Պուտինը հեղաշրջում է անում, որ ընդմիշտ իշխանությունը պահպանի․ ինչո՞ւ են այսպես կարծում փորձագետները
Ռուսաստանում փաստացիորեն սահմանադրական հեղաշրջում է տեղի ունեցել, որի նախաձեռնողը երկրի ամենակարող ղեկավար Վլադիմիր Պուտինն է։
Մոտավորապես այսպես է վերջին իրադարձությունները մեկնաբանում ռուս և միջազգային փորձագետների մեծ մասը։
Ամեն ինչ տեղի ունեցավ մեկ օրում։ 2020 թ-ի հունվարի 15-ին նախագահ Պուտինը սահմանադրական բարեփոխման մասին է հայտարարել, և դրանից երեք ժամ անց արդեն ողջ կառավարությունն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաժարական են տվել։
Հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, Ռուսաստանում նոր վարչապետ է հայտնվել՝ Միխայիլ Միշուստինը, դաշնային հարկային ծառայության 53-ամյա ղեկավարը։
Ի՞նչ է այս ամենը նշանակում, և ո՞վ է Միշուստինը։ Գլխավոր հարցերի պատասխանները։
2024-ի խնդիրը, երբ Պուտինը պետք է հեռանա նախագահի պաշտոնից
Վլադիմիր Պուտինի գլխավոր խնդիրը 2024 թ-ից հետո իշխանության պահպանումն է, երբ պետք է Ռուսաստանում տեղի ունենան նոր նախագահական ընտրություններ, և Պուտինն արդեն ոչ մի կերպ չի կարող դրանց մասնակցել։
«Սահմանադրական բարեփոխումներն իշխանության ամրապնդման՝ ցեմենտման համար են կատարվում։ Մենք սկսում են այլ իրականությունում ապրել։ Սա Ռուսաստանի համար կարևորագույն պատմական պահ է», — կարծում է ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության տեսաբան Միխայիլ Ֆիշմանը։
Շատ փորձագետներ Ռուսաստանում և Արևմուտքում կարծում են, որ կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումն ու խորհրդարանի դերի ուժեղացման մասին հայտարարությունները քիչ բան են նշանակում, և այդ ամենը կարելի է համարել փոփոխությունների իմիտացիա։
Գլխավորն, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանում․ Պուտինը որոշել է մնալ առհավետ և դա ամրապնդելու է սահմանադրության փոփոխմամբ։
•ՊԱԿ-ն ու Վլադիմիր Պուտինը․ 20-ամյա երկարությամբ ճանապարհ
Սահմանադրական ի՞նչ փոփոխությունների մասին է հայտարարել Պուտինը
Այն, որ Պուտինը հաղորդել է մոտալուտ բարեփոխումների մասին, դեռևս բավականին մշուշոտ և խճճված է թվում, և քաղաքական գործիչները դժվարանում են գնահատել, թե հստակ ինչ և ինչու է փոխվելու։
Տարակուսանք է առաջացրել նաև աշխատանքային խմբի տարօրինակ կազմը, որը պետք է նախապատրաստի սահմանադրական փոփոխությունները։ 75 մարդուց միայն 11-ն է իրավաբան, մնացածները մարզիկներ, երաժիշտներ, գրողներ և կազակների շարժման առաջնորդներ են։
Այս բարեփոխման վերաբերյալ քվեարկությունը կարող է կայանալ արդեն 2020 թ-ի գարնանը։
Փորձագետները կարևորում են հետևյալ երկու լրացումները․
• Փոխել նախագահի պաշտոնավարման ժամկետների քանակի սահմանափակումը
Դեռևս հայտարարվել է, որ սահմանադրության տեքստից բացառվելու է մեկ կարևոր բառ՝ «անընդմեջ», հետևյալ նախադասությունում․ «Միևնույն անձը չի կարող նախագահի պաշտոնում վերընտրվել անընդմեջ երկու ժամկետ»։
Այդ խոսքի պատճառով Պուտինը, նախագահի պաշտոնում 10 տարի (երկու ժամկետ) անցկացնելով, չորս տարով դադար տվեց, աթոռը փոխանցելով իր վստահված անձ Դմիտրի Մեդվեդևին, և Կրեմլ վերադարձավ 2012 թ-ին ևս երկու ժամկետով՝ 12 տարով։
Տեսականորեն, այժմ՝ նոր սահմանադրության ընդունումից և «անընդմեջ» բառի չեղարկումից հետո, Պուտինը կարող է կրկին նախագահ դառնալ և ևս 12 տարի պաշտոնավարել։
Սակայն, ինչպես նշում են փորձագետները, նրան ոչինչ չի խանգարում ընդհանրապես հանել նախագահության երկու ժամկետների մասին հոդվածը։ Այդպես ավելի հեշտ կլինի։
• Վարչապետի, փոխվարչապետների և նախարարների հաստատման նոր կանոններ
Ըստ նոր սխեմայի՝ նախագահը Պետդումային է ներկայացնելու վարչապետի թեկնածություն, և այստեղ առանձնահատուկ նորարարություններ չկան։ Սակայն վարչապետը չի կարող ինքնուրույն ձևավորել կառավարություն․ այժմ դուման է հաստատելու նախարարներին և փոխվարչապետներին։
Ռուսաստանցի քաղտեխնոլոգ Աբաս Գալյամովն այդ պահը նոր սխեմայի ամենակարևոր կետն է համարում։ Դա, ասում է նա, կարող է նշանակել, որ Պուտինն իրեն ապագայում տեսնում է Պետդումայի խոսնակ․
«Սխեման կարող է հետևյալը լինել․ նա նշանակում է նախագահի հնազանդ թեկնածուի, ինքը դառնում է խոսնակ, վարչապետն իր հետ է համաձայնեցվելու, իսկ նախարարներին ամբողջությամբ ինքն է նշանակելու»։
Ո՞վ է Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը
Անտաղանդ հանրային քաղաքական գործիչ Դմիտրի Մեդվեդևին փոխարինում է ընդունակ կազմակերպիչ և բանիմաց մենեջեր Միխայիլ Միշուստինը․ մոտավորապես այսպես է մեկնաբանում փոփոխությունները Ռուսաստանում փորձագետների մեծ մասը։
Միաժամանակ, արդեն հրապարակվել են լրագրողական հետաքննություններ, որոնք ասում են, որ Միշուստինը շատ հարուստ մարդ է անգամ ռուսաստանյան բարձր պաշտոնյաների չափանիշներով։
Ի՞նչ է հայտնի ՌԴ նոր վարչապետի մասին։
•Ռուսատսանի հարկային ծառայության պետի պաշտոնում անցկացրած 10 տարում Միխայիլ Միշուստինը կազմակերպել է մեծ մուտքեր բյուջե։ Ռուսական «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում նա ինքը տպավորիչ թվեր է նշել․ հինգ տարում Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 1,2%-ով, իսկ հարկային եկամուտները՝ գրեթե 70%-ով (առանց 39,6% արժեզրկման)։
•Միշուստինը նաև զգալիորեն պարզեցրել և առցանց հարթակ է տեղափոխել բոլոր հարկային վճարումներն ու ստեղծել երկրում գործարար ցանկացած ակտիվության վերահսկման գործուն համակարգ։
•Հարկային ծառայությունը դարձել է Ռուսաստանի ամենաթվայնացված կառույցը։ Դա կապում են այն բանի հետ, որ Միշուստինի առաջին մեծ գործը 1990-ական թվականներին Միջազգային համակարգչային ակումբի ստեղծումն է եղել, որն առաջինն է Ռուսաստանում սկսել ներդնել արևմտյան տեխնոլոգիաները։ Փաստացի հենց ակումբն է ռուսական շուկա բերել Intel-ին, IBM-ին, Motorola-ին, Hewlett-Packard-ին, իսկ հետո՝ Apple-ին և մյուսներին։
•Միշուստինին նաև լուրջ գիտնական են համարում։ 2010 թվականին նա դոկտորական է պաշտպանել հարկային գիտության ոլորտում, նրա գիտական աշխատանքները մինչև հիմա ոչ ոք կասկածի տակ չի դրել։
•Բացի այդ, Միշուստինը մասնակցում է նախագահ Պուտինի սիրած զվարճանքին․ նրանք հոկեյ են խաղում միևնույն թիմի կազմում։
Նոր վարչապետի հարստության մասին
•«Բաց մեդիա» պարբերականը հաղորդում է, որ նրա ընտանիքը Ռուբլյովյսկոյե-Ուսպենսկոյե էլիտար մայրուղում հինգ բնակելի տներով 2,6 հեկտար հող ունի։ Վարչապետի հայտարարագրում այդ ամենը գրանցված չէ։ Ողջ անշարժ գույքն արժե մոտ $25 մլն։
•Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (գլխավոր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու պարբերականը) գրում է, որ կառավարության նոր ղեկավարի տիկին Վլադլենա Միշուստինան վերջին 9 տարում գրեթե 800 մլն ռուբլի [մոտ $10 մլն] է վաստակել՝ հարկային հայտարարագրերի համաձայն։
2016 թ-ին Forbes-ը Միշուստինի տիկնոջը նույնսիկ ներառել էր պաշտոնյաների ամենահարուստ տիկնանց ցուցակում։ Սակայն նրա անունով ոչ մի ընկերություն գրանցված չէ։
•«Ազատություն ռադիոկայանը» պատմել է Ռուսաստանի նոր վարչապետի հարազատների վարած շքեղ կենսակերպի մասին․ նրանք ճամփորդում են անձնական ինքնաթիռներով, հանգստանում Եվրոպայի լավագույն հանգստավայրերում, նրանց երեխաները սովորում են Շվեյցարիայի թանկարժեք դպրոցներում։
•Սակայն «Վեդոմոստի» թերթը հայտնաբերել է նաև, որ Միշուստինը գրել է ռուսաստանյան հայտնի կատարող Գրիգորի Լեպսի երկու երգերի երաժշտությունը՝ «Մոխիր» և «Իսկական կին»։
Եթե միջանյալ արդյունքներն ամփոփենք
Միշուստինը վարչապետի պաշտոնին է նշանակվել, նախևառաջ, նրա համար, որ կարողանա իրականացնել Պուտինի հավակնոտ «ազգային նախագծերը» և բարձրացնի Ռուսաստանում զգալիորեն անկում ապրած կենսամակարդակը։
Այդ սոցիալական ծրագրերի և աշխատավարձերի բարձրացման հարցում Դմիտրի Մեդվեդևի ձախողել է, ըստ փորձագետներից շատերի, հենց դա է դարձել նրա պաշտոնանկության գլխավոր պատճառը։
Միաժամանակ Միշուստինը Պուտինին պետք է, որ վերահսկի «պուտինյան էլիտայի» ներսում իրար հետ թշնամացած խմբերին, կարծում են վերլուծաբանները։
«Ամենաշատը Կրեմլին անհանգստացնում են ոչ թե բնակչության հետ հարաբերություններն, այլ իր մերձավոր շրջապատում կարգուկանոնի հաստատումը։ Նա, ով գալիս է հարկային ոստիկանությունից, գիտի, թե ով ինչ է թաքցնում, հավանաբար, նա Պուտինի համար այդ առումով բավականին օգտակար մարդ է», — կարծում է Լոնդոնի թագավորական քոլեջի Ռուսական ինստիտուտի տնօրեն Սեմ Գրինը։
«Պուտինին իր սեփական Պուտինն է անհրաժեշտ», — ամփոփում է ռուսական իրողությունների գիտակ, պրոֆեսոր Մարկ Գալեոտին։