «անկախ, ինքնիշխան պետության դիրքերից»։ Սիմոնյանը նկատել է՝ ապրանքների, գազի գնի հետ կապված խոսակցությունները նոր չեն, տարիներ շարունակ եղել են։
ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ եթե գնի փոփոխության որոշում կայացվի, ՀՀ-ն էլ կկայացնի իր որոշումը՝ դուրս գալով ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։
Ինքը՝ Սիմոնյանը, չի կարծում, թե հարցը դրան կհասնի, հավելում է՝ հրապարակային հայտարարություններից հետո երկու երկրների ղեկավարները «շատ լավ» զրույց են ունեցել․
«Մենք ասել ենք և կրկնում եմ՝ մենք Ռուսաստանի Դաշնության դեմ որևէ բան չենք արել, չենք անելու և չենք պատրաստվում անել, միևնույն ժամանակ մենք պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք ՀՀ շահերը»։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանըի խոսքով՝ գազի գինը չի փոխվի, քանի որ գործընկերներին պետք է ՀՀ մասնակցությունը ՌԴ հովանու ներքո գործող կառույցներում։
«Գործընկերներին անհրաժեշտ է, որ Հայաստանը մնա և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում։ Իսկ եթե Հայաստանը պետք է չստանա այդ օգուտները, ապա ինչո՞ւ պետք է մնա այդ միության մեջ: Կսկսվի այլ միության մեջ գործընթաց՝ ավելի արագացված կերպով»,- շեշտել է նախարարը։
Խոսելով Եվրասիական տնտեսական միությունից ՀՀ ստացած օգուտների մասին՝ արձանագրել է՝ այնպես չէ, որ ԵԱՏՄ մտնելուց հետո երկրի տնտեսությունում «աստղաբաշխական աճ» է գրանցվել։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծել է․
«Փաշինյան-Պուտին խոսակցությունը ցույց տվեց, որ ՌԴ-ն Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակներից մեկը համարում է գազը։ Հիշում ենք՝ Սերժ Սարգսյանին բերման ենթարկեցին, իսկ արդյունքն էլ եղավ այն, որ Հայաստանը թրաֆիքինգի ենթարկվեց, այսպես կոչված, ԵԱՏՄ, որի տակից մինչև հիմա դուրս չենք գալիս, ևս գազն էր [պատճառը]։
Հայկական կողմը սրան պետք է ուղղակի հակադրվի գործնական դաշտում։ Հեռանկարային է ղազախական գազը Կասպից ծովով՝ Ադրբեջանով ՀՀ-ով Եվրոպա տեղափոխելու գաղափարը։ Այս ամենը ՀՀ համար էլ ավելի կէժանացնի գազը, որովհետև Հայաստանի սպառումն այդքան մեծ չէ։
ՀՀ էներգետիկան գազով չէ պայմանավորված, գազն ավելի շատ անհրաժեշտ է մեկ ավտոմեքենաների լիցքավորման համար, մեկ էլ բնակարաններում ջեռուցման, խոհանոցների։
Եվ ահա Պուտինը որոշել է մեզ շանտաժ անել գազով՝ համեմատելով Եվրոպայի ներկայիս կոնյուկտուրային թռիչքաձև աճի պարագայում գրանցված 600 եվրո արժողության հետ։
Հայաատանն ի՞նչ պետք է անի։ Պետք է այս ամենին հակադրվի։ Ոչ մի ընկրկել ռուսական այս սեպտեմբերերեքյան [2013 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին] նոր փաթեթի առաջ, որ ռուսներն առաջ են բերել»։
Քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նկատել է․
«ՀՀ-ում որոշ շրջանակներ փորձում են ստեղծել տպավորություն, թե Հայաստանը Ռուսաստանի համար մակաբույծ է, և եթե մեզ Կրեմլին հաճո չպահենք, ապա վերջ, ամեն ինչ կորած է։ Դա այդպես չէ, Մոսկվայի թելադրանքով տարածվող սուտ է։
Իրականությունն այն է, որ եթե ՌԴ-ն փակի հայկական ապրանքների ներկրումը կամ եթե մեզ համար գազը թանկացնի, ապա Ռուսաստանը ևս կտուժի դրանից։
Եթե ՌԴ-ն գնա մեր դեմ այդպիսի ռադիկայ քայլերի, ապա մենք նախ կարող ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից ու վռնդել ռուսաստանյան ռազմակայանը Գյումրիից՝ մեծ ռեպուտացիոն վնաս հասցնելով Ռուսաստանին։ Ամբողջ աշխարհը կտեսնի, թե որքան է թուլացել վաղեմի գերտերությունը։
Մենք կարող ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ փակելով Ռուսաստանի տնտեսության համար կարևոր որոշ արևմտյան ապրանքները ՀՀ-ով ներմուծելու հնարավորությունը։ Կարևոր է նշել, որ ՀՀ-ով ներմուծվող ապրանքների համար Հայաստանին վճարվող մաքսատուրքերը չեն մնում ՀՀ-ում, դրանց մոտ 98,7 տոկոսը մենք փոխանցում ենք ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին։ Ու հա, էդ փողից էլ կզրկվեն։
ՌԴ տնտեսությունն ու սպառողը կզրկվեն Հայաստանից եկող մատչելի սննդամթերքից, ինչն էլ ավելի կվատթարացնի Ռուսաստանի գնաճի ահագնացող խնդիրը։ Էլ չասեմ «մանր-մունր» բաները՝ ռուսաստանյան հեռուստաալիքների փակումը, երկաթուղու ազգայնացումը և այլն։
Եթե ՌԴ-ն մեզ համար էապես թանկացնի գազի գինը, մենք գազն ուրիշ տեղերից էլ կարող ենք առնել, իսկ Ռուսաստանը կզրկվի գազի դիմաց ստացվող եկամուտներից՝ այնպես, ինչպես զրկվեց Եվրոպայում գազի վաճառքից ստացվող ահռելի եկամուտներից։
Չեմ ասում, որ այս սցենարները մեզ համար հաճելի կամ շահավետ են, բնավ։ Բայց դրանք ՌԴ-ին էլ ձեռք չեն տալիս, իրենք էլ հո մազոխիստ չեն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ-ն գազի գնի թանկացմա՞մբ է սպառնում ՀՀ-ին