Պրիգոժինը մահացա՞վ, թե՞ սպանվեց
Պրիգոժինը մահացել է
Ավիավթարի հետևանքով ռուսական «Վագներ» ռազմական խմբավորման տխրահռչակ ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահը պաշտոնապես հաստատվել է։
Օգոստոսի 24-ի ուշ երեկոյան Ռոսավիացիան հրապարակեց Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ վթարված Embraer-135 (EBM-135BJ) ինքնաթիռի ուղևորների ցուցակը.
Անձնակազմը`
Հրամանատար Ալեքսեյ Լևշին,
Երկրորդ օդաչու Ռուստամ Քարիմով,
Բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովա։
Ուղևորներ`
Սերգեյ Պրոպուստին — «Վագներ»-ի զինյալ,
Եվգենի Մակարյան — «Վագներ»-ի զինյալ,
Ալեքսանդր Տոտմին — «Վագներ»-ի զինյալ,
Վալերի Չեկալով,
Դմիտրի Ուտկին — «Վագներ»,
Նիկոլայ Մատուսեև — Պրիգոժինի անվտանգության ծառայության ղեկավար,
Եվգենի Պրիգոժին։
«Baza» պարբերականի փոխանցմամբ՝ նրանց մեծ մասն այրվել է։
«Վագներն ամբողջությամբ գլխատված է»,- գրում են սոցցանցերում
Դմիտրի Ուտկինը, որը մահացել է Պրիգոժինի հետ միասին (լուսանկարում), «Վագներ» մականունն ուներ, հենց նրա պատվին էր անվանակոչվել խումբը։ Ուտկինը Պրիգոժինի «աջ ձեռքն» էր։
Վալերի Չեկալովը մտերիմ էր Պրիգոժինի հետ և պատասխանատու էր անվտանգության ծառայության աշխատանքի համար։
Ինքնաթիռը խոցվել է հակաօդային պաշտպանությա՞մբ, թե՞ օդանավում գտնվող ռումբով
Տեղի բնակիչները միջադեպին ականատես են եղել և նկարահանել ինքնաթիռի կործանման տեսանյութը։
Բոլոր սակավաթիվ ականատեսներն ասում են, որ երկու պայթյուն են լսել։
Դատելով ինքնաթիռի վթարման կադրերից՝ այն ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից։ Եթե ճիշտ է, որ, ինչպես ասում են ականատեսները, ինքնաթիռի մասերը շարունակել են ընկնել այն բանից հետո, երբ ֆյուզելյաժը բախվել է գետնին, փորձագետների կարծիքով դա վկայում է այն մասին, որ ավերածությունները տեղի են ունեցել օդում։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում նման ոչնչացում է առաջացնում պայթյունը՝ կա՛մ օդանավի վրա, կա՛մ հրթիռի խոցման հետևանքով:
Gray Zone վագներյան ալիքը գրում է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության կրակից։ Այս տեղեկատվության հաստատումը չկա։
Շատ ավելի հաճախ հնչող ենթադրություններ կան այն մասին, որ ինքնաթիռում ռումբ է եղել։ Իշխանամետ փորձագետների և ռազմական թղթակիցների էջերը գրում են, որ վերջին պահին օդանավ թանկարժեք գինու արկղի տեսքով ինչ-որ նվեր են բարձել, և այնտեղ կարող էր ռումբ լինել։ Ինքնաթիռը արկղը բեռնելուց առաջ ուշադիր զննվել է, այդ թվում՝ շներով։
- Պուտինին ձերբակալելու որոշում Հաագայի դատարանում. որքանո՞վ է հավանական իրականացումը
- ԵՄ-ն 3 անգամ քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու, քան ռուսական նավթի և գազի վրա
- «Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը կմոտեցնի Ուկրաինայի հաղթանակը»․ կարծիք
Կասկածելի է, որ Պրիգոժինի մահը հաստատել են մի քանի րոպեում
«Верстка» ռուսական պարբերականը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կասկածելի արագությամբ տարածվեցին լուրերն այն մասին, որ ինքնաթիռում եղել է Պրիգոժինը.
«Սովորաբար Ռոսավիացիան դա անում է շատ ավելի երկար: Ավիավթարներից հետո ուղևորների ցուցակները պաշտոնապես հաստատվում են միայն մի քանի ժամ անց։ Սովորաբար երկու-երեք ժամ են սպասում, ամեն ինչ կրկնակի ստուգում են։ Իսկ այս դեպքում տեղեկատվությունը հրապարակվեց մի քանի րոպեում։
Ինքնաթիռի կործանման մասին ԱԻՆ-ի առաջին պաշտոնական հաղորդագրության և ինքնաթիռում Պրիգոժինի գտնվելու հաստատման միջև երեք րոպե է անցել. առաջինը հրապարակվել էր 19։57-ին, իսկ երկրորդը՝ ուղիղ 20։00-ին»,- գրում է «Верстка»-ն։
Ահա թե ինչպիսի տեսք ունի «Վագների» կենտրոնն այժմ Սանկտ Պետերբուրգում։ Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից։
Embraer Legacy 600-ը համարվում է հուսալի և անվտանգ
BBC-ի սյունակագիր Պավել Ակսյոնովը կարծիք է հայտնել Embraer ինքնաթիռի մասին, որը պատկանում էր Պրիգոժինին.
«Ինքնաթիռի պատմության մեջ սարքավորումների խափանման հետևանքով ոչ մի լուրջ պատահար չի գրանցվել: Միակ վթարը տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 29-ին Բրազիլիայում, երբ Legacy-ն օդում բախվել է Boeing 737 ինքնաթիռին:
Ինքնաթիռների թևերը բախվել են միմյանց, ինչի արդյունքում երկուսն էլ խիստ վնասվել են։ Boeing-ը կործանվել է, զոհվել է 154 մարդ։ Legacy-ն, չնայած թևի ծանր վնասմանը, կարողացել է վայրէջք կատարել:
- Ինչո՞ւ է Ռուսաստանը հյուպատոսություն բացում Սյունիքում։ Կարծիքներ
- Մեդվեդևը խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ կազմում ներառելու հնարավորության մասին
Տարբերակ. կարո՞ղ է սա լինել Պրիգոժինի կողմից կազմակերպված խաբեություն
Meduza-ի զրուցակցին, որը մտերիմ է ՌԴ նախագահի վարչակազմի հետ, Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը չի զարմացրել։
Իսկ Կրեմլի աղբյուրը չի բացառել, որ «Վագների» ղեկավարը ողջ է։
«Զգացողություն կար, որ խռովությունից հետո նա վատ ավարտ է ունենալու, նման բաները [Կրեմլում] չեն ներում», — ասել են Meduza-ին: Անանուն աղբյուրը նաև նշել է, որ ձախողված ապստամբությունից հետո «Պուտինը եզրակացություններ է արել և դադարել է Պրիգոժինին վստահելի և կառավարելի մարդ համարել»։
Կրեմլին մոտ կանգնած զրուցակիցը չի բացառել, որ Պրիգոժինը կարող էր ողջ մնալ. «Նա տրոլ է։ Տարբեր կառույցներում իրազեկիչներ ունի»։
Տարբերակ․ Նմանակներ
Ռուսական և միջազգային պարբերականները բազմիցս գրել են, որ Պրիգոժինն ու Ուտկինը «նմանակներ» ունեն։ Այդ մարդիկ պաշտոնապես փոխել են իրենց անձնագրերը և դարձել նրանց անվանակիցը։
Լրատվամիջոցները գրում էին, որ 2023 թվականի հունիսին հենց նմանակն էր մեկնել Լիտվա, երբ իրական Պրիգոժինն արդեն պատժամիջոցների տակ էր։
Պրիգոժինի մեկ այլ անվանակցի մասին հայտնի էր դարձել նրա՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվելուց հետո։
Քանի՞ «նմանակ» են ունեցել «Վագներ»-ի ղեկավարները՝ հայտնի չէ։ 2023 թվականի հունիսի վերջին ապստամբության փորձից հետո Պրիգոժինը հայտարարեց Բելառուս մեկնելու մասին։ Բայց նա գրեթե միաժամանակ հայտնվեց և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ Մոսկվայում, որտեղ, մասնավորապես, հանդիպեց Պուտինի հետ։
The New York Times-ը հուլիսին հրապարակել էր Պենտագոնի այն վարկածը, որի համաձայն՝ Պրիգոժինը օգտագործում է «նմանակներին»՝ իր տեղաշարժը թաքցնելու համար։
Տարօրինակ հանգամանքներում զոհված հրամանատարների ցուցակ կա
«Դժվար է մոռանալ, որ պետական ապարատի համար գոնե ինչ-որ չափով անհարմար դաշտային հրամանատարները, որոնք դավանում էին ոչ թե անձնական հավատարմություն իրենց վերադասին, այլ, այսպես կոչված, «Նովոռոսիայի» գաղափարին, ավարտեցին իրենց կյանքը նախատեսվածից շատ շուտ։ 2014 թվականի անջատողականներից ամենավառ կերպարները մահացել են, բայց նրանք մարտի դաշտում չեն զոհվել»,- ասում է BBC-ի լրագրող Անաստասիա Լոտարևան։
- 2015 թ.-ին շարասյան հետ միասին գնդակահարվեց «ԼԺՀ-ի պաշտպանության նախարար» Ալեքսանդր Բեդնովը, նույն ինքը՝ Բեթմենը,
- Այսպես կոչված «Ուրվական» գումարտակի հրամանատար Ալեքսեյ Մոզգովոյին մեքենայում գնդակահարեցին նույն տարվա մայիսին,
- 2015 թվականի դեկտեմբերին պայթեցվեց նրա գործընկեր Պավել Դրեմովը,
- 2016 թ․-ին պայթեցրին Motorola-յին,
- 2017 թվականի սկզբին դաշտային հրամանատարին՝ «Գիվի» մականունով։ Վերջին երկուսը Դոնբասի անջատողականության հայտնի դեմքեր էին։
- 2018 թվականի օգոստոսի 31-ին Դոնեցկի սրճարաններից մեկում պայթեցրին «ԴԺՀ»-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյին։
«Այդ դեպքերից ոչ մեկն ամբողջությամբ չի հետաքննվել, և կան տարբեր վարկածներ՝ սկսած ուկրաինացի զինվորականների գործողություններից մինչև վագներականների ձեռքով սպանություններ»,- ասում է Լոտարևան։
Միխայիլ Պոդոլյակ. «Սա Պուտինի ազդանշանն է»
«Ակնհայտ է, որ Պրիգոժինը ստորագրել է իր իսկ մահվան դատավճիռը այն պահին, երբ հավատացել է Լուկաշենկոյի տարօրինակ «երաշխիքներին» և Պուտինի՝ նույնքան անհեթեթ «ազնիվ խոսքին»։
Հեղաշրջման փորձից երկու ամիս անց Պրիգոժինի և Վագների թիմի ցուցադրական վերացումն ասպարեզից 2024 թվականի ընտրություններից առաջ Պուտինի ազդանշանն է ռուսական վերնախավին․ «Զգուշացե՛ք, անհավատարմությունը հավասար է մահվան»: Բայց սա նաև ազդանշան է ռուս զինվորականներին՝ «հատուկ ռազմական գործողության հերոսներ» չեն լինելու։ Եթե դա ուկրաինական տրիբունալ չէ, ապա կլինի ԱԴԾ փամփուշտ»,- սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Բայդեն. «Ռուսաստանում քիչ բան է կատարվում, որի հետևում Պուտինը չէ»
«ՌԴ-ում քիչ բան է կատարվում, որի հետևում Պուտինը չէ», — Reuters-ը մեջբերում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին արձագանքը Եվգենի Պրիգոժինի հնարավոր մահվան մասին լուրերին:
Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնի խոսքով՝ «Վագներ»-ի ղեկավարի հնարավոր մահը ոչ ոքի չի զարմացնի՝ հաշվի առնելով ապստամբության վերջին փորձը։