Ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր հինգերորդ։ Թարմացվող
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 20.30-ի դրությամբ։ Բելառուսա-լեհական սահմանին բանակցությունների շարունակությունը՝ առաջիկա օրերին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են։ Կոնկրետ արդյունքները դեռ հայտնի չեն։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականն ասել է, որ «կողմերը նշել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց վերաբերյալ նախանշել են որոշ որոշումներ»։ Նա հաստատել է, որ բանակցությունների հիմնական նպատակը Ուկրաինայի տարածքում կրակի դադարեցման քննարկումն էր։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ պատվիրակությունները բանակցությունների նոր փուլից առաջ կմեկնեն իրենց մայրաքաղաքներ խորհրդակցությունների։
Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին ասել է, որ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա բելառուսա-լեհական սահմանին մոտ օրերս։
Ռուսաստանի դիրքորոշման մասին կարելի է դատել Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այսօրվա հեռախոսազրույցի արդյունքներով։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ Մակրոնը կոչ է արել պաշտպանել Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Պուտինը հայտարարել է հետևյալը.
Ուկրաինայի հետ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անվերապահորեն հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական անվտանգության շահերը։
Ուկրաինան պետք է ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ։
Պետք է տեղի ունենա ուկրաինական պետության ապառազմականացում և ապաազգայնացում։
Ուկրաինան պետք է երաշխավորի չեզոք կարգավիճակ։
Ռուս զինվորականները չեն սպառնում խաղաղ բնակչությանը և չեն հարվածում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին։
Սպառնալիքը գալիս է ուկրաինացի ազգայնականներից, որոնք խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան են օգտագործում՝ գնդակոծելով Դոնբասի քաղաքները:Խարկովը մնում է ամենաթեժ կետը, ռմբակոծությունները շարունակվում են ամբողջ օրը, ծանր մարտեր են ընթանում։ Այսօր մինչ այս պահը զոհվել էր 7, վիրավորվել՝ 44 մարդ։
Զելենսկին ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու դիմումը, հայտնում է Գերագույն ռադան։
Ուկրաինան պաշտոնապես ընդունել է, որ Զմեյինի կղզու զինծառայողները ողջ են և գերության մեջ են։ Նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել, ուստի նրանք մահացած էին համարվում: Ավելի վաղ Զելենսկին նրանց հետմահու ներկայացրել էր Ուկրաինայի հերոսների կոչումի։
ՆՈՐ ՍԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ուկրաինան պահանջել է Ռուսաստանը հեռացնել Ինտերպոլից, Բրիտանիան սատարում է դրան, ասել է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարը։
Կանադան իր բանկերին արգելել է ցանկացած գործարք իրականացնել Ռուսաստանի Բանկի հետ, արգելափակել է Ազգային բարեկեցության հիմնադրամի ակտիվները և նրանց հետ գործարքները։
Ռուսաստանի Բանկի և Ազգային բարեկեցության հիմնադրամի դեմ ԱՄՆ պատժամիջոցները զրկում են նրանց մուտքից ԱՄՆ կամ դոլարով արտահայտված ակտիվներին:
ԱՄՆ հատուկ լիցենզիա կմշակի, որը հակառուսական պատժամիջոցներից կհանի էներգակիրների մատակարարման հետ կապված որոշ գործարքներ։
SWIFT-ից անջատվելու ռուսական բանկերի ցանկը դեռ մշակման փուլում է։
ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ ունի պահուստում, պատրաստ է կիրառելու դրանք էսկալացիայի դեպքում։Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պահանջել է ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների վիլլաների, զբոսանավերի և շքեղ մեքենաների ամբողջական գույքագրում։ Այս գույքի վրա նախատեսվում է կալանք դնել։ «Մենք կբացահայտենք նաև ռուսաստանցիներին, որոնք ակտիվներ ունեն Ֆրանսիայում, բայց մոտ են Ռուսաստանի իշխանություններին: Դրանք կավելացվեն եվրոպական պատժամիջոցների ցանկում», — ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունները.
Լոնդոնը կոչ է անում Մոսկվային ապահովել հումանիտար մուտքն Ուկրաինա և միջանցքներ փախստականների համար։
Առաջին քայլերն արվել են SWIFT-ից Ռուսաստանի Դաշնության ամբողջական անջատման ուղղությամբ։
ՎՏԲ-ի, Սովկոմբանկի, Վնեշէկոնոմբանկի ակտիվները սառեցված են։ Սբերբանկի դեմ պատժամիջոցներ են նախապատրաստվում։
Ռուս օլիգարխների անշարժ գույքն ու զբոսանավերը շուտով կարող են ձերբակալվել։
Տրանսպորտի նախարարության ղեկավարը նավահանգիստներին խնդրել է չթույլատրել ռուսական դրոշով որևէ նավի մուտք։
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Ռուսաստան։Շվեյցարիայի նախագահն ասել է, որ երկիրը Ռուսաստանի դեմ կիրառելու է Եվրամիության սահմանած բոլոր պատժամիջոցները։ Շվեյցարիան նաև փակել է իր օդային տարածքը բոլոր ռուսական ինքնաթիռների համար։ Բացառություն կարվի միայն մարդասիրական, բժշկական և դիվանագիտական նպատակներով թռիչքների համար։
ՄՕԿ-ը խորհուրդ է տվել միջազգային սպորտային ֆեդերացիաներին և մրցումների կազմակերպիչներին թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը։
ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐԵՎՄՈՒԹԿԻ ԴԵՄ
Պուտինը տնտեսության վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որին Նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար Արևմուտքն անվանել է «ստի կայսրություն» և հրամանագիր է ստորագրել «Արևմուտքի ոչ բարեկամական գործողությունների» հետ կապված հատուկ տնտեսական միջոցների մասին։
Ռուսաստանը փակել է իր երկինքը 36 երկրի համար՝ ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների։ Սա ամբողջ Եվրամիությունն է, ինչպես նաև Ալբանիան, Անգուիլան, Բրիտանիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Ջիբրալթարը, Ջերսին, Կանադան, Նորվեգիան:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ռուսաստանը ռազմական գործողություններ չի սկսել. Ռուսաստանը ավարտում է դրանք։ Ռազմական գործողությունները սկսվել են Կիևի ռեժիմի կողմից, որը 8 տարի շարունակ համակարգված ոչնչացրել է Դոնբասի բնակիչներին։ Այս պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 14 հազար մարդ՝ հարյուրավոր երեխաներ։ Սրան պետք էր վերջ տալ, ինչպես և Կիևի ռեժիմի անվերջ սպառնալիքներին Ռուսաստանի դեմ: Իսկ Ռուսաստանը դա կանի»։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 16.30-ի դրությամբ։ Բանակցությունները սկսվել են
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ են սկսվել ուկրաինա-բելառուսական սահմանին։ Խոստացված ուղիղ հեռարձակումը չի լինի։ Ներկայացնում ենք բանակցությունների սկզբի տեսանյութը.
«Հենց նոր Խարկովը զանգվածաբար գնդակոծվեց Գրադ կայանքներից՝ ներառյալ քաղաքի երկու բնակելի թաղամաս։ Տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան»,- հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
Չեռնիգովում խոշոր հրդեհ է։ Հրթիռային հարվածի հետևանքով այրվել է «Էպիցենտր» հիպերմարկետը, վնասվել են մոտակա տները։
Ռուս օլիգարխ Աբրամովիչը պատրաստ է որպես միջնորդ օգնել Ուկրաինայի «հակամարտության» խաղաղ կարգավորմանը, գրում է The Guardian-ը։ Հաղորդվում է, որ ուկրաինական կողմը Աբրամովիչի հետ կապ է հաստատել Զելենսկու լավ ընկեր, պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու միջոցով։ Նա հաստատել է դա, գրում է թերթը։
Boeing-ը փակել է ռուսական ավիափոխադրողների մուտքը տեխնիկական աջակցության իր կայքում, գրում է AEX մասնագիտացված հրատարակությունը։ Ավելի վաղ պահեստամասերի մատակարարումը դադարեցրել էր նաև CFM շարժիչներ արտադրողը, որոնք համալրված են ամենատարածված Boeing 737 և Airbus A320 ինքնաթիռներով։ Այժմ ռուսական ավիաընկերություններին անհրաժեշտ է այլ տարբերակ գտնել, թե ինչպես վերանորոգեն շարժիչները և փոխարինեն մասերը խափանման դեպքում:
Anonymous միջազգային հաքերային խումբը կոտրել է ռուսական հանրահայտ Kommersant, Fontanka, Izvestia, RBC, Forbes և այլ հրատարակությունների կայքերը։ Գլխավոր էջում կարմիր շրջանակ է՝ «Ուկրաինայի պատերազմում 5300 զոհված» մակագրությամբ. Ավելի շատ, քան առաջին չեչենական պատերազմում»։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 15.30-ի դրությամբ։ Զելենսկի․ «ԵՄ պետք է շտապ ընդունի Ուկրաինան միության մեջ»
Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինան պահանջում է «անհապաղ կրակի դադարեցում և ռուսական զորքերի դուրսբերում», ասել է նախագահ Զելենսկին։ Ո՛չ նա, ո՛չ Պուտինը չեն մասնակցում ուկրաինա-բելառուսական սահմանին։ Belta գործակալությունը միացրել է ուղիղ հեռարձակում։
Մեծ Բրիտանիայի ՊՆ. Ռուսական ուժերի մեծ մասը դեռևս Կիևից ավելի քան 30 կմ հյուսիս է գտնվում: Չեռնիգովի և Խարկովի շրջակայքում շարունակվում են ծանր մարտերը, սակայն երկու քաղաքներն էլ շարունակում են մնալ Ուկրաինայի վերահսկողության տակ։ Լոգիստիկ անհաջողությունները և ուկրաինական համառ դիմադրությունը շարունակում են զսպել Ռուսաստանի առաջխաղացումը:
«Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ նոր ընթացակարգով Ուկրաինային շտապ ընդունելու խնդրանքով», — ասել է նախագահ Զելենսկին։ «Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին մեզ հետ լինելու համար։ Բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ և լինել նրանց հետ հավասար: Վստահ եմ, որ մենք արժանի ենք դրան: Ես վստահ եմ, որ դա հնարավոր է»:
Ռուսաստանի արժույթն այսօր ընկել է դոլարի նկատմամբ՝ հասնելով ռեկորդային նվազագույն չափի։ Ռուբլին կորցրեց իր արժեքի ավելի քան 30%-ը և մեկ դոլարի դիմաց հասավ 109-ի։ Մինչ այդ ռուբլու փոխարժեքը կարճ ժամանակահատվածում էժանացել էր 40%-ով։ Արդյունքում ռուսական ֆոնդային բորսայում առուվաճառքի մեկնարկը հետաձգվել է։ Անկման պատճառը Ուկրաինա ներխուժմանն ի պատասխան արևմտյան երկրների կողմից սահմանված ջախջախիչ պատժամիջոցներն են։ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Կանադան հայտարարել են, որ կբացառեն ռուսական որոշ բանկերի SWIFT-ից՝ ֆինանսական հաղորդագրությունների համաշխարհային ծառայությունից, և «կաթվածահար կանեն» Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները, «որպեսզի այն չֆինանսավորի Պուտինի պատերազմը», — հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում ռմբակոծության ժամանակ շեփորահարը դուրս է եկել պատշգամբ և կատարել ազգային օրհներգը.
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 13.00-ի դրությամբ։ Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բանակցությունների
Ռուսաստանի հետ բանակցությունների վայր են ժամանել ուղղաթիռներ՝ ուկրաինական պատվիրակության անդամներն արդեն տեղում են։
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակի» լուսանկարը:
Կիևում գիշերը և այժմ իրավիճակը հանգիստ է, սկսել են աշխատել մթերային խանութներն ու տրանսպորտը։ Գիշերը տեղի են ունեցել միայն մի քանի տեղային բախումներ և մարտեր դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ, սակայն այս գիշեր քաղաքն ավելի պատրաստված է եղել պաշտպանության համար, հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանը։ Փողոցներում տեղադրված են հակատանկային ոզնիներ։ Մետրոն չի աշխատում, օգտագործվում է որպես ռումբապաստարան։ Պարետային ժամը դեռևս գործում է։ Քաղաքի կենտրոնում պաստառներ են՝ «Ռուս զինվոր, գնա դժոխք…» մակագրությամբ:
Եվրամիությունում Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը քննարկման առարկա կդառնա, հայտնում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. գործողության սկզբից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1114 օբյեկտ։ Ռուսական ավիացիան օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ողջ տարածքում։ Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները վերցվել են վերահսկողության տակ, Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքը լիովին վերահսկվում է։
«Կրեմլը Վագներ ՊՄԿ խմբից Կիև է դուրս բերել ավելի քան 400 ռուս վարձկանների։ Նրանց հիմնական խնդիրը նախագահ Զելենսկիին սպանելն է», — գրում է The Times-ը։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 12.00-ի դրությամբ։ «Առաջիկա 24 ժամերը կրիտիկական են Ուկրաինայի համար».
Սպասվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետից ոչ հեռու։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեկ ասել է, որ մեծ ակնկալիքներ չունի։ Միջազգային փորձագիտական հանրությունում ենթադրություններ կան, որ հանդիպումը կարող է Պուտինին որոշակի պոտենցիալ տարածք տալ պատերազմը դադարեցնելու համար, քանի որ նրա բանակը չկարողացավ դուրս գալ ծրագրված կայծակնային կրիգից և շարունակում է անհաջողությունների հանդիպել ուկրաինական զորքերի դեմ մարտի դաշտում:
Խարկովում մարտերի երրորդ օրն է։ Գնդակոծվել են օդանավակայանը և բնակելի թաղամասերի, Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը աշխատում է չեզոքացնել ռմբակոծությունները։
Նախօրեին Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել էր, որ նախապատրաստվում է հարձակում Նիկոլաևի և Օդեսայի վրա. կլինի դեսանտի ներխուժման փորձ»։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ առաջիկա 24 ժամը վճռորոշ է Ուկրաինայի համար, հայտնում է Reuters-ը։ Ջոնսոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի պաշտպանական օգնությունը հասնի Ուկրաինա:
Ուկրաինայի գլխավոր շտաբ. չորս օրվա ընթացքում ռուսական բանակը կորցրել է 4500 մարդ։ Ոչնչացված և խոցված ինքնաթիռներ՝ 27 միավոր, ուղղաթիռներ՝ 26 միավոր, տանկեր՝ մոտ 150, 2 անօդաչու թռչող սարք, նավեր։ Ռուսաստանը միայն մեկ հաղորդագրություն է տարածել իր կորուստների մասին։ Փորձագետները հիշեցնում են, որ չեչենական առաջին պատերազմի երկու տարիներին զոհվել է 5000 զինվոր, իսկ Աֆղանստանում մարտերի բոլոր 10 տարիներին՝ 15000 զինվոր:
Ուկրաինայի ՆԳՆ-ն վկայակոչել է քաղաքացիական զոհերի տվյալները. պատերազմի չորս օրերի ընթացքում զոհվել է 352 մարդ, այդ թվում՝ 14 երեխա։
Եվրամիությունն արգելել է ռուսական ինքնաթիռներին վայրէջք և թռիչք կատարել իր տարածքով։ Ռուսական իշխանությունները խոստանում են ռուս զբոսաշրջիկներին դուրս բերել Եվրոպայից Ստամբուլի, Դուբայի և Կահիրեի միջոցով։
Եվրամիությունն արգելել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ կապված ցանկացած գործառնություն։
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի, պաշտպանության նախարար Շոյգուի, վարչապետ Միշուստինի և ներքին գործերի նախարար Կոլոկոլցևի դեմ։ Ավստրալիան աջակցել է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հայտարարությունը SWIFT-ից ռուսական որոշ բանկերի անջատման և Կենտրոնական բանկի ակտիվները սառեցնելու մասին։
Մեծ Բրիտանիան խորհրդարանում այսօր կներկայացնի օրինագիծ՝ ուղղված փողերի լվացման և խարդախության դեմ պայքարին։ Բոլոր օտարերկրացիները, որոնք ունեն սեփականություն Միացյալ Թագավորությունում, պետք է ճանաչվեն իրենց անուններով:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն ասել է, որ իր երկիրը չի դատապարտում Ռուսաստանին ուկրաինական պատերազմի պատճառով, և Մոսկվայի վերաբերյալ որոշումներ և հայտարարություններ ընդունելիս առաջնորդվելու է գործնական նկատառումներով՝ հաշվի առնելով երկու երկրների գործընկերությունը։
Google-ն այլևս թույլ չի տա ռուսական պետական լրատվամիջոցներին գովազդ տեղադրել։ Նախօրեին նմանատիպ որոշում էր կայացրել նրա դուստր ձեռնարկությունը՝ YouTube-ը։
Գերմանական Bild թերթի համարը ռուսերենով ռուսներին ուղղված կոչով է հանդես եկել։ «Ձեր քաղաքների փողոցներում դուք պաշտպանում եք ամբողջ աշխարհի ազատությունը։ Վլադիմիր Պուտինը բազմաթիվ երկրներին սպառնում է միջուկային զենքով։ Նա ապօրինի ներխուժել է Ուկրաինայի ձեր եղբայրական ժողովրդի տարածք։ […] Մենք գիտենք, որ ձեզ սպառնում են ծեծով և ազատազրկմամբ։ Ձեր խիզախությունը անգին է: […] Ռուսաստանի քաղաքացիներն արժանի չեն պատժամիջոցների, աղքատության, տառապանքի։ Դուք պետք է կարողանաք խաղաղ ու երջանիկ ապրել ձեր գեղեցիկ երկրում… ինչպես ուկրաինացիներն իրենց երկրում։ Եղեք խիզախ։ Ցույց տվեք ձեր նախագահին, թե ինչ եք մտածում նրա պատերազմի մասին»:
-
Նախորդ օրերի թարմացվող լուրերը Ուկրաինայից
Փետրվարի 27-ի Ուկրաինայում պատերազմի չորրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 26-ի Ուկրաինայում պատերազմի երրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 25-ի Ուկրաինայում պատերազմի երկրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 24-ի Ուկրաինայում պատերազմի առաջին օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ