«Ռազմական ասպեկտները փակ են»․ Սերգեյ Լավրովն այցելել է Բաքու
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է Բաքու։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Լավրովն Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորան ռազմական ասպեկտները փակ են։
- Ի՞նչ է թաքնված Ռուսաստանի արտգործնախարարի կովկասյան այցի հետևում։ Մեկնաբանություններ Բաքվից և Երևանից
- Վրացի ընդդիմադիր գործիչ Մելիան դուրս է եկել բանտից։ Նրա համար գրավը վճարել է Եվրամիությունը
- Հայաստանի «Սև ոսկին»։ Ինչպե՞ս կարող է պղինձն օգնել երկրի տնտեսությանը
Բաքու ժամանելուց առաջ Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ին Երևանում է եղել, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արա Այվազյանի հետ։
«Հակաադրբեջանական հիսթերիան արդեն անցնում է սահմանները»
Լավրովի հետ հանդիպմանն ունեցած իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ իր երկիրը բարի կամք է դրսևորում հումանիտար խնդիրների հետ կապված հարցերում։
«Պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մենք փոխանցել ենք բոլոր ռազմագերիներին, որոնք մեզ մոտ են գտնվել պատերազմի հետևանքով, և ռազմական գործողությունների ավարտից հետո այս վեց ամսվա ընթացքում խաղաղապահների հետ միասին մենք հայտնաբերել և հայկական կողմին ենք փոխանցել շուրջ 1600 հայ զինծառայողների մարմիններն ազատագրված տարածքներից», — հայտարարել է նա։
«Միաժամանակ ցանկանում եմ նաև իմ դիրքորոշումը հայտնել այն առնչությամբ, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես՝ ադրբեջանատյացության աճող միտումների վերաբերյալ, որոնք, իմ կարծիքով, այսօր միակ գործոնն են, որոնք միավորում են Հայաստանի և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը։ Հակաադրբեջանական հիսթերիան անցնում է բոլոր սահմանները, ընդ որում՝ բացարձակ անհիմն…
Այդ պատճառով էլ այն գործընթացները, որոնք այժմ Հայաստանում տեղի են ունենում, այդ թվում՝ միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածքների մի մասը կրկին օկուպացնելու հնարավորության մասին տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունները, որոնցից ռևանշիզմի հոտ է գալիս, իհարկե, շատ վտանգավոր են, նախևառաջ՝ հայկական կողմի համար։ Քանի որ այն, թե ինչի հանգեցրեց այդ ատելության և ադրբեջանատյացության քաղաքականությունը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ակներև ցուցադրեց», — հավելել է Ադրբեջանի նախագահը։
Լավրով․ «Ռազմական ասպեկտները փակ են»
Իր պատասխան ելույթում Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հակված է կատարել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման արդյունքների համապատասխան։
«Մեր խաղաղապահ կոնտինգենտը խնդիրներ է կատարում, որոնք Դուք համաձայնեցրել եք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության հետ այդ շփումների ժամանակ, և մենք շնորհակալ ենք մեր խաղաղապահների դերի բարձր գնահատականի համար։ Անելու ենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես ընդգծեցիք, բոլորը հաշվի առնեն այն, որ բոլոր ռազմական ասպեկտները փակ են։
Այժմ պետք է զբաղվել մանրամասների իրականացմամբ։ Այնտեղ հարցեր կան, որոնք վերաբերում են սահմանազատմանն ու սահմանագծմանը, ամեն ինչ հեշտ չէ, բայց լուծելի է։ Մեր համոզմամբ՝ ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել փոխադարձ ընդունելի լուծումների շուրջ», — հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն անկեղծորեն շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ․
«Կարծում ենք, որ ժամանակին ձգձգված հակամարտության ելքի տնտեսական հարցերի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ շրջանակներ է ստեղծում»։
Այցի երկրորդ օրը
Մայիսի 11-ին Սերգեյ Լավրովը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին։
Ռուսաստանի արտգործնախարարն այցելել է նաև շահիդների ծառուղի, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 1990 թ-ի հունվարի 20-ին խորհրդային բանակի Բաքու ներխուժելու ժամանակ և Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակին։
Նա ծաղկեպսակներ է դրել նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի գերեզմանին և Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակին նվիրված «Հավերժական կրակ» հուշարձանին։