«Պուտինի պլանը» Ղարաբաղի համար
Երկու կարևոր փաստ են այսօր որոշում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ արտաքին քաղաքական իրավիճակը, և, ինչպես Երևանում և Ստեփանակերտում շատերը կարծում են, երկուսն էլ ձեռնտու չեն և նույնիսկ վտանգավոր են հայկական կողմի համար:
Վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, որ «ստատուս-քվոն նման ձևով հնարավոր չէ պահպանել», «որքան երկար է տևում հակամարտությունն, այնքան շատ է մեծանում ռազմական գործողությունների էսկալացիայի վտանգը»:
Միաժամանակ տեղեկատվություն հայտնվեց «Պուտինի պլանի» գոյության մասին, որն իբր առաջարկվել է հայկական կողմին Սանկտ-Պետերբուրգի հանդիպման կուլուարներում: Այդ մասին գրում էր հայկական ուսումնասիրությունների «Անի» հիմնադրամի համակարգող Թաթուլ Հակոբյանը: Եթե ընդունենք Հակոբյանի տարբերակը, այդ ամենը հիշեցնում է դեռևս 1997թ-ին Ռուսաստանի այն ժամանակվա արտգործնախարար Եվգենի Պրիմակովի առաջարկած բանաձևը:
Խոսքը գնում էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ֆորմալ կմնա Ադրբեջանի կազմում, սակայն գործնականում ամբողջությամբ անկախ կլինի նրանից: Այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» աղմկահարույց հոդվածը, որում խոսում էր այդ պլանն ընդունելու հնարավորության մասին: Սակայն այդ գաղափարը արժանացավ նրա անմիջական աջակիցների խիստ քննադատությանը (այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանի), ինչն էլ վերջին հաշվով հանգեցրեց Տեր-Պետրոսյանի հրաժարականին:
Իսկ այժմ, կարծես թե, նման մի բան առաջարկվում է որպես «Պուտինի պլան», իսկ ավելի ստույգ.
- ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս է գալիս ԼՂ 1988թ-ի իր սահմանների հարակից 5 շրջաններից:
- Դրա դիմաց Լեռնային Ղարաբաղը ստանում է «միջանկյալ կայուն կարգավիճակ», որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի կազմ, սակայն չի էլ նշանակում տեսանելի ապագայում անկախության ձեռքբերում:
- Հայաստանն ու Ղարաբաղը պահպանում են «միջանցք» անարգել ցամաքային հաղորդակցման համար:
- Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն հետաձվում է անորոշ ժամանակով:
«Պուտինի պլանն» առաջարկում է ԼՂՀ փաստացի անկախություն և անվտանգություն, սակայն հարցի իրավաբանական լուծումը հետաձգում է շատ հեռավոր ապագա: Դա Ադրբեջանի համար հնարավոր տարբերակ է, քանի որ այդ երկրի սահմանադրությունը չի խոչընդոտում Ղարաբաղի ցանկացած կարգավիճակում գոյությանը, որը զուտ ֆորմալ այն թողնում է Ադրբեջանի կազմում:
Նման պլանի գոյության անուղղակի հավանականությունը հաստատում են վերջերս նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները.
«Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա… Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա ապագայի հարց է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրամադրվել: Եվրոպայում, այլ երկրներում առաջադեմ փորձ ու տարբեր կարգավիճակներ կան: Սակայն դա չպետք է խախտի մեր պետության տարածքային ամբողջականությունը»:
Եվ նման պլանի գոյությունը զգալիորեն (չնայած նույնպես անուղղակիորեն) հաստատում է նոր թափ ստացած ռուս-թուրքական բուռն հաշտեցումն ու համագործակցության բոլոր տարրերի արագ վերականգնումը՝ զբոսաշրջությունից մինչև ռազմական փոխհարաբերություններ:
Եթե այդ պլանը գործարկվի, հնարավոր է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանի աստիճանաբար բացում, հիշեցնեմ, հայ-թուրքական սահմանը վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից: Հնարավոր է նաև հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերականգնում:
Մոսկվային ձեռնտու կլիներ տարածաշրջանում սահմանների բացումն ու Հայաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը նաև համակարգում է հայկական երկաթուղին: Վերահսկելով ճանապարհն ու սահմանները, Մոսկվան կարող է թելադրել տարածաշրջանային տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի նոր պայմաններ:
Եվ ընդհանուր առմամբ տարածաշրջանային (կամ դրա զգալի մասի) տարանցիկ երկրի վերափոխումը Վրաստանից դեպի Հայաստան զգալի կերպով կուժեղացնի Մոսկվայի տնտեսական և քաղաքական դիրքերը Հարավային Կովկասում:
Նման գործընթացի արդյունք կարող է դառնալ Ադրբեջանի մերձեցումը Եվրասիական տնտեսական միության հետ, ինչին Մոսկվան վաղուց անթաքույց ձգտում է:
Այլ արդյունք կլինի Վրաստանի համար: Այն տնտեսական խնդիրները, որոնք տարանցման կրճատմանը զուգընթաց կառաջանան Վրաստանում, հավանաբար ժամանակի ընթացքում կազդեն նրա արտաքին քաղաքական ուղղու վրա՝ վերափոխելով ՆԱՏՕ-ի կազմ մտնելու երկրի պլանները:
Նման գործընթացները ձեռնտու են ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Թուրքիային: Երկիրն ուղիղ երկաթուղային հաղորդակցություն չունի Ռուսաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, սակայն նման հնարավորություն կհայտնվի Գյումրիում սահմանային անցակետի աշխատանքի վերականգնման դեպքում:
Այդ նախագծի իրականացման դեպքում իրադարձությունների նոր դասավորության երաշխիք կդառնան միջազգային խաղաղապահ ուժերը: Շատ հավանական է, որ դրա մանդատը տրվի ԵԱՀԿ-ին կամ ՀԱՊԿ-ին, որտեղ Ռուսաստանն առաջատար դեր ունի:
Այսպիսին են «Պուտինի պլանի» հնարավոր տրամաբանական հետևանքները տեսականում: Սակայն բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես դա կարող է կիրառվել գործնականում:
Առաջին հերթին, ապրիլի սկզբի քառօրյա պատերազմից հետո «հայկական աշխարհում» (Հայաստան-ԼՂՀ-սփյուռք) զգալի կոնսոլիդացիա տեղի ունեցավ: Հայ զինվորների արյամբ պահված հողերի վերադարձի մասին այժմ ընդհանրապես ոչ մի խոսք գնալ չի կարող: Ընդհակառակը, շփման գծում լարվածության թուլացումը ոմանց կողմից դիտարկվում է որպես նոր պատերազմին նախորդող կարճ դադար: Ճիշտ է, միաժամանակ Երևանում չեն քննարկում, թե ինչ կարող է հայկական կողմը հակադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների և Ռուսաստանի հնարավոր ճնշմանը:
Երկրորդ հերթին, բոլորովին անհայտ է, թե ինչպես Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությունը, եթե նույնսիկ համաձայնեն առաջարկվող պլանին, կկարողանան համոզել հասարակությանն ընդունել այն: Այստեղ հասարակությունն ու իշխանությունները տարբեր իրականություններում են ապրում և նույնիսկ չեն թաքցնում, որ իրենց միջև խորը անվստահություն կա:
Այդ համատեքստում տրամաբանորեն հասկանալի է դառնում վերջերս Երևանում ղարաբաղյան պատերազմի մասնակից, հայտնի ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, ում մեղադրում են պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ: Այս օրերին գործի քննության շրջանակում, ըստ որոշ տվյալների, խուզարկություններ են անցկացվել ղարաբաղյան շարժման այլ մասնակիցների տներում:
Չի բացառվում, որ այդ միջոցառումները կանխարգելիչ բնույթ են կրում: Սակայն բացառված չէ նաև, որ հասարակության որոշ ներկայացուցիչներ պատրաստ են ցանկացած գնով խանգարել ղարաբաղյան հարցի նման լուծմանը, որն, ըստ նրանց պատկերացումների, բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար:
JAMnews-ի դոսյե
2016թ-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ էսկալացիան, որը երկու կողմերից էլ բազմաթիվ զոհերի բերեց, միջնորդների ակնհայտ ակտիվացման առիթ դարձավ: Երկու ամսում՝ մայիսին և հունիսին, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ ՄԽ և Ռուսաստանի ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ երկու գագաթնաժողով անցկացվեց: Այժմ երրորդ նման հանդիպումն է նախապատրաստվում, որն, ըստ որոշ տվյալների, կկայանա Փարիզում: Խոսվում է նաև մեկ այլ վարկածի մասին, որ դրանից հետո ևս մեկ գագաթնաժողով կանցկացվի սեպտեմբերին ԱՄՆ-ում: