«Ռազմավարի պուրակ» Բաքվում․ բուռն ոգևորություն և զայրալից քննադատություն
Արցախում երկրորդ պատերազմի «Ռազմավարի պուրակ» է բացվել Բաքվում, որը մեծ ուշադրություն է գրավել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Սակայն արձագանքն արմատապես տարբեր է՝ բուռն ոգևորությունից մինչև կտրուկ քննադատություն։
Ռազմավար համարվող տեխնիկային զուգահեռ այս «բացօթյա թանգարանում» ցուցադրված են հայ զինծառայողների մուլյաժներ՝ բեմադրված զորանոցներում, մեքենաներում և դիրքերում։ Դրանց թվում կան նաև ֆիգուրներ, որոնք պատկերում են վիրավոր և մահացող զինվորների։
«Ցուցասրահներից» մեկը կառուցված է որպես «միջանցք», որի երկու կողմերից կախված են զինվորական սաղավարտներ։ Դրանց վերաբերյալ նշվել է, որ դրանք նահանջող հայ զինվորականների դեն նետած սաղավարտներն են։
Բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նոբելի պողոտան, որտեղ տեղակայված է «Ռազմավարի պուրակը», վերանվանվել է, այժմ այն կոչվում է Նոյեմբերի 8-ի պողոտա։ Այս ամսաթիվն Ադրբեջանում հայտարարվել է Արցախյան երկրորդ պատերազմում տարած Հաղթանակի օր։
- Հայկական կողմի պարտության պատճառները․ արցախյան երկրորդ պատերազմի միֆերն ու իրականությունը
- Արցախյան երկրորդ պատերազմից հետո․ հոգեբանական հաղթահարման փուլ
- «Եվրոպա» հացի գնալիս։ Կյանքն ուկրաինական ճակատամերձ գյուղում
Ցուցանմուշներ
Մուլյաժներից և ինստալյացիաներից զատ՝ պուրակում ներկայացված է հայ զինվորականների հրաձգային զենքը, ծանր տեխնիկան, հրթիռային համալիրները, ռազմական տրանսպորտային միջոցներն ու զինամթերքը։
Այստեղ նաև կա «վահան», որը պատրաստված է ավելի քան երկու հազար ավտոմեքենաների համարանիշներից, որոնք ռազմավար են համարվում Արցախյան երկրորդ պատերազմի հետո։
Այստեղ ներկայացված են նաև Արցախի Շուշի քաղաքի ուղղությամբ հայ զինվորականների արձակած «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները։
Պուրակում տեղադրված նստարանների ներքևի հատվածը պատրաստված է հայկական կողմի արկերի արկղներից։ Պուրակի տարածքում լուսավորության համակարգը պատրաստված է հալեցրած արկերից, իսկ աղբամանները՝ տանկային արկերի պարկուճների պատյաններից։
«Պուրակում» նաև տարածք է առանձնացված, որտեղ ցուցադրված է հայկական բանակի պաշտպանական դիրք՝ ներառյալ ինժեներական պաշտպանական համակարգը։
Արձագանքն Ադրբեջանում
Դատելով սոցցանցերում արվող գրառումներից՝ Ադրբեջանի հասարակության բացարձակ մեծամասնությունը «պուրակի» բացման մասին լուրը ոգևորությամբ է ընկալել։
Բնորոշ մեկնաբանություն Facebook-ում
«Առաջին թանգարանը, որն այցելել եմ արտասահմանում, Օսվենցիմի Աուշվից համակենտրոնացման ճամբարն էր։ Այն ինձ վրա խորը տպավորություն է թողել։ Եղել եմ նաև ռազմական պատմության այլ թանգարաններում՝ Սան Դիեգոյում, Լոնդոնում, Բելֆաստում։ Անհամբերությամբ սպասում եմ մեր թանգարան այցելելուն։ Տեսնենք՝ այնտեղ ինչ կա»։
Պատմաբանի մեկնաբանությունն ու նրա վրա հարձակումները
Սակայն ոչ բոլորն են այս նորությանը դրական արձագանքել։ Մեկնաբանելով «միջանցքի» լուսանկարը, որը սաղավարտներով է պատված, հայտնի պատմաբան Ալթայ Գյոյուշովը գրել է․
«Երևի ցանկացել են թշնամու գանգերից սար, պատ կառուցել։ Այժմ սպասում եմ, թե երբ են այնտեղ տանելու դեսպաններին և դասախոսություն կարդալու Կովկասում խաղաղություն կառուցելու մասին»։
Այս գրառման հրապարակումից հետո որոշ հայտնի լրագրողներ և բլոգերներ դատապարտել են Գյոյուշովին։ Ահա մի քանի մեկնաբանություն․
«Պատերազմում հաղթել ենք՝ թանգարան ենք կառուցել։ Իսկ հիմա սրանք հանկարծ սկսել են սիրել հայկական սաղավարտները։ Ցուցադրում ենք դատարկ սաղավարտները, լավ ենք անում»։
«Ռազմավարի պուրակը արտաքին և ներքին թշնամիների աչքը հանելու համար է։ Հաղթողներին չեն դատում։ Եթե որևէ մեկն իրեն վատ է զգում, թող խորտակվի Կասպից ծովում»։
«Մարդիկ, որոնք կյանքում ոչ մի ռազմական թանգարան չեն այցելել, շատ են զարմացնում իրենց մտքերով։ Ողջ աշխարհում այդպիսի թանգարաններում ցուցադրվում են ինչպես զինվորների մուլյաժներ, այնպես էլ սաղավարտներ»։
Արևմտյան լրագրողների և Հայաստանի ԱԳՆ մեկնաբանությունները
Մի քանի արևմտյան լրագրողներ կտրուկ քննադատական մեկնաբանություն են արել «Ռազմավարի պուրակի» բացման առնչությամբ։ Twitter-ում CNN-ի և Guardian-ի հեղինակ Նիլ Հաուերի մեկնաբանությունը․
«Ըստ էության, սա օրինակ № 364 486-ն է նոր սկսված հետպատերազմյան փուլից։ Հիմարություն է կարծելը, որ [նախագահ] Ալիևի կառավարման ժամանակ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցում»։
Պուրակի նախագծի քննադատությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ԱԳՆ-ն։ «Այդ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը […] Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա», — ասված է ապրիլի 13-ին հրապարակված հայտարարությունում։
«Պուրակի» առաջին օտարերկրյա հյուրերը
Ապրիլի 13-ին Բաքվում կայացել է «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովը։ 15 երկրներից ժամանած 27 հյուրեր համաժողովից հետո այցել են «Ռազմավարի պուրակ»:
Ապրիլի 14-ից պուրակը բաց է բոլոր ցանկացողների համար։